Հավատավոր գյումրեցին անվեհեր դիմակայում է դժվարությունները, նեղությունները՝ վճռականությամբ ընտրելով առաջընթացի ուղին. Շիրակի թեմի առաջնորդ
Այո՛, ծանր էր հայոց համար անցնող տարին, սակայն, Ամենակալ Տիրոջ կամքով, մեր հավատավոր զավակներին հույսի, վերընձյուղման նոր շողեր ընծայեց տարեվերջը՝ երկու նշանավոր ու անմոռաց իրադարձությամբ: Նախ հայ քրիստոնյայի առջեւ, երկար ընդմիջումից հետո, իր օրհնյալ դռները բացեց համայն հայության հոգեւոր օրրանը՝ Մայր Տաճարը, կրկին միմյանց ու Հայրենիքին կամրջելով բյուր-բյուրավոր սրտեր, ապա նաեւ Գյումրու եւ գյումրեցու մշտանորոգ աղոթքը հնչեց նորոգ վերաօծյալ Ս. Ամենափրկիչ եկեղեցու կամարների ներքո՝ ահեղ երկրաշարժից 36 տարի անց: