World News

Բռնագաղթի ճամփին կյանքի ճամփա հարթած բժիշկը. Գևորգ Ալոյանը

Նախկին զինվորական բժիշկ Գևորգ Ալոյանը ավելի քան կես տարի աշխատում է Չարենցավանի շտապօգնության ծառայությունում, զուգահեռ ընտանեկան բժիշկ է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Արցախից բռնի տեղահանության ժամանակ ծննդաբերող կնոջն ուղեկցած ու բարեջահող Գորիսի հիվանդանոց հասցրած 68-ամյա բժիշկն առաջին անգամ է խոսում տեղի ունեցածի մասին։

«Մտովի վերադառնալով այդ օրվան՝ ինձ զգում եմ գաղթի ճանապարհին, որտեղ մոր և մանկան կյանքը կախված է միայն ինձնից, իսկ ճանապարհը չի ավարտվում»,- հիշում է նա։ 

«Հասնանք ճանապարհի կեսը, Անահիտի ցավերը բռնեցին»

Ապրում ու աշխատում էի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում։ Արցախի շրջափակման ժամանակ ամենավատը դեղորայքի ու վառելիքի պակասն էր, ամեն ինչ կաթիլ-կաթիլ էինք օգտագործում։ Գյուղում, իհարկե, սննդի առումով հեշտ էր, քաղաքներում էր ահավոր վիճակ։ Իմ անմիջական պատասխանատվության տակ գտնվող տարածքում՝ Չարեքտարում, Քարվաճառի ներքևի գյուղերում հղի մայր ու աղջիկ եմ ունեցել, մոր տասներորդ հղիությունն էր, աղջկա՝ առաջինը։ Պատկերացրեք՝ Գետավանից այնտեղ հնարավոր չէր հասնել, մեքենա չկար, ամեն օր զանգում, հարցնում էի, թե ոնց են։ Բարեբախտաբար, առողջ բալիկներ ունեցան, ամեն ինչ լավ եղավ։ 

Սեպտեմբերի 19-ին ես հիվանդանոցում էի։ Անմիջապես մեկնեցինք Ստեփանակերտ, վիրավորների տեղափոխեցինք, դեպի մեր գյուղ գնացող կամուրջն արդեն տրաքացրել էին։ Մարդկանց մեծ մասն արագ դուրս էր եկել, բայց պոստերում, անտառներում մարդիկ կային։ Ստեփանակերտ գալուց հետո մնացինք դպրոցում։ Մեր գյուղի բնակիչներից Անահիտ Լազարյանը հղիության իններորդ ամսում էր, իմ հսկողության տակ էր։ Նրա ամուսինը պոստերում էր, ոչ մի լուր չկար։ Փորձում էի ամեն ինչ անել, որ իր մոտ լարվածությունը չափը չանցնի, ու դրա պատճառով հղիության ընթացքը չվտանգվի։ Ամսի 25-ին մենք ճամփա ընկանք։ Բենզին ճարեցինք, մեքենա ճարեցինք։ Ճանապարհ ընկանք, հասանք ճանապարհի կեսը, Անահիտի ցավերը բռնեցին։ 

«Մեկ կիլոմետրի չափ վազել եմ, մարդկանց ասել, որ ճամփա բացեն»

Ես ավելի շատ էի սթրես տանում, քան Անահիտը։ Ես հասկանում էի, որ եթե երեխան այդ ցրտին մեքենայի մեջ ծնվի, ողջ չի մնա, մոր կյանքը նույնպես կարող էր վտանգվել։ Փորձում էի ցույց չտալ իմ մտավախությունները։ Մտածում էի, թե հետո ինչ եմ անելու։ 

Միայն ծնունդ ընդունելը չէ, հետո էլ է բաներ պետք լինում անել։ Ինչ-որ պահի հասկացա, որ հնարավոր չէ այլևս անվերջ մնալ այս ճանապարհին, դուրս եկա մեքենայից, ասում եմ՝ ժողովուրդ ջան, ճամփա տվեք, մի բան արեք։ Խնդրելով, հրելով, մի քիչ առաջ գնացինք։ 

Մի «ԿամԱԶ» հայտնվեց՝ ռուսներ էին, ռուսական դրոշով։ Ասացի, թե ինչ վիճակ է, մի բան արեք, աղջկան գոնե մինչև կամուրջ հասցնեմ։ Ասացին՝ հետևներիցս արի։ Մեկ կիլոմետրի չափ վազել եմ, մարդկանց ասել, որ ճամփա բացեն, որ կարողանանք «ԿամԱԶ»-ի հետևից գնանք։ Ինչ-որ պահի «ԿամԱԶ»-ը ուրիշ կողմ գնաց, մենք կամաց շարունակեցինք շարժվել։

Երբ հասանք ադրբեջանցիներին, մեքենան կանգնեցրին, առանց նայելու՝ մեքենայի մեջ ով կա, ինչ է կատարվում, ինձ հանեցին մեքենայից ու սկսեցին հարցեր տալ։ Ասացի՝ ես ադրբեջաներեն բան չեմ հասկանում։ Մեկ էլ ռուսների «ԿամԱԶ»-ը եկավ, ռուսը դուռը բացեց ու բղավեց՝ ձեր էսինչը, ես ձեզ սելեկտորով չասացի՞, որ էս մեքենան թողեք անցնի։ Ինձ թողեցին, մեքենան նստեցի, Հակարիի կամուրջն անցանք, Գորիսի շտապօգնությունը եկավ, Անահիտին դրեցին մեքենան, հասանք հիվանդանոց, ու երեխան ծնվեց։ 

