World News

Փաշինյանը ճիշտ է ասում, որ անվտանգության հանձնառություն ինքը չի փոխանցել որևէ մեկին. նոյեմբերի 9-ի փաստաթղթում էլ դա գրված է. Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ասաց, որ հայտարարություններն առ այն, թե Հայաստանն ինչ-որ փաստաթղթում համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքով անցնող բեռների վերահսկողությունը, իրականության խեղաթյուրում են։ Այդ դեպքում ինչի՞ մասին է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։

– Փաշինյանը չի օգտագործել «վերահսկողություն» բառը, այլ ասել է, որ անվտանգությունը որևէ մեկին փոխանցելու հանձնառությունը Հայաստանը չի ստանձնել ու նաև իր ինքնիշխան իրավունքները, այսինքն՝ «վերահսկողություն» բառը, համենայնդեպս, չի օգտագործել, իսկ դա էական է, որովհետև անվտանգության իմաստով, իսկապես, որևէ այդպիսի հանձնառություն չկա այն հայտնի փաստաթղթում, որը դուք հիշատակեցիք։ Հայտարարության 9-րդ կետում նշվում է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհներով անցնող բեռների փոխադրումն է վերահսկելու Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը։ 

Անվտանգության առումով, իհարկե, պարտավորությունները Հայաստանի վրա են, ու այդտեղ այդ ամենը շատ պարզ գրված է, ընդ որում՝ նշեմ, որ նույնը նաև Ադրբեջանի մասով կա։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի առանձնահատուկ նրբերանգներից մեկն էլ նաև այն է, որ այնտեղ բոլոր պարտավորությունները վերագրված են Հայաստանին ու Ադրբեջանին: Շատ հաճախ խոսվում է այն մասին, որ Ռուսաստանն այդ փաստաթղթով պարտավորություններ չի իրականացրել և այլն, բայց շատ էական մի բան կա այդտեղ, որ Ռուսաստանի որևէ պարտավորություն այդ փաստաթղթում նշված չէ, չկա որևէ ձևակերպում, որը կպարունակի հետևյալ միտքը՝ Ռուսաստանը պարտավորվում է կամ պարտավոր է։ 

– Ստացվում է՝ «անվտանգություն», «վերահսկողություն» բառերի կիրառմամբ կողմերից յուրաքանչյուրը, եթե կարելի է ասել՝ բառախաղի միջոցով իրենց օգտի՞ն են մեկնաբանում այս հարցը։

– Չէ՛, սա բառախաղ չէ, դիվանագիտական փաստաթղթերում ամեն բառը, ձևակերպումը շատ էական են, և անվտանգությունն ու վերահսկումը տարբեր բաներ են։ Անվտանգությունը մի քիչ ավելի լայն հասկացություն է ու ավելի շատ պարամետրեր է պարունակում, ինչը չի տեղավորվում «վերահսկողություն» բառի մեջ։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ անվտանգության հանձնառություն ինքը չի փոխանցել որևէ մեկին, ու նաև փաստաթղթում էլ դա գրված է։

– Պարո՛ն Բադալյան, ձեր գնահատմամբ՝ հիմա Ռուսաստանն ուզում է այդ ճանապարհով անցնող բեռների վերահսկողությո՞ւնն իրականացնել, թե՞ ճանապարհի անվտանգությունը։

– Ռուսական կողմն ուզում է վերահսկողությունը։ Ռուսները, իհարկե, ապուշ չեն, որ անվտանգություն ստանձնեն, իրենց դա բացարձակ պետք չէ, իրենց ընդամենը պետք է վերահսկել, թե Թուրքիայից Ադրբեջան ի՛նչ է գնում-գալիս, նրանց դա է հետաքրքիր։ Իրենց ամբողջ խնդիրը դա է, որովհետև հասկանում ենք, որ հարցը միայն Թուրքիայից Ադրբեջանն էլ չէ, այլ նաև՝ Թուրքիայից դեպի Կենտրոնական Ասիա, ռուսների ամբողջ հոգսը դա է, որ իրենցից դուրս չլինի դա։ Մեծ հաշվով, Հայաստանի տարածքով անցնող բեռներին ի՞նչ պետք է սպառնա, այստեղ նույնիսկ դա արհեստական թեմա է, այլ բան Ադրբեջանի տարածքով անցնող հայկական բեռների մասին լիներ խոսքը, որտեղ վտանգն իսկապես առկա է։ 

– Այդ դեպքում ինչո՞ւ է հիմա Նիկոլ Փաշինյանը դեմ 9-րդ կետի կատարմանը։ 

– Սուբյեկտիվ բան կա այստեղ․ Փաշինյանը համարում է, որ եթե ինքն այդ համաձայնությունը տվեց, դա կհարվածի իր վարկանիշին ու դիրքերին, որովհետև խոսակցությունը գնաց, որ դա միջանցք է ու դա նշանակում է սուվերենության զիջում և այլն։ Սա, իհարկե, արհեստական քարոզչություն էր, որը Արևմուտքից բավական սնուցվեց, որովհետև, բնականաբար, Արևմուտքն էլ չի ուզում, որ այնտեղ ռուսները լինեն։ 

Ամբողջ Ղարաբաղյան պատերազմն իրենց պետք էր ռուսներին հանելու համար, որ այդ ճանապարհն աշխատի Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, այսինքն՝ իրենք շատ բաց տեքստով էլ այդ Միջին միջանցքի մասին խոսում են։ Հիմա, այս միջավայրը, որ ստեղծվեց այդ 9-րդ կետի շուրջ, մի կողմից բարդացրեց, որ Հայաստանը պաշտոնապես ասի՝ մենք կատարում ենք այն, մյուս կողմից էլ չեմ բացառում, որ մտածեցին շուստրիություն անել ու, կոպիտ ասած, թռնեն այդ կետից։ 

Բայց այդ կետը մնաց օրակարգում, մեծ հաշվով, այստեղ այդ կետի հարցն էլ չէ, այդ ճանապարհի հարցն ամբողջ Կովկասի աշխարհաքաղաքական առանցքային հարցն է, 44-օրյա պատերազմի խորքային նպատակն այդ ճանապարհն է, դու Ղարաբաղը կտաս-չես տա՝ ոչ մեկին դա չի հետաքրքրում, բոլորին հետաքրքրում է, թե ո՛վ է վերահսկելու այդ ճանապարհը։ Ու բնական է, որ Ղարաբաղի հարցը մեջտեղից դուրս գա-չգա, ճանապարհի հարցը մեջտեղից դուրս չի գալու։ Հիմա մենք մնացել ենք այդ խնդրի առաջ, թե ո՛նց է այդ հարցը լուծվելու, ընդ որում՝ շատ մեծ հարց է, թե ինչ աստիճանի դեր է մեզ վերապահվել այդ հարցում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշինյանը ճիշտ է ասում, որ անվտանգության հանձնառություն ինքը չի փոխանցել որևէ մեկին. նոյեմբերի 9-ի փաստաթղթում էլ դա գրված է. Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net