World News

ՌԴ մտահոգությունները հասկանալի են․ եթե արտատարածքային միջանցք չլինի, նրանց մասնակցությունը կողմնակի կլինի. քաղաքագետը՝ Լավրովի հայտարարության մասին

Այն մեկնաբանությունը, որը տալիս են նոյեմբերի իննի փաստաթղթի 9-րդ կետի վերաբերյալ Ռուսաստանում, Հայաստանը չի ընդունում, և այնպես չէ, որ ռուսական կամ ադրբեջանական մոտեցումը ճիշտ է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնագիրը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը մեկնաբանում են, որ ճանապարհի վերահսկողությունը պետք է լինի ՌԴ կողմից, սակայն փաստաթղթում նշված է, որ ճանապարհը պետք է անխափան աշխատի, և Հայաստանը պետք է ապահովի դրա անխափան աշխատանքը, ինչը պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից:

«Հայաստանը հենց այդպես է մեկնաբանում՝ ճանապարհի՝ Հայաստանի կողմից անխափան ապահովումը պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից, այլ ոչ թե ճանապարհը պետք է վերահսկվի: Հայաստանի այս դիրքորոշումը ճիշտ է և համապատասխանում է նրան, ինչ գրված է փաստաթղթում: Սա ընդունելի չէ և չի բխում ՌԴ կամ Ադրբեջանի շահերից»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է Լավրովի կողմից նման հայտարարություն արվում հիմա, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ այցելեց Ադրբեջան, նա ասաց, որ հիմա են տեղի ունենում որոշակի զարգացումներ տարածաշրջանում:

«Շոյգուն այցելեց Իրան և Ադրբեջան, սպասվում է Իրանի և Իսրայելի միջև բախում, որտեղ Ադրբեջանը որոշակի դերակատարում է ունենալու: Ռուսաստանն անհանգստանում է, որ դուրս է մնում որոշ գործընթացներից տարածաշրջանում և ցանկանում է Ադրբեջանին հիշեցնել՝ ոչ առանց իրենց օգնության հասավ հաջողությունների 2020-2023 թթ․: Այս առումով, հավանաբար, Ադրբեջանն էլ իր կողմից ներկայացնում է՝ չունի լծակներ Հայաստանին ստիպելու, որ այդ ճանապարհն իրականություն դառնա, ուստի Ռուսաստանն իր խոսքն ասում է ԱԳ նախարարի միջոցով»,- նշեց քաղաքագետը:

Հարցին՝ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ կոմունիկացիաների հարցը չի ներառվելու խաղաղության պայմանագրի մեջ, ՀՀ ԱԳՆ-ն էլ հաստատեց, որ նման համաձայնություն կա, հիմա այս հայտարարությունը, Պուտինի այցը Ադրբեջան որքանո՞վ են փոխկապակցված, Ղևոնդյանն ընդգծեց՝ թե՛ այցի ժամանակ, թե՛ հայտարարության տրամաբանության մեջ երևում է, որ Ադրբեջանի մոտեցումը անհանգստություն է առաջացրել Մոսկվայում:

«Ինչպես ասացի՝ ՌԴ-ին շատ պետք է այդ ճանապարհը և շատ պետք է, որ այդ ճանապարհը լինի արտատարածքային, որպեսզի Ռուսաստանը հնարավորություն ունենա այդտեղ վերահսկել ոչ միայն, այսպես կոչված, միջին միջանցքը և Ադրբեջանից դեպի Թուրքիա ճանապարհները, այլ նաև հնարավորություն ունենա վերահսկել հյուսիս-հարավ ճանապարհը, որը կարող է անցնել այստեղով և խաչմերուկ ձևավորել: Ռուսաստանի մտահոգություններն այս պահին հասկանալի են․ եթե արտատարածքային միջանցքն իրականություն չի դառնում և ռուսական վերահսկողություն այնտեղ չի լինում, ապա երկու ուղղությունների հարցում էլ Ռուսաստանի մասնակցությունը միայն կողմնակի է լինում, ինչը 2020-ից հետո չէր մտնում Ռուսաստանի ծրագրերի մեջ»,- շեշտեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է վերահաստատի իր դիրքորոշումը նոյեմբերի իննի փաստաթղթի 9-րդ կետի հետ կապված՝ նշելով, որ եթե նույնիսկ առաջին ութ կետերը կատարված չեն, իններորդ կետի վերաբերյալ Հայաստանը խնդիրներ չունի, պատրաստ է իններորդ կետի տրամաբանության մեջ իրականություն դարձնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից ներկայացված 4 սկզբունքները: Նա ընդգծեց, որ այդպես ճանապարհը լինելու է Հայաստանի վերահսկողության տակ:

Նշենք, որ 2020 թվականի Նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության իններորդ կետում նշված է՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը:

Читайте на 123ru.net