Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին. Բեռլինն իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Գերմանիան կանչել է Իրանի դեսպանին՝ դատապարտելու երեկ երեկոյան Թեհրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, հայտնում է morgenpost.de կայքը։
«Մենք կանչել ենք Իրանի դեսպանին»,- լրագրողներին ասել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Սեբաստիան Ֆիշերը՝ հավելելով, որ ինքը՝ դեսպանը Բեռլինում չի եղել, և փոխարենը ներկայացել է գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Միաժամանակ Իրանին կոչ է արվել զերծ մնալ հետագա հարձակումներից, այդ թվում՝ իր դաշնակիցների միջոցով։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը՝ նշելով, որ այնտեղ իրավիճակը անկայուն է և ցանկացած պահի կարող է փոխվել:
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:
«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կատարել է Իսրայելի հետ պաշտպանական գործընկերության շրջանակում իր հանձնառությունը»՝ ընդգծելով, որ երեկ երեկոյան Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 181 հրթիռներից շուրջ մեկ տասնյակից ավելին որսացել են ամերիկյան ուժերը:
«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից ագրեսիայի այս անընդունելի գործողությունը և կոչ ենք անում Իրանին դադարեցնել ցանկացած հետագա հարձակում, այդ թվում՝ իր վստահված ահաբեկչական խմբավորումների կողմից», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»: