World News

Պուտինը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Երևանին ու Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ հաշվի առնելով ՌԴ նախագահի՝ Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անցկացրած բանակցությունները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ մանրամասներ հայտնելով Փաշինյան-Պուտին զրույցից։

Ըստ տարածված հաղորդագրության՝ Փաշինյանի հետ զրույցում ՌԴ նախագահը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցում։

«Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները:

Читайте на 123ru.net