ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
Կարծում եմ, որ այստեղ առնվազն երկու կողմ կա, ովքեր շահագրգռված էին կամ չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր ԵԱՏՄ խորհրդի նիստը: Այս մաիսն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ խորհրդի նիստը ՀՀ-ում անցկացնելու փոխարեն Ռուսաստանում անցկացվելու հարցին:
«Իհարկե, առաջինը Հայաստանն է, որովհետև այո, Հայաստանը ստանձնել է, Հռոմի ստատուտը և պարտավորված է կատարել այն, ինչ որ պահանջված է։ Հիշեցնեմ, օրինակ, երբ Ռուսաստանի նախագահը մեկնել էր Մոնղոլիա, Մոնղոլիան բավականաչափ մեծ ճնշման տակ հայտնվեց։ Դե հիմա Հայաստանի իշխանությունները հավանաբար չէին ցանկանա նման ճնշման տակ հայտնվել։ Բայց չեմ բացառում, որ նախաձեռնությունը Հյուսիսից է եկել, որ ասեն՝ դե դուք դա ընդունել եք, դուք էլ տակից դուրս եկեք»,- ասաց Խաչատրյանը:
Խաչատրյանը հիշեցրեց, որ Հռոմի ստատուտի վավերացնելը մեր իշխանությունները ժողովրդին բացատրել էին նրանով, թե վավերացնում են, որ Ադրբեջանի ռազմական հանցագործներին՝ Ալիևից սկսած, կարողանան դատի տալ։ «Այսինքն, հերթական անգամ իշխանությունները խաբել և մոլորեցրել են ժողովրդին։ Շահեցի՞նք ինչ-որ մի բան, ոչ մի բան էլ չշահեցինք»,- ասաց նա:
Ըստ Խաչատրյանի՝ այստեղ նաև հեղինակության հարց կա: «ԵԱՏՄ միակ նախագահող երկիրն ես, որտեղ երկու անգամ նիստը Երևանում չի կայանում։ Պարզ է, որ դա նշանակում է, որ դու վստահելի չես, իսկ Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից և մասնավորապես Ռուսաստանից երբեք այսքան մեծ չի եղել, դա էլ այս իշխանությունների վարած ապիկար, անշնորհք, անհեռատես տնտեսական քաղաքականության հետևանքն է։
Հայաստանի տնտեսությունը երբեք այսքան կախված չի եղել Ռուսաստանից։ Առաջին ինն ամիսների ընթացքում դեպի Եվրամիություն մեր արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների 4%-ից մի քիչ ավելի։ Երբեք չի եղել նման բան։ Եղել է տարիներ, երբ օրինակ Եվրոպական Միությունը Հայաստանի երկրորդ, եթե ոչ առաջին տնտեսական գործընկերն է եղել»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ մենք բոյկոտում ենք ՀԱՊԿ-ը, բայց բայց փաստաթղթերի ընդունման հետ կապված որևէ առարկություն չունենք, ձյունը հալվու՞մ է, նա ասաց.
«Գիտե՛ք, ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես: Հիմա, այս իշխանություններն ասում են՝ լավ, մենք դիվերսիֆիկացնում ենք, բայց որ ուղղությամբ, որ ուզում են դիվերսիֆիկացնեն, այդ ուղղությունը երևելի ոգևորություն ցույց չի տալիս։ Մենք չենք տեսել, որ ՆԱՏՕ-ն ասի՝ եկեք մեզ մոտ մասնակցեք զորավարժությունների։
ՀԱՊԿ էլ չեն գնում, որովհետև, իմ կարծիքով, Ադրբեջանը թույլ չի տալիս։ Ադրբեջանը հայտարարել է, որ հենց Հայաստանը քայլեր ձեռնարկի իր ռազմական պոտենցիալը մեծացնելու ուղղությամբ, մենք հակառակ քայլեր կձեռնարկենք։ Ակնհայտ է, որ ցանկացած ռազմական զորավարժության մասնակցելը մեծացնում է քո զինվորական պոտենցիալը:
Իրավունք ունե՞մ ասել, որովհետև վախենում են Ադրբեջանից։ Իրավունք ունեմ։ Չեմ բացառում, որ վախենում են Ադրբեջանին թթու խոսք ասել»,- ասաց նա: