World News

«Պետք է շարունակել պայքարը». Երևանի իշխանություններն առաջարկում են ևս մեկ ամիս պահպանել տրանսպորտի ներկայիս սակագինը

Ինչո՞ւ հունվարի 1-ին սպասվող թանկացմանն ընդառաջ Երևանի իշխանությունները որոշեցին ևս մեկ ամիս էլ պահպանել տրանսպորտի ներկայիս 100 դրամ սակագինը։


Քաղաքապետարանը երեկ հայտարարեց, որ մինչև փետրվարի 1-ը հնարավոր կլինի մեկ ուղղության համար վճարել 100 դրամ, բայց ոչ թե հենց մետաղադրամով, այլ բացառապես էլեկտրոնային, օրինակ,  Tellcell Wallet-ով, QR կոդով կամ էլ բանկային քարտով։


100 դրամ ուղեվարձը պահպանելու ջատագով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկվա այս նորությունից հետո հայտարարեց՝ պետք է շարունակեն պայքարը։ Ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունները թանկացմանը դեմ ստորագրություններ են հավաքել։ Միասին արդեն 75 հազար ստորագրություն ունեն։




«Եթե որոշեն փետրվարի 1-ից նորից թանկացնել տրանսպորտը, ապա ժողովուրդը կանի նույնը՝ ինչ պատրաստվում էր անել հունվարի 1-ին. ժողովուրդը փետրվարի 1-ին կբոյկոտի այս թանկացումը», - հայտարարել է Մարությանը:


Քաղաքապետարանի նախորդ որոշման համաձայն՝ Երևանը հունվարի 1-ից անցնելու էր միասնական տոմսային համակարգի, և փաստացի, այլևս 100 դրամանոց տոմս չէր լինելու։ Բայց քաղաքային իշխանությունը հունվարից մոտ երկու շաբաթ առաջ որոշեց թողնել 100 դրամանոցը, որպեսզի, ինչպես պնդեցին, հեշտ անցում կատարվի միասնական տոմսային համակարգին։


Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը, միևնույն ժամանակ, ընդգծել էր՝ արդեն հունվարից հնարավոր կլինի ձեռքբերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով ուղևորները կկարողանան լիցքավորել փաթեթները։ Խոստանում են՝ կգործարկվի նոր կայք, որի միջոցով էլ ուղևորները կգնեն էլեկտրոնային տոմսերը։ Այս պահին ոչ կայքի հասցեն է հայտնի, ոչ էլ գործարկման օրը։


Իզաբելլա Աբգարյանը պնդում է՝ խճճված համակարգը չեն կարողանում աշխատեցնել

Մինչ քաղաքապետարանը վստահեցնում է, որ այդ կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին, ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը պնդում է՝ խճճված համակարգը չեն կարողանում աշխատեցնել։




«Նայենք քրոնիկոնն այդ փոփոխությունների. սկզբում հայտարարեցին մի տիպի փաթեթներ, որտեղ սահմանափակ էր, ավելի թանկ է, մարդիկ այդ փաթեթները սուլեցին, փոխեցին, բերեցին այլ գնի: Հետո պետք է սեպտեմբերից թանկանար, այդտեղ էլ ձախողեցին, չկարողացան ճիշտ կառավարել, բերեցին հունվար, հիմա էլ տեղափոխում են փետրվար», - ներկայացրեց նա:


Աբգարյանը կարդացել է քաղաքապետարանի երեկվա հայտարարությունն ու հասկացել հետևյալը. եթե հունվարից գործեց նոր համակարգը, կստացվի, որ կլինի մեկ տոմս 100 դրամով և նոր փաթեթներ։


Համաձայն հաստատված նախագծի՝ 8.800 դրամ կարժենա 30 օրվանը, 23.600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ 90 րոպեանոց տոմսեր էր կլինեն՝ 280 և 300 դրամ արժողությամբ։


Ավագանու ընդդիմադիր անդամը նկատում է՝ որպեսզի նոր համակարգը նորմալ գործեր հունվարի 1-ից, արդեն հիմա պետք է սկսեին փաթեթների վաճառքը։ Բայց, ըստ նրա, իշխանությունները հաճախ փոփոխում են իրենց որոշումները, քանի որ դեռ պատրաստ չեն միասնական համակարգի անցմանը։ Պնդում է՝ մինչև այս նոր համակարգին անցնելն ու սակագին որոշելը, իշխանությունները պետք է ուսումնասիրեին, թե ով է թիրախն ու առավելագույնը որքա՞ն կարող են բարձրացնել սակագինը. լավագույն տարբերակը լիցքավորվող քարտերն ու մեկանգամյա տոմսն է, կարծում է ընդդիմադիր պատգամավորը։


Երևանցիներն, իրենց հերթին, հակված են վճարել 100 դրամ, ոչ թե խճճվել այս փաթեթների մեջ, կան նաև հարմարվողներ:


Քաղաքապետ Ավինյանն օրերս հեռուստաբանավեճի ժամանակ սուտ էր որակել ընդդիմադիրների պնդումները, թե տրանսպորտը թանկանալու է։ Էլի պնդեց՝ թանկացում չկա։ Քաղաքային իշխանությունը, միաժամանակ, պնդում է՝ առանց այս նոր սակագների հնարավոր չէ բարեկարգել Երևանի տրանսպորտային համակարգը։


 


 


 


 

Читайте на 123ru.net