Հավաքներին մասնացելու համար նյութապես շահագրգռելու վարույթով, 5 անձի մասով, նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերին մասնացելու համար նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 անձի մասով:
2024թ. հունիսին «Ֆեյսբուք» սոցկայքի տարբեր հարթակներում հրապարակվել էր ընդհանուր թվով 7 ձայնագրություն: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են նշված ձայնագրությունների պարունակությամբ խոսակցությունների զրուցակիցները և զրույցների առարկան:
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ զրույցները տեղի են ունեցել կոնկրետ ամսաթվերին՝ 2024 թվականի մայիսի 25-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, բոլորի ընթացքում զրուցակիցներից մեկը հանդիսացել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ն, ով փաստացի տնօրինել է հավաքներին մասնակցելու առնչությամբ ծախսերի համար հատկացված ֆինանսական միջոցների պաշարի մի մասը։
Փաստերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին, երթերին, հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով, Արարատի մարզի բնակիչ Գ.Վ.-ն և Վայոց ձորի մարզի բնակիչ Վ.Դ.-ն կազմակերպել ու ղեկավարել են հավաքներին մասնակցելու նպատակով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչներին նյութապես շահագրգռելը, բացի այդ, հավաքներին մասնակցելու նպատակով, Վ.Դ.-ն շահագրգռել է նույն մարզի մի խումբ բնակիչների։
Պարզվել է նաև Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի առերևույթ հանցակիցների ինքնությունը, ովքեր նույնպես Վայոց ձորի մարզի բնակիչներ են։
Հիմնավորվել է, որ նշված անձինք 2024թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունենալիք հանրահավաքներին մասնակցելու համար, Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, հավաքագրել են Վայոց ձորի մարզի շուրջ 250 բնակիչների, որոնց տրամադրել են գումարներ՝ մեկ անձի հաշվարկով 5000-12000 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ.Վ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով, Վ.Դ.-ին՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 236-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուս երեք անձանց՝ 236-րդ հոդվածի 2-րդ մասով:
Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ գրավի և բացակայելու արգելքի հետ համակցված, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ բացակայելու արգելքի հետ համակցված, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ դրանք դատարան ուղարկելու հարցը լուծելու նպատակով։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: