Գյումրիում երթուղայինի վթարի հետևանքով բուժկենտրոն տեղափոխված վարորդը և ուղևորները դուրս են գրվել
ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Գյումրիում այսօր տեղի ունեցած` հասարակական ուղևորափոխադրում իրականացնող երթուղային «Գազելի» վթարի հետևանքով բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել:
«2024թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-ամյա վարորդը, իր կողմից շահագործվող «Գազել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկել գոտուց և բախվել մայթեզրին գտնվող ծառին։
Վթարի հետևանքով վարորդը և 4 կին ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթը, իրականացվում է նախաքննություն։
Զննվել է դեպքի վայրը, ստուգվել է վարորդի սթափության վիճակը, նա եղել է սթափ։
«Գյումրի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վթարից տուժածների վիճակը եղել է բավարար, վնասվածքները եղել են սալջարդի տեսքով, բոլորը դուրս են գրվել։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է, վթարի պատճառները և հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։