World News

Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը վերջնական որոշում է կայացրել և քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։

Իսկ ինչ ճանապարհ է անցել և ինչ ունեցվածք ունի Արթուր Պողոսյանը. նա իրավական ոլորտում է վաղուց՝ սկսած 2006 թվականից։ Առաջին պաշտոնը եղել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային քննչական բաժնի քննիչի, նույն վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ, ապա ավագ քննիչ։ Քննիչի պաշտոնից 6 տարի անց դարձել է Լոռու մարզի դատախազության դատախազ, ապա ավագ դատախազ, այնուհետեւ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ։

Արթուր Պողոսյանի մասին ասում են՝ ոլորտի լավագույն մասնագետներից է։ 2018 թվականի հեղափոխության ժամանակ եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ, իսկ 2020 թվականի մայիսի 13-14-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ։ Պողոսյանը եղել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը։ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին։

Արթուր Պողոսյանը հայտարարագրել է 1 բնակարան Լոռու մարզի Վանաձոր համայնքում, նույն համայնքում 2021 թվականին ձեռք է բերել ավտոտնակ։ Դատախազի տեղակալը Երևանում ևս բնակարան ունի, որը ձևակերպվել է որպես հիփոթեք, իսկ հիփոթեքի մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 905 հազար դրամ։

Նախորդ տարի՝ 2023 թվականին, Արթուր Պողոսյանը ձեռք է բերել Honda մակնիշի մեքենա, որն արժեցել է 7 մլն 800 հազար դրամ։ Պողոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 700 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն դրամ, 5 հազար դոլար։
Դատախազի տեղակալի տարեկան եկամուտները կազմել են 32 մլն 807 հազար դրամ, որից 25 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է եղել ՀՀ Դատախազությունից։ Արդարադատության ակադեմիայից Պողոսյանը ստացել է 55 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Տեղակալը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 3 մլն 670 հազար դրամ՝ որպես եկամտահարկի վերադարձ, որը հիփոթեքով բնակարանի մայր գումարը մարելու համար է։

Եկամուտների 3 մլն 980 հազարը վարկ է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից։

Պողոսյանի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն 098 հազար դրամ։

Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն վարկերի մարմանն ուղղել է 6 մլն 700 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 19 մլն 480 հազար դրամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Читайте на 123ru.net