Հս. Կորեայում զանգվածային ջրհեղեղներից հետո տասնյակ պաշտոնյաների մահապատժի են ենթարկել. TV Chosun
Հյուսիսային Կորեայի իշխանությունները օգոստոսի վերջին մահապատժի են ենթարկել 20-30 պաշտոնյայի այն բանի համար, որ նրանք, իբր, չեն կարողացել հավուր պատշաճի ապահովել երկրի հյուսիսում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից պաշտպանությունը: Այս մասին գրում է kommersant.ru-ն՝ հարավկորեական TV Chosun հեռուստաալիքին հղումով:
Մահապատժի ենթարկվածների թվում եղել են նահանգային կուսակցական կազմակերպությունների քարտուղարների մակարդակով մի քանի պաշտոնյա, այսինքն՝ ըստ էության, նահանգապետեր։
Չագանդո նահանգում հուլիսին խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել։ Դրա հետևանքով նահանգի մի քանի հազար բնակիչ կարող է զոհված լինել, հաղորդում է TV Chosun-ը։ Տարհանվել է մոտ 15 հազար բնակիչ, վնասվել է մոտ 4100 տուն, ավերվել են ճանապարհներն ու երկաթուղային կապերը, 3 հազար հեկտար տարածության վրա ոչնչացվել է բերքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ջրի մակարդակի նվազումից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել տուժած շրջաններում հեղեղումների իրավիճակի վերաբերյալ։