World News

ՊՎԾ-ն Կոտայքի մարզպետարանում ավելի քան 1 մլրդ դրամի, Լոռիում՝ 600 միլիոնի խախտումներ է արձանագրել

Պետական վերահսկողական ծառայությունն ստուգել ու Կոտայքի մարզպետարանում ավելի քան մեկ միլիարդ դրամի, Լոռիում՝ 600 միլիոնի խախտումներ է արձանագրել: Ուսումնասիրության արդյունքներն արդեն Գլխավոր դատախազություն են ուղարկել։


Ստուգող մարմինը նշել է, որ անցած երկու տարիներին երկու մարզում էլ պետական միջոցների անարդյունավետ կառավարման ու սուբվենցիոն ծրագրերի իրականացման նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով մի շարք առերևույթ չարաշահման փաստեր են տեսել։ Օրինակ՝ Կոտայքի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ժամկետանց և անորակ սննդամթերք, առանց համապատասխան փաստաթղթերի և ոչ սպանդանոցային ծագման մսամթերք են հայտնաբերել:


«Հատկանշական է, որ որոշ կազմակերպություններ, չունենալով բավարար ռեսուրսներ կամ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իրականացրել են մեծածավալ մատակարարումներ մարզային ենթակայության դպրոցներին՝ բազմաթիվ խախտումներով և սահմանված նորմերի շրջանցմամբ», - եզրակացրել են ՊՎԾ ներկայացուցիչները։


Այս ամենի վերահսկողությունը մարզպետարանների վրա է՝ թերացել են: Վերահսկողական ծառայության ուսումնասիրած տարիներին Լոռու մարզպետն էր Արամ Խաչատրյանը, որ այս տարվա հունվարին ազատվեց աշխատանքից վարչապետի Լոռու մարզ կատարած այցից հետո:


Կառավարության ղեկավարը պետական միջոցներով արվող շինարարությունից դժգոհ էր մնացել, հետո էլ գործադիրի նիստում քննադատել մարզային իշխանություններին, թե վատ են վերահսկել:




Պաշտոնազրկվելուց ամիսներ անց, սակայն, վարչապետը վատ վերահսկողության և հարցերը չլուծելու համար քննադատված Խաչատրյանին իր խորհրդականը նշանակեց: Այսօր վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանն ասում է՝ անհանգստացած չէ Պետական վերահսկողական ծառայության հայտնաբերած խախտումներից, որ առնչվում են իր պաշտոնավարման տարիներին:


«Ազատության» հարցին՝ չի անհանգստանում, որովհետև կարծում է, որ սխալվել է ՊՎԾ-ն, թե՞ ինքը չէ դրա մեղավորը, Խաչատրյանը պատասխանեց. - «Ես չեմ»:


Թե՛ Կոտայքի ու թե՛ Լոռու մարզպետարաններում լուրջ խախտումներ են գտել սուբվենցիոն ծրագրերում: Ըստ ՊՎԾ-ի դրանք իրականացվել են «պայմանագրային ժամկետների խախտմամբ ու շինարարության որակի էական թերություններով»:


Վերջին նիստում գործադիրի անդամները երկար խոսեցին մարզերում պետական ու համայնքային միջոցներով արվող սուբվենցիոն ծրագրերի մասին: Բայց այդպես էլ որևէ խոսք չեղավ նիստից օրեր առաջ հրապարակված ՊՎԾ-ի զեկույցի մասին, ըստ որի միայն երկու մարզում ավելի քան մեկուկես միլիարդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել, մեծ մասը՝ սուբվենցիոն ծրագրերում:


Լոռու մարզի համայնքներում կատարվող ծրագրերը դիտարկող «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը վստահ է՝ Պետական վերահսկողական ծառայությունը նույնատիպ խախտումներ կգտնի նաև այս տարվա ծրագրերում: Ասում է՝ շինարարությունների նախագծերն ու արված աշխատանքը, որպես կանոն, տարբերվում են կամ աշխատանքի թերություններն անտեսվում են՝ ներքին համաձայնության, գուցե նաև, այսպես կոչված, «ատկատների» արդյունքում:


«ՊՎԾ-ի բացահայտումների արդյունքում պետք է հստակ տրվի պատասխան, թե կոնկրետ որ պաշտոնյան է եղել չարաշահողը, ով է եղել կոռուպցիոն գործարքի մեջ», - ընդգծեց Քոթանջյանը:


Լոռու մարզի դեպքում վերահսկողական ծառայությունը նշել է, որ արձանագրված մի շարք խախտումներ արդեն վերացված են կամ ընթացքի մեջ են: Դեռ հայտնի չէ՝ դատախազությունն իրավական գործընթաց կսկսի՞ ՊՎԾ-ի ուսումնասիրության առնչությամբ, թե՞ ոչ:


 


 


 


 

Читайте на 123ru.net