Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քրեադատավարական նոր ինստիտուտ կիրառեց՝ հանդես եկավ ինքնապաշտպանական ճառով
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով հերթական դատական նիստն էր:
Նիստի ընթացքում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քրեադատավարական նոր ինստիտուտ կիրառեց․ ինքնապաշտպանական ճառով հանդես եկավ: Նա բավական երկար խոսք ունեցավ և հիմնականում մեղադրեց պաշտպանական կողմին դատական նիստերը հետաձգելու համար և բերեց օրինակներ:
«Ընդհանուր առմամբ Դատարանի կողմից նշանակված է եղել 132 դատական նիստ, որոնցից թվով 73 դատական նիստերը միայն հետաձգվել են ամբաստանյալների ու նրանց պաշտպանների բացակայության պատճառով, որոնցից էլ միայն թվով 31-ը՝ ամբաստանյալ Հրայր Թովմասյանի բացակայության պատճառով»,- ասաց դատավորը:
Նա նաև մեղադրեց Հրայր Թովմասյանին, որ վերջինս, լինելով ՍԴ նախագահ, միտումնավոր ՍԴ նիստերը նշանակել է հենց այդ օրերին ու հենց դատական նիստի ժամերին, որով արհեստական դատավարական հիմք է ստեղծել դատական նիստերը հետաձգելու համար:
Գրիգորյանն իր խոսքում անդրադարձավ պաշտպան Արամ Օրբելյանի կողմից առանց դատարանի թույլտվության դատական նիստերի դահլիճը լքելուն, Հրայր Թովմասյանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելուն, Օրբելյանի՝ արձակուրդ մեկնելուն և այլ դրվագների:
Օրբելյանը, դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հակադարձեց բոլոր մեղադրանքներին:
Օրբելյանը հայտարարեց, որ այս գործով վաղեմության ժամկետը վաղուց անցել է և որ դրա մասին ասվել է դատարանի կողմից, դատական նիստերի ընթացքում, ինչը նշանակում է պաշտպանական կողմը նիստերը ձգձգելու միտում չունի:
«Վաղեմության ժամկետ անցկացնելու մտայնություն ակնհայտ է՝ չկա: Խոսում ենք արդարադատության մասին. արդարադատության անկախությունն ապահովող կառույցները փոխանակ արդարադատության բուն էությանը անդրադառնան՝ քրեական գործեր են քննում սարսափելի մեծ դեֆեկտներով, բայց չէ, պետք է նիստեր լինեն, վկաներ քննեն, ինչ-որ մարդիկ գան, «թամաշա» անեն, շոու սարքեն»,- շեշտեց նա:
Հետո Օրբելյանն անդրադարձավ բոլոր մեղադրանքներին: Նախ ասաց, որ դատարանն իր արձակուրդ գնալու մասին տեղյակ է եղել, առնվազն 2 ամիս առաջ: Իր՝ նիստերի դահլիճի լքելուն անդրադառնալով, ասաց, որ միջնորդություն է ներկայացրել և նախագահողի կամ այլ անձանց կողմից ռեպլիկներ են հնչել:
«Երբ եղել են ռեպլիկներ, ասել եմ՝ կարող եք մերժել միջնորդությունը, բայց չի կարելի լուրջ չվերաբերվել միջնորդությանը: Դրա համար դուրս եմ եկել»,- պարզաբանեց նա:
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, նա նշեց, որ վերջինս օգտագործել է ամենագետ բառը, որը դատախազը որակել է որպես վիրավորական:
«Նաև Հրայր Թովմասյանի ձեռքին եղել է Երուսաղեմից բերված խաչ, որին դատախազն ասել է՝ թող դնի գրպանը, Դատարանն ասել է՝ դրե՛ք գրպանը: Հրայր Թովմասյանը փորձել է հասկանալ՝ որ իրավասության, որ լիազորության իրացման հետ կապված է տվյալ պահանջը, ասել են՝ հավասար խոսում եք, ու հեռացրել է: Հեռացումն ունի մի պարզ պատճառ, որ հանրային պաշտպան ներգրավվի»,- շեշտեց նա: