World News

Ոստան բնակավայրում 1 անձի սպանության, 2-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է

Ավարտվել է Արարատի մարզի Ոստան բնակավայրում կատարված՝ 28–ամյա անձի սպանության, նույն մարզի երկու բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան բնակավայրի 29–ամյա բնակիչը, մի խումբ անձանց հետ գտնվելով Արտաշատ քաղաքում գործող հացի արտադրամասում, հանդիպել է նույն մարզի Արտաշատ համայնքի 24–ամյա բնակչին: Վերջինս, չնչին առիթով՝ բարևելու հարցի շուրջ, լեզվակռիվ է սկսել 29-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, առաջարկել է այլ վայրում հանդիպել:

Հիշյալ երիտասարդները, իրենց պատկանող «Վազ 2106» և «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներով, հեռացել են նշված վայրից՝ վարելով Ոստան բնակավայրի ուղղությամբ: Նույն օրը՝ 22:00-23։00–ի սահմաններում, 29-ամյա երիտասարդն իր 36-ամյա զարմիկի, իսկ 24-ամյա երիտասարդն իր 28-ամյա ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ, նախապես զինված տարբեր տեսակի զենքերով և դրանց փոխարինող այլ առարկաներով, գնացել են Արարատի մարզի Ոստան բնակավայրի գերեզմանոցի հարակից հատված՝ վերոնշյալ միջադեպի կապակցությամբ պարզաբանում կատարելու:

Նշված վայրում Արտաշատ համայնքի 24-ամյա բնակիչը, բացահայտ լիցքավորելով իր կողմից ապօրինի կերպով կրվող որսորդական երկփողանի ողորկափող հրազենը, 29-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ինչպես նաև այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, նշան է բռնել երիտասարդի գլխի և կրծքավանդակի ուղղությամբ և 4-5 մետր հեռավորությունից կրակել: Սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտվին չի հասցրել, քանի որ հիշյալ երիտասարդն ինքնաբերաբար մի կողմ է նետվել և կրակված կոտորակները դիպել են վերջինիս ձեռքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Այնուհետև, վիճաբանության մասնակից 28-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող փայտյա մահակով, խմբի կազմում, 24-ամյա բնակչի կողմից 29-ամյա երիտասարդին սպանելու դիտավորությունը ավարտելու նպատակով, հարվածներ է հասցրել վերոհիշյալ երիտասարդի գլխին, իսկ Արտաշատ համայնքի 24-ամյա բնակիչը, շարունակելով հանցավոր ոտնձգությունները, կրկին լիցքավորել է հիշյալ հրազենը և ևս մեկ անգամ կրակել 29-ամյա երիտասարդի և վերջինիս հորեղբոր որդու ուղղությամբ, սակայն վրիպել է:

Այդ ընթացքում 36-ամյա տղամարդը, իր մոտ ապօրինի կերպով պահվող, «ПМ» «Մակարով» տեսակի ատրճանակով, 24-ամյա երիտասարդին ու նրա 28-ամյա ընկերոջը ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, երկու անգամ կրակոց է արձակել նախ վերջինիս, այնուհետև նրա ընկերոջ կրծքավանդակների ուղղությամբ: Հիշյալ գործողությունների հետևանքով 28–ամյա երիտասարդին պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի ծանր վնաս, իսկ 24-ամյա երիտասարդին՝ ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ, 12-րդ կետերով և 334-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 24-ամյա բնակչի նկատմամբ խմբի կազմում 29-ամյա անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար վերջինիս նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում չիրականացնելու որոշում՝ մահվան հիմքով:

Հիշյալ երկու մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Читайте на 123ru.net