«Յուկոսն» ընդդեմ Ռուսաստանի. նավթային նախկին մագնատը Հայաստանում դատական նոր գործընթաց է նախաձեռնել. Hetq.am
«Յուկոս Օյլ» ընկերությունը, որը նախկինում նավթ էր արդյունահանում Ռուսաստանում, այժմ Հայաստանում փորձում է վերադարձնել իր փոխառությունները: «Յուկոս»-ի բաժնետերերը դատական գործընթացը նախաձեռնել են ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, որի ներկայացուցիչը Հայաստանում ՌԴ դեսպանատունն է:
Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Յուկոս Կապիտալ» ՍՊԸ-ի անունից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի արբիտրաժային կանոնների համաձայն ձևավորված արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմում է ներկայացվել:
2021թ. հուլիսի 23-ի ակտով արբիտրաժային դատարանը սահմանել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բռնագրավել է «Յուկոս Կապիտալի»-ի փոխառությունները, հետևաբար, պետք է փոխհատուցի 2003 թվականի դեկտեմբերի փոխառության համաձայնագրի շրջանակներում վճարման ենթակա գումարների կորստի համար: Այդ կորուստը արբիտրաժային դատարանը գնահատել է 77 մլրդ ռուբլի, որը 2008թ. դեկտեմբեր 31-ի գործող փոխարժեքով կազմել է 2.6 մլրդ դոլար: Դրան գումարվել է նաև չվճարված պայմանագրային տոկոսագումարը` տարեկան 9% տոկոսադրույքով, այդպիսով` փոխհատուցման գումարը դարձել է շուրջ 5 մլրդ դոլար:
«Յուկոս Կապիտալ»-ը պնդում է, որ փոխառություն է տվել ՌԴ-ում գործող մայր «Յուկոս»-ին, որն իրեն չի վերադարձվել, քանի որ ՌԴ իշխանությունը սնանկության է հասցրել և լուծարել «Յուկոսը»: Մինչդեռ ռուսական կողմն այդ փոխառությունները կեղծ է որակել, քանի որ հենց դրանց միջոցով են երկրից հանվել ընկերության ակտիվները, և «Յուկոս»-ը խուսափել է հարկերի վճարումից:
Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվել է կատարել արբիտրաժային դատարանի կարգադրությունը` վկայակոչելով այն հանգամանքին, որ թեպետ ՌԴ-ն Էներգետիկ խարտիան ստորագրել է 1994-ին, սակայն չի վավերացրել այն, իսկ 2009-ին դադարեցրել է անդամակցությունը Խարտիային:
«Յուկոսի» ներկայացուցիչները Հայաստանում հայցը ներկայացնելիս հղում են կատարել Էներգետիկ խարտիային, Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիային և «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին: Էներգետիկ խարտիան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1997 թվականի դեկտեմբերի 15-ին, Նյու Յորքի կոնվենցիան ուժի մեջ է մտել 1998թ. մարտի 29-ից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։