Պուտինը խաղաղության պայմանագրի մշակման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել
Կրեմլի մամուլի ծառայությունը մանրամասներ է հաղորդել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը շարունակել են քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր՝ հաշվի առնելով նաև Վլադիմիր Պուտինի` Բաքու կատարած պետական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները։
Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել հետագայում էլ Հայաստանին և Ադրբեջանին աջակցել խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործընթացներն առաջ մղելու հարցերում։
«Երկկողմ օրակարգի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում հատուկ ընդգծվել է առևտրա-տնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմը։
The post Պուտինը խաղաղության պայմանագրի մշակման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.