Բյուջետային աջակցության ծրագրի ներքո Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի
2024թ. հունիսի 26-ին ՀՀ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիրը՝ Հայաստանին քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով: Այս մասին կառավարության նիստի ժամանակ, խոսելով ՀՀ-ի և ֆրանսիական զարգացման գործակալության միջև վարկային համաձայնագիր վավերացնելու մասին, ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Ծրագիրը կազմված է երեք բաղադրիչից՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի, փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում»,- ասաց նախարարը:
Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրը նախատեսում է բարեփոխումներ նշված ոլորտներում՝ հարկաբյուջետային պլանավորում, թափանցիկություն, ռիսկերի կառավարում, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացում, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումներ, պետական գնումների համակարգի արդիականացում, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացում ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնում, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավում, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացում, կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:
«Բյուջետային միջոցների ստացման համար նշյալ ուղղությունների ներքո նախապայմանների ձևով սահմանվել են երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության կոնկրետ գործողություններ, որոնք արդեն ապահովված են»,- ասաց Վահե Հովհաննիսյանը: