World News

Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ԱԳՆ

Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ:

Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին: Բանակի պնդմամբ՝ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել էին, նրանց կոչ էր արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը թիրախավորում է այն տները, որտեղ «Հեզբոլլահ»-ը «հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր» է պահում:

Լիբանանի հարավի հազարավոր բնակիչներ երեկվանից շտապում են հեռանալ բնակավայրերից: Հաղորդվում է, որ «Հեզբոլլահ»-ը իր հերթին երկուշաբթի ավելի քան 200 հրթիռ է արձակել, իսկ անցած գիշեր՝ 20: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Իսրայելի հյուսիսում դպրոցները փակվել են:

Ելույթ ունենալով Թել Ավիվի ռազմական շտաբի ստորգետնյա հրամանատարական սենյակից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը փոխում է ուժերի հավասարակշռությունը «Հեզբոլլահ»-ի հետ:

Читайте на 123ru.net