Բռնագաղթի ճանապարհին ծնված փոքրիկ Գրետան (Լուսանկարը՝ 2024 թ. հունվարի 15, Հրազդան)

Զինվորական բժշկությունից մինչև ընտանեկան բժիշկ

Նախկինում ես զինվորական բժիշկ էի։ Հայկական բանակի ստեղծման օրից աշխատել եմ նախ Իջևանում՝ որպես բուժծառայության պետ, հետո Չոբանքարայում՝ հակաօդային պաշտպանության զորամասում բուժծառայության պետ, հետո գնացի Արցախ։ Երկու որդիներս Արցախում էին ծառայում, որոշեցի ես էլ իմ ծառայությունով տեղափոխվել այնտեղ։ Գնացի դիվիզիայի ծառայության պետ, տարիներ անց փոխգնդապետի զինվորական կոչումով զորացրվեցի, զինվորական թոշակի անցա։ Հիսուն տարեկանում, դե, զինվորական թոշակառու ես դառնում, ես էլ մտածեցի, որ չեմ կարող ուղղակի մնալ, բան չանել։ Թոշակի անցնելուց հետո եկա Հայաստան, ընտանեկան բժշկի վերապատրաստում անցա, հետ գնացի Արցախ։ 

Այդպես հայտնվեցի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում, որտեղ հիվանդանոցի վարիչ դարձա։ 15 տարուց ավելի Գետավանում եմ մնացել։ Սովորել էի ժողովրդին, ծննդաբերությունից սկսած մինչև թերապիա, պատվաստումներ՝ ամեն ինչով զբաղվել եմ։ Բոլորին գիտեի, շատ լավ հարմարվել էի ու գնահատում էի իմ աշխատանքը։ Բոլոր պատերազմների ժամանակ էլ մնացել եմ գյուղում, նույնիսկ մի օրով չեմ բացակայել։

Վերադարձ աշխատանքին

Այն միտքը, որ ես ինքս էլ տեղահանվել եմ, ինձ ուշ հասավ։ Ամբողջ ճանապարհին, նույնիսկ այն ժամանակ, երբ ինձ մեքենայից հանեցին, իմ մասին չէի մտածում, ուշք ու միտքս երեխան էր։ Երևի 15 օր հետո նոր հասկացա, թե ինչ է կատարվել։

Հիմա Չարենցավանում եմ ապրում։ Այստեղ ես մենակ եմ, երեխաներս Ռուսաստանում են, կինս վաղուց է մահացել, եղբորս տանն եմ ապրում։ Շատ խնդիրներ, որոնք կան Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար, ինձ համար չկան, քանի որ ես միայնակ մարդ եմ։ Իմ աշխատանքն է կարևորը, և ինչ-որ պահի հասկացա, որ պետք է վերադառնամ բժշկությանը։ 

Դիմեցի առողջապահության նախարարություն, վերապատրաստում անցա, ինչից հետո վերսկսեցի աշխատանքս։ 

Երեխայի ընտանիքի հետ կապը պահում եմ, շատ եմ ուրախանում, երբ ասում են, որ երեխան լավ մեծանում է, առողջ է։ Ծնված բալիկի տատը գյուղում իմ բուժքույրն էր, այսինքն՝ այդ ընտանիքին լավ գիտեմ ու շատ եմ ուզում, որ նրանց մոտ ամեն ինչ լավ լինի։ 

«Չեմ կարող այստեղից հեռու ապրել»

Նախ ընդունվեցի Չարենցավանի շտապօգնության ծառայություն, հերթապահում եմ, հետո էլ, որպեսզի մնացած ազատ ժամանակս անիմաստ չանցկացնեմ, Կոտայքի Գեղաշեն գյուղում ընտանեկան բժիշկ եմ աշխատում։ Ամեն օր հիմնականում այնտեղ եմ ու որպեսզի չկտրվեմ այնտեղի աշխատանքից, շտապօգնությունում ուրբաթ, շաբաթ կամ կիրակի օրերին եմ հերթապահում։ Աշխատանքի եմ գնում այն նույն պայուսակով, որով հեռացել էի Գետավանից։ 

Թեև երկու տեղ եմ աշխատում ու ազատ օր չեմ ունենում, չեմ հոգնում. Արցախի համեմատ այստեղ շատ հեշտ է, այնտեղ անընդհատ մարտական իրավիճակներ էին։ 

Նոր տարին գնացի Ռուսաստան երեխաներիս հետ եմ դիմավորելու, հետո արագ վերադարձա։ Չեմ կարող այստեղից հեռու ապրել, այստեղ են այն մարդիկ, որոնց բուժել եմ, որոնց համար պատասխանատու եմ եղել, որոնց հետ այդքան բաների միջով եմ անցել։ 

Ոչ միայն ես, այլև բոլոր եկածներն լրիվ նոր կյանք ենք սկսել։ Ու այդ նոր կյանքում էլ ես ուզում եմ անեմ իմ աշխատանքն ու մարդկանց օգտակար լինել:

Պատմությունը և լուսանկարները՝ Անի Գևորգյանի

MediaLab.am

The post Բռնագաղթի ճամփին կյանքի ճամփա հարթած բժիշկը. Գևորգ Ալոյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net