Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՊՊԾ պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանից հետաքրքրվեց, թե ծառայողական մեքենա տրամադրելու հարցում ինչպիսի կարգ է գործում:
«Վերջերս մամուլում գրվում էր, որ Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական մեքենա է գնվել, թեև 1-2 տարի առաջ այլ ծառայողական մեքենա էիք գնել։ Ընդհանրապես կարգը ինչպե՞ս է՝ ա՞նձն է որոշում՝ իր մեքենան պետք է փոխվի, թե՞ դուք: Օրինակ՝ երկու տարվա մեջ տեսաք, թե ջիպն այնքան է մաշվել, որ անպայման պետք է նոր մեքենա գնել»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ արդյոք Պետական պաշտպանության ծառայությունը մասնավոր որևէ հավաքի անվտանգությանն ապահովում է, թե՝ ոչ: «Օրերս Նիկոլ Փաշինյանի կին, «Իմ Քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը 1 միլիոն դրամանոց ճաշկերույթ էր կազմակերպել, լավ, հասկանալի է՝ օրենքով է, ընտանիքի անդամ է, պետք է ՊՊԾ-ից 1, 2, 3, 10 ծառայող անվտանգությունն ապահովի, բայց մասնավոր մեկ բարեգործական կազմակերպության ճաշկերույթին 3 տասնյակից ավել ՊՊԾ ծառայողների ներկայությունը ո՞ր օրենքով է Հայաստանում կանոնակարգվում»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Առաքելյանը, անդրադառնալով առաջին հարցին, ասաց, որ ՊՊԾ-ն ինքն է որոշում՝ ելնելով իրավիճակից և գնահատելով տարբեր հանգամանքներ՝ որտեղ, ում, ինչ մեքենա է տրամադրվում կամ ինչ մեքենա պետք է փոփոխվի։
«Ինչ վերաբերում է երկրորդ հարցին. նույն օրենքի 6-րդ մասով է սահմանվում, թե ինչպես են պահպանվում օբյեկտները, նրանց ընտանիքի անդամներին էլ, կախված իրավիճակից, կարող են տարբեր քանակի անվտանգության աշխատակիցներ տրամադրվել»,- ասաց ՊՊԾ պետի տեղակալը: