«Հեզբոլլահ»-ը հրեաների համար ամենասուրբ օրվա՝ Յոմ Կիպուրի ընթացքում 320 ռեակտիվ արկ է արձակել, Իսրայելը վերջին 24 ժամում 200 հարված է հասցրել Լիբանանի տարածքում
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը 320 ռեակտիվ արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ հուդայականության ամենասուրբ օրվա՝ Յոմ Կիպուրի ընթացքում։ Այս մասին հայտնել է «Հեզբոլլահ»-ի պաշտոնական թելեգրամյան ալիքը:
Տեղեկությունը հաստատել է Իսրայելի պաշտպանության բանակը, գրում է timesofisrael.com-ը:
«Յոմ Կիպուրի ընթացքում 320 արկ, որոնք արձակվել են «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից, Լիբանանից անցել են Իսրայել»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ 36-րդ դիվիզիան գիշերն օդային հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի հրթիռային կայանքներին, հակատանկային դիրքերին և զինամթերքի պահեստներին հարավային Լիբանանում:
Դիվիզիան սպանել է նաև «Հեզբոլլահ»-ի տասնյակ մարտիկների, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Ընդհանուր առմամբ, Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել «Հըզբոլլահ»-ի շուրջ 200 թիրախների հարավային Լիբանանում և երկրի խորքում: