World News

Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: Քյարամյանը առանց նախագահ մնացած կոմիտեում ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն երկու անգամ դիմել են ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու ներգրավմամբ քննվող քրեական գործով:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Արգիշտի Քյարամյանը նախաքննական մարմնում պատմել է, որ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի որդին, օգտվելով օրենքի բացից, (որը օրենսդիր հայրը չի նախաձեռնել կարգավորել), մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել ՀՀ, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ-ի վերադարձ, որը անօրինականություն է. հենց դրա համար են Աղազարյանի որդու ավտոմեքենաները գտնվում արգելանքի տակ:

«Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ երկու անգամ Աղազարյանի որդու գործով դիմում է ուղղվել ՀՀ քննչական կոմիտե, և երկու անգամ էլ դիմողը եղել է հենց ինքը` Հովիկ Աղազարյանը:

Պատգամավոր Աղազարյանը, օգտագործելով իր պատգամավորական լծակները, առաջին անգամ դիմել է գործը վարող քննիչին, երկրորդ անգամ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ համոզելով նրանց, որ իր որդու արգելանքի տակ գտնվող մեքենաները հանեն կալանքից:

Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ գործը քննող քննիչը Աղազարյանի դիմումը փոխանցել է իր վերադասին, վերադասը հայտնել է Արգիշտի Քյարամյանին, իսկ Քյարամյանն էլ մերժել է: Երկրոդ անգամ, երբ Աղազարյանը դիմել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, վերջինս այդ մասին տեղյակ է պահել Արգիշտի Քյարամյանին ու կրկին ստացել է մերժում:

Այս իրավիճակում Աղազարյանը, ենթադրաբար, խախտել է նախ՝ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերը սահմանում են. «Պատգամավորի լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը՝ ի շահ իրեն կամ այլ անձի»: Բացի դրանից՝ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասի երկու դրվագով սահմանված է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու եւ խոչընդոտելու արգելքը: Իսկ Աղազարյանն իր դիմումով ենթադրաբար փորձել է խոչընդոտել եւ ազդեցություն ունենալ նախաքննության վրա: Այսպիսով՝ Հովիկ Աղազարյանը, բացի կաշառքի վարույթից, որն արդեն նախաձեռնված է, նաեւ երկու այլ ենթադրյալ օրինախախտումներ է թույլ տվել, ինչի համար ՀՀ գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ եւ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի պառլամենտի միջոցով՝ հարուցելով մեղադրանքներ նրա նկատմամբ: Իսկ եթե մինչ այդ նա մանդատը վայր դնի, թերեւս այս քրեական ենթադրյալ հանցանքները կներվեն, կմոռացվեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Читайте на 123ru.net