World News

Փեզեշքիանն առաջարկել է հարվածել Ադրբեջանում Իսրայելի հետ կապված օբյեկտներին. The Telegraph

Իրանի նորընտիր նախագահը պայքարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ՝ փորձելով կանխել համակողմանի պատերազմն Իսրայելի հետ, գրում է The Telegraph-ը:

Բրիտանական պարբերականի պնդմամբ՝ Իրանի իշխանությունները տարաձայնություններ ունեն հուլիսի 31-ին Իրանի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության առնչությամբ Իսրայելին պատասխանելու հարցում:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր գեներալները պնդում են ուղիղ հարվածներ հասցնել Թել Ավիվին և իսրայելական այլ քաղաքներին՝ կենտրոնանալով ռազմական բազաների վրա՝ քաղաքացիական անձանց զոհերից խուսափելու համար:

Սակայն Մասուդ Փեզեշքիանը, որը բարեփոխիչների թևի ներկայացուցիչ է և նախագահական ընտրություններում հաղթել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թեկնածուին, առաջարկել է թիրախավորել իսրայելական գաղտնի բազաները Իրանի հարևան երկրներում, նշում է The Telegraph-ը՝ հավելելով, որ Իրանն ավելի վաղ թիրախավորել էր Իրաքյան Քրդստանում գտնվող Մոսադի՝ Իսրայելի հետախուզական գործակալության «լրտեսական բազաները»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փորձում է այնպես անել, որ Փեզեշքիանը համաձայնի Իսրայելի դեմ ավելի ագրեսիվ հաշվեհարդար տեսնելուն, The Telegraph-ին ասել են նախագահի օգնականները:

Թե ինչպես Իրանը կարձագանքի Իսրայելին, վերջնական որոշումը կայացնելու է այաթոլլա Ալի Խամենեին՝ գերագույն առաջնորդը:

«Պարոն Փեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է նախագահի մերձավոր օգնականը:

«Նա առաջարկել է թիրախավորել Իսրայելի հետ կապված ինչ-որ օբյեկտ Ադրբեջանի Հանրապետությունում կամ Իրաքյան Քրդստանում, և այդ երկրներին նախապես տեղյակ պահել ու ավարտին հասցնել ամբողջ դրաման», - ասել է մյուս օգնականը:

Читайте на 123ru.net