ՀՀ-ն և Թունիսը վերացնում են վիզայի պահանջը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար
Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թունիսի Հանրապետության Կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելուն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Հայաստանի և Թունիսի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2002 թվականին: 2023 թվականի դեկտեմբերին առաջին անգամ տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է համաձայնագիրը:
«Հայաստանի և Թունիսի հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ քաղաքական ոլորտում, ինչը պայմանավորված է Թունիսի Հանրապետության՝ հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի բարեկամ պետություն և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկեր հանդիսանալու հանգամանքով: Այս տեսանկյունից կարևոր նշանակություն ունի երկու երկրների միջև վերոնշյալ ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որը թույլ կտա Թունիսի Հանրապետության հետ քաղաքական երկխոսության ընդլայնում ու խորացում, տարբեր մակարդակներով փոխայցելությունների աշխուժացում»,-ասաց փոխնախարարը:
Համաձայնագրի նպատակն է դյուրացնել երկու պետությունների՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղևորությունների ընթացակարգերը: Յուրաքանչյուր կողմի պետության՝ վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատվում են մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու նպատակով վիզա ձեռք բերելու պարտականությունից՝ տարանցման կամ առաջին մուտքի օրվանից 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով այնտեղ մնալու համար:
Համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
The post ՀՀ-ն և Թունիսը վերացնում են վիզայի պահանջը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.