World News

7-րդ դարի հայկական էլիտան պատմության թատերաբեմ իջած Արաբական Խալիֆայության և իսլամի հետ հարաբերվելու արդյունավետ մոդել ուներ. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)

Միջնադարը, լինելով հայոց պատմության համար շատ բարդ ժամանակաշրջան, միաժամանակ նաև նոր մարտահրավերների ու նոր քաղաքակրթությունների հետ շփման շրջան էր: 7-րդ դարում մի կողմից Բյուզանդական կայսրության, մյուս կողմից՝ Սասանյան Իրանի հետ հարաբերվող Հայաստանն ու հայերը առաջին անգամ բախվեցին տարածաշրջանում վերելք ապրող նոր քաղաքակրթական, կրոնական և աշխարհաքաղաքական գործոնին՝ Արաբական Խալիֆայությանն ու իսլամին: Ժամանակի գերտերությունները՝ Բյուզանդիան և Սասանյան Իրանը, թերագնահատելով նոր ուժի նվաճողական պոտենցյալը՝ ծանրագույն կորուստներ ունեցան արաբների և իսլամի հետ առաջին իսկ հարաբերություններում, և 7-րդ դարում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը սպառնալիք դարձավ նաև հայերի ու հայ քրիստոնեության գոյության համար:

Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ 7-րդ դարում քաղաքակրթական նոր միջավայրի հետ բախումը հայկական քաղաքական և հոգևոր վերնախավին ստիպում էր գործել խիստ հաշվարկված ու համակողմանիորեն կշռադատված քայլերի հաջորդականությամբ, քանզի մեծ էր վտանգը, որ հայկական համակարգին կարող է սպառնալ այն նույն ճակատագիրը, ինչին զոհ գնաց իրանական զրադաշտական համակարգը: Հասկանալով, որ Բյուզանդիան դավանաբանական հարցերում զիջումների չի գնալու և շարունակելու է Հայաստանը կլանելու, հայերին ուծացնելու փորձերը՝ Հայաստանի երկու մասերը միավորած Թեոդորոս Ռշտունին գնաց արաբների հետ պայմանավորվելու ճանապարհով և 652թ.-ին Ասորիքի տիրակալ Մուավիայի հետ կնքեց համաձայնագիր, որով Հայաստանը պահպանում էր ինքնուրույնությունը, միաժամանակ վերանում էր ազգային-կրոնական ինքնությանը վերահաս սպառնալիքը: Դամասկոսի համաձայնագիրն ուշագրավ է նաև նրանով, որ համարվում է պատմության մեջ քրիստոնյա և մուսուլման առաջնորդների կնքված առաջին միջազգային պայմանագիրը:

Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ հայկական էլիտան 7-րդ դարում Արևելքից եկող «փոթորիկի»՝ իսլամադավան արաբների հետ հարաբերվելու արդյունավետ մոդել էր գտել: Ըստ արաբների հետ ունեցաղ պայմանավորվածությունների՝ Հայաստանը հարկային արտոնություններ էր ստացել, պահպանել էր սեփական զինված ուժերը, նաև կարողացել էր հասնել նրան, որ Արաբական Խալիֆայությունը պարտավորվել էր արտաքին ներխուժման վտանգի պարագայում զինված աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Այս հանգամանքը հատկապես կարևոր էր պարբերաբար հյուսիսից դեպի Հայաստան արշավողներից երկիրն ապահովագրվելու համար:

Դեպի Հայաստան արաբական արշավանքների և իսլամի հետ առաջին շփումների պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Читайте на 123ru.net