Ճնշումներ չեն եղել, իրենք ցանկացել են քաղաքականությունից դուրս գալ. Շիրակի մարզպետը՝ «Բալասանյան» դաշինքի անդամների մանդատը վայր դնելու մասին
Պետք է հստակ ընդգծվի՝ իրավական գործընթացը չպետք է խառնել քաղաքական գործընթացին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ անդրադառնալով Գյումրիում «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելուն:
«Ձերբակալությունը, տնային կալանքը իրավական համակարգի տիրույթում են, իսկ այստեղ քաղաքական պրոցես է, իրենք ցանկացել են քաղաքականությունից դուրս գալ, այդ իսկ պատճառով էլ վայր են դրել մանդատները»,- ասաց մարզպետը:
Նրա խոսքով՝ չնայած այս պահին Գյումրին քաղաքապետ չունի, բայց այնպես չէ, որ քաղաքն անկառավարելի է: «Բոլորը չէ, որ հրաժարական են տվել: Աշխատակազմի ղեկավարը տեղում է, աշխատանքները հնարավորինս իրականացվում են: Բնական է, համայնքը ղեկավար չունի, բայց այս պահի դրությամբ որևէ արտառոց բան չի եղել»,- վստահեցրեց նա:
Հարցին՝ որքանով է դա հարգալից ընտրողի նկատմամբ, ի վերջո, ձևավորել է քաղաքային իշխանություն՝ կոալիցիա կազմելով «Բալասանյան» դաշինքի հետ, հիմա խաբում են ընտրողներին, անձնական նեղ շահերը վեր են դասվում քաղաքի կառավարումից, նա պատասխանեց. ««Բալասանյան» դաշինքի անդամներն են հրաժարական տվել, այդ հարցը պետք է նրանց տալ»:
Շիրակի մարզպետը պնդեց՝ «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներն են ցանկացել վայր դնել մանդատները, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ այդ ցանկությունը համընկավ, երբ Բալասանյանի որդին ձերբակալվեց, ապա հայտարարվեց, որ նա անցնում է քրեական գործով և կա ձերբակալելու որոշում:
«Համընկնում են ժամանակահատվածի հետ, ես՝ որպես մարզպետ, վստահաբար ասում եմ՝ իրավական պրոցես է, և ձերբակալությունները չպետք է խառնել քաղաքական պրոցեսի հետ»:
Նա հայտնեց, որ առաջիկայում ավագանին նիստ կհրավիրի, որի ընթացքում պետք է առաջադրվի համայնքի ղեկավարի թեկնածու և իրականացվեն դրանից բխող հետագա գործընթացները:
Մուրադյանը չհամաձայնեց այն կարծիքներին, թե ՔՊ-ն Շիրակի մարզում վարկանիշ չունի, և ցանկանում են Կարեն Սարուխանյանին քաղաքապետ դարձնել: «Ես միանշանակ պնդում եմ՝ մեր վարկանիշը շատ բարձր է: Թեկնածուին հարգում են, սիրում են, ընդունում են նաև թիմում»,- ասաց նա:
Հարցին էլ՝ Գյումրիում տեղի ունեցողը իշխանազավթում չէ՞, նա արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում իշխանազավթում, եթե գործող ուժը, համայնքային իշխանությունը մանդատները վայր է դնում, ի՞նչ իշխանազավթում: Ճնշումներ չեն եղել, նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, թիմում նման բան գոյություն չունի, ցանկացել են համայնքի կառավարումից դուրս գալ, սա է»: