Արգենտինայի դաշնային դատարանը կարգադրել է «անհապաղ» ձերբակալել Մադուրոյին
Արգենտինայի դաշնային դատարանը կարգադրել է «անհապաղ» ձերբակալել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոյին «մարդկության դեմ գործած հանցագործությունների համար»: Այս մասին գրում է apnews.com-ը:
Դաշնային դատարանի անդամներ Պաբլո Բերտուցին, Լեոպոլդո Բրուգլիան և Մարիանո Լյորենսը կարգադրել են, որ «Նիկոլաս Մադուրոյի և Դիոսդադո Կաբելոյի ձերբակալության օրդերներն անհապաղ կատարվեն: Նրանք նաև վճռել են, որ Մադուրոն և Կաբելոն պետք է արտահանձնվեն Արգենտինայի Հանրապետություն։
Այս որոշումը խորացնում է լարվածությունը Վենեսուելայի և Արգենտինայի միջև, որն առաջացել էր այն պահից, երբ Արգենտինայի նախագահ էր ընտրվել Խավիեր Միլեյը, ինչից հետո երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզվել են:
Ավելի վաղ Վենեսուելայի դատարանը ձերբակալության օրդեր էր տվել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, նրա քարտուղարության ղեկավար Կարինա Միլեյի և անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչի նկտամամբ՝ Emtrasur ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով։
2022 թվականին արգենտինական «Էզեյզա» օդանավակայանում առգրավվել էր վենեսուելական Emtrasur ընկերության Boeing 747 ինքնաթիռը։ Այս տարվա սկզբին տեղի դատարանը որոշել էր ինքնաթիռը փոխանցել ԱՄՆ-ին, որից հետո այն տեղափոխվել էր Ֆլորիդա։ Վենեսուելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ինքնաթիռը տեղափոխվել էր ռազմական թռիչքի քողի ներքո, ինչի շնորհիվ հնարավոր է եղել շրջանցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից տարբեր օդային տարածքներով թռիչքներ իրականացնելու թույլտվության բացակայությունը։ Առգրավված բեռնատար ինքնաթիռը ոչնչացվել է: