Երբեք մեր լրատվական դաշտը այսքան խոր բևեռացվածություն չի ունեցել. Աշոտ Մելիքյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, համակարծի՞ք եք ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանում մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան՝ այսօր, սա աքսիոմատիկ ճշմարտություն է»:
– Այստեղ նախ հստակեցում է պետք, թե որ տեսանկյունից է լրատվադաշտը ազատ: Այն առումով, որ լրատվամիջոցներն իշխանություններից ազատ են, այո՛, հետհեղափոխական շրջանում, ընդհանուր առմամբ, լրատվամիջոցներն ավելի ազատ են, քան նախորդ տասնամյակների ընթացքում: Այս ասելով ես նկատի ունեմ, որ որևէ այլ իշխանության ժամանակ Հայաստանը չի ունեցել մի իրավիճակ, երբ այսքան ընդդիմադիր կեցվածքով հեռարձակվող հեռուստաընկերություններ են եղել, սա փաստ է, ու շատ դժվար է սրա հետ վիճել:
Մենք գիտենք նաև, որ եղել են ժամանակներ, որ լրատվամիջոցներ են փակվել, եղել են ժամանակներ, երբ ամբողջ հեռարձակման ոլորտը տոտալ վերահսկվում էր իշխանությունների կողմից, այլակարծությունը գրեթե բացակայում էր, կամ եթե այլ կարծիքներ էին հնչում, ապա դրանք խիստ դոզավորված էին: Հիմա չկա այնպիսի թեմա, միտք կամ գաղափար, որի համար չգտնվի համապատասխան հարթակ, տաբու թեմաներ չկան, ցանկացած թեմա կարող է լուսաբանվել:
Օրենսդրական փոփոխությունների առումով՝ այո՛, որոշակի փոփոխություններ եղել են, բայց դա ամենևին էլ այն չէ, ինչ, ասենք, պատկերացնում էին լրագրողական կազմակերպություններն ու պատրաստվում էին անել հեղափոխությունից անմիջապես հետո, այսինքն՝ մենք նպատակ ունեինք հիմնովին բարեփոխել օրենսդրությունը ու այն համապատասխանեցնել եվրոպական չափորոշիչներին, ցավոք սրտի, իշխանությունը դրան չգնաց:
Մեծ հաշվով, այո՛, Հայաստանում որևէ իշխանական ատյան չի կարող արգելել որևէ այլ լրատվամիջոցի լուսաբանել այս կամ այն թեման կամ ազդել խմբագրական քաղաքականության վրա: Սա մեծ տարբերություն է, իհարկե, եթե համեմատենք նախորդ իշխանությունների կամ նախորդ տասնամյակի հետ, բայց պետք է ընդունենք, որ երբեք մեր լրատվական դաշտը այսքան խոր բևեռացվածություն չի ունեցել, ու եթե մենք խոսում ենք, որ լրատվամիջոցներն ազատ են իշխանությունների թելադրանք-պարտադրանքներից, ապա պետք է նշել, որ նրանք ամենևին ազատ չեն իրենց սեփականատերերի, քաղաքական հովանավորների ու քաղաքական ֆինանսավորողների կամքից:
Շատ դժվար է պատկերացնել, որ իշխանամետ լրատվամիջոցներում հնչի քննադատություն իշխանության հասցեին, կամ ընդդիմադիր լրատվամիջոցներում՝ ընդդիմադիրների: Այս առումով մեր լրատվական դաշտն ընդհանրապես ազատ չէ, ու սա մեր ինֆորմացիոն ոլորտի ամենալուրջ խնդիրն է, որի վրա նաև ուշադրություն են դարձնում միջազգային կառույցները ու զեկույցները:
– Ֆինանսավորողներից կախվածություն ունենալը առավել ընդգծված էր մինչև՞ հեղափոխությունը, թե՞ դրանից հետո է ավելի ցայտուն դարձել:
– Այդ խնդիրը միշտ է եղել, բայց հետհեղափոխական շրջանում դա էլ ավելի սրվեց, ու քանի որ կատաղի պայքար սկսվեց իշխանության ու ընդդիմության միջև, նաև մոտեցումները շատ ավելի կոշտացան, ու գլխավոր խնդիրը դրվեց ցանկացած միջոցով հակառակ ճամբարի քաղաքական ուժին ու նրան սպասարկող լրատվամիջոցին ոչնչացնել: Այս առումով պահանջներն ավելի կոշտացան, ու ազատության մակարդակը լրատվամիջոցներում շատ ավելի նվազեց:
– Պարո՛ն Մելիքյան, հիմա իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, որ իրենց մեդիաներով ատելության խոսք են տարածում, գեներացնում: Այս մասով ի՞նչ դիտարկումներ ունեք:
– Այստեