World News

Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է, որի ձգվող պաշտոնավարումը բերելու է անդառնալի հետևանքների. FAF

«Հայկական առաջին ճակատը» (ՖԱՖ)  հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Փյունիկ» -«Վեստ Արմենիա» այսօրվա չեղարկված հանդիպմանը.

«Ցանկանում ենք անդրադառնալ Արմեն Մելիքբեկյանին աջակցած ՀՊԼ ակումբներից «Վեստ Արմենիային»։

Ինչպես հայտնի դարձավ «Վեսթ Արմենիայի» սեփականատերը մի քանի ամիս է չի վճարում ոչ միայն թիմի ֆուտբոլիստների ու անձնակազմի աշխատավարձերը, այլ նաև չի կատարում մարզադաշտի և ակումբի այլ կարիքների համար նախատեսված վճարումները։

Նախորդ մրցաշրջանում ՀՊԼ-ում «Վեսթ Արմենիայի» մասնակցությամբ պայմանավորված խաղերի կամ այսպես կոչված «ղումարի» մասին ֆուտբոլային հասարակությունը շատ է խոսել, մի քանի ծավալուն հոդվածով է հանդես եկել «Հետք» լրատվականը։

«Վեստ Արմենիան» այդպես էլ մնաց անպատժելի. ՀՖՖ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին որևէ զեկույց կասկածելի խաղերի մասով չուղարկվեց, չհարուցվեցին քրեական գործեր և ակումբի սեփականատերերը հնարավորություն ունեցան  բարեհաջող վաճառել ակումբը կամ հանձնում ընդունման պրոցես իրականացնել, իհարկե ՀՖՖ նախագահի ընտրություններում քվե ապահովելուց հետո։

Այս մրցաշրջանի սկզբում թիմը ձեռք բերեց ավստրալիացի գործարար Ռոբերտ Բասսիլին։
Վերջինս ակումբի ներսում հայտարարում է ազգային ստադիոնի շինարարական պրոցեսն իրեն վստահված լինելու մասին, խոսում է ընդհուպ «Վեստ Արմենիայի» ապագայում տնային խաղերն ազգային ստադիոնում անցկացնելու մասին։

Կարճ ժամանակ անց, ենթադրաբար Բասսիլին հասկանալով, որ ազգային մարզադաշտի նախագծի մեկնարկը մոտ օրերի հարց չէ և ինքն իր համար անիմաստ մեծ գումարներ է վատնում, որոշում է   աշխատավարձերն ու տարբեր վճարները չկատարել՝ փաստի առաջ կանգնեցնելով ակումբի ֆուտբոլիստներին և ՀՖՖ-ին։

«Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները պարբերաբար այցելում են ֆուտբոլի ֆեդերացիա, որտեղ ՀՖՖ ղեկավարությունը սկզբից հորդորում, այնուհետև ուլտիմատումով է հանդես գալիս  մինչև հունվար` մրցաշրջանի կես, մասնակցել բոլոր խաղերին, հունվարին  ֆուտբոլիստների աշխատավարձերը ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարներով փոխհատուցելու պայմանով, իսկ հակառակ պարագայում` սպառնում չվճարել ոչ մի լումա։

Բանն այն է, որ եթե ակումբը առաջնությունից դուրս է գալիս չանցկացնելով 50% և ավել խաղեր, ըստ կանոնակարգի, մինչ այդ անցկացրած բոլոր խաղերի արդյունքները չեղարկվում են, դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ թիմերի մրցաշարային աղյուսակի վրա և հարվածի տակ դնել Բարձրագույն խմբի հեղինակությունը

Այս պահի դրությամբ «Վեստ Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները չեն անցկացրել մարզում, և այսօր դուրս չեկան «Փյունիկի» դեմ խաղին։ Սա կլինի «Վեստ Արմենիայի» 2-րդ տեխնիկական պարտությունը, ևս մեկի դեպքում ակումբը ավտոմատ կհեռացվի առաջնությունից։

Պահանջում ենք շուտափույթ լուծում տալ այս հարցին և վճարել ֆուտբոլիստների ու անձնակազմի աշխատավարձերը:

Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է, որի ձգվող պաշտոնավարումը բերելու է անդառնալի հետևանքների։ Այս շրջանում ահազանգերն ու բարձրաձայնված խնդիրները բազմաթիվ են, որոնց կանդրադառնանք առաջիկայում»։

Читайте на 123ru.net