Ճապոնիայի վարչապետը հզոր երկրաշարժի վտшնգի պատճառով չեղարկել է այսօրվա այցը Կենտրոնական Ասիա
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չեղարկել է ուրբաթ Կենտրոնական Ասիա այցը. պատճառն աննախադեպ նախազգուշացումն է առ այն, որ Խաղաղ օվկիանոսի ափամերձ գոտում խոշոր երկրաշարժի վտանգը սովորականից բարձր է: Այս մասին գրում է Reuters-ը:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հինգշաբթի հրապարակել է իր առաջին նախազգուշացումը երկրի Խաղաղ օվկիանոսի ափին հզոր երկրաշարժի վտանգի մասին. դրան նախորդել էր 7,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը հարավ-արևմտյան Կյուսյու կղզում:
«Ես որոշել եմ մոտակա շաբաթ մնալ երկրում՝ համոզվելու համար, որ մեր նախապատրաստություններն ու հաղորդակցությունները կարգին են: Կարծում եմ՝ մարդիկ անհանգստանալու են դրա համար: Հետևաբար, ես որոշել եմ չեղարկել իմ ծրագրած այցը Կենտրոնական Ասիա և Մոնղոլիա», - ասել էր Կիսիդան մամուլի ասուլիսում:
Այցը Ղազախստան, Ուզբեկստան և Մոնղոլիա ի սկզբանե նախատեսված էր ուրբաթից երկուշաբթի:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության խորհրդատվական ծառայությունը նախազգուշացրել է Նանկայի իջվածքում Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով հզոր երկրաշարժի հավանականության մասին. այս հատվածում նախորդ երկրաշարժերն ահռելի ցունամիներ են առաջացրել: Դա չի նշանակում, որ երկրաշարժ անպայման տեղի կունենա, բայց իշխանությունները խրախուսում են մարդկանց պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում տարհանման:
Ճապոնիայի ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ 8 կամ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի հավանականությունը, որ տեղի կունենա մոտակա 30 տարում, կազմում է 70%-ից 80%: