Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել, մենք գնում ենք հերթական միակողմանի զիջմանը. սահմանադրագետ
Փաշինյանի` Հանրայինի եթերում արված հայտարարությունը, թե Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, նորություն չէ և հանրային տիրույթում խոսվել է դրա մասին. հայկական քաղաքական իշխանությունն ունի որդեգրված մոտեցում՝ հրաժարվելու բոլոր պահանջներից միջազգային իրավական հարթակներում ընդդեմ Ադրբեջանի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Նրա խոսքով՝ նույնիսկ իշխանության հետ համագործակցող, իշխանամետ մի շարք գործիչներ հանդես եկան դեմ դիրքորոշմամբ.
«Սա անընդունելի մոտեցում է, որովհետև Ադրբեջանը մեր նկատմամբ մի շարք հանցագործություններ է իրականացրել և շարունակում է իրականացնել։ Այս պահի դրությամբ, ՀՀ տարածքային ամբողջականությունն է չորս մարզում խախտված և Ադրբեջանը զինված ներկայություն ունի ՀՀ-ում և խոսքն արդեն բնավ Արցախի Հանրապետության մասին չէ»,- ասաց Մելոյանը:
Նա նշեց, որ Փաշինյանի օգտագործած «կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի» եզրույթն է անկյունաքարայինը․
«Ինչո՞ւ, որովհետև մենք ադրբեջանական կողմից նման հայտարարության, մոտեցման մասին որևէ ձևաչափով չենք լսել: Ավելին, Ադրբեջանը նույն COP29-ի շրջանակում, դրանից առաջ և հետո, ամպագոռգոռ հայտարարություններով հանդես եկավ:
Ադրբեջանը հայտարարություններով հանդես եկավ առ այն, որ ՀՀ-ն բնապահպանական ահռելի թվով հանցագործություններ է իրեն թույլ տվել: Նրանք այդ մասին տարբեր հարթություններով, տարբեր պաշտոնական անձանց մակարդակներով անընդհատ խոսում են»,- ասաց նա:
Մելոյանը նշեց՝ իսկ մեզ մոտ այնպիսի իրականություն են ձևավորել, որ այն դեպքում, երբ թշնամի պետությունն, ի դեմս պաշտոնատար անձանց, նորանոր իրավական պահանջների հիմքեր են ձևավորում, մեր իշխանությունները խոսում են բոլոր հնարավոր պահանջներից հրաժարվելու մասին․
«Պետք է առաջնորդվել փաստերով: Փաստն այն է, որ ադրբեջանական կողմից նման կարծիքի կամ քաղաքականության վերաբերյալ որևէ հրապարակային հայտարարություն արված չէ, ուստի, ես կարող եմ ունենալ պնդում, կարծիք, որ դա հայկական կողմի հերթական միակողմանի նահանջող քաղաքականությունն է»,- նշեց նա:
Ըստ մասնագետի՝ պետք է նաև այն համատեքստում մոտենալ հարցին, որ Ադրբեջանը մեր՝ միջազգային հարթակներում ներկայացված պահանջներից այնքան էլ չի խորշում․
«Ունենք մի շարք որոշումներ՝ թե ՄԻԵԴ-ում կիրառված միջանկյալ միջոցների տեսքով, թե այլ մարմիններում հօգուտ մեզ կայացրած որոշումներ, որոնց Ադրբեջանը չի էլ հետևել»,- ասաց նա:
Մելոյանը օրինակ բերեց, որ Արցախի շրջափակման ժամանակ հումանիտար միջանցքի ապահովման պարտավորություն եղավ Արդարադատության միջազգային դատարանի կողմից՝ հօգուտ հայկական կողմի, բայց Ադրբեջանը որևէ կերպ չխորշեց՝ բոլոր այդ որոշումներն անկատար թողնելու և դրան որևէ հետևանք վրա չհասավ․
«Պետք է նաև այս իրականությունը արձանագրենք, սա էլ ի վնաս հենց այդ միջազգային կառույցների հեղինակության է: Պետք է ունենան մի մարմին, որ ակտերի չկատարման դեպքում սանկցիաներ կիրառի: Մենք Ադրբեջանի դեմ որևէ կտրուկ գործողություն կամ գնահատականի միջազգային կառույցների կողմից՝ մարդկության դեմ ակնհայտ հանցագործությունների համատեքստում, կոնվենցիոնալ հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտման համատեքստում այդպես էլ ականատես չեղանք»,- ասաց նա:
Հարցին էլ՝ եթե այդուհանդերձ նման համաձայնության հնարավոր լինի հասնել և երկուստեք հրաժարվեն միջազգային հայցերից ՀՀ-ն ավելի շատ կտուժի՞, թե՝ ոչ, հաշվի առնելով, որ Դուք էլ ասացիք՝ Ադրբեջանը պարզապես կարող է չկատարել պահանջները, նա ասաց.
«Տեսեք՝ ամփոփիչ գնահատական տամ. Ակնհայտ է չէ՞, այդ խաղաղության պայմանագրի կնքման համար, թե մենք ինչ դիրքերից ենք ի հայտ գալիս։ Բնականաբար, պարտվող կողմն ավելի լայն զիջումների է գնում:
Եվ որքան էլ փորձում են գեղեցիկ փաթեթավորմամբ այդ խաղաղության պայմանագիր կոչվածը մատուցել մեզ, դա ական է՝ hրամցված հայ ժողովրդին»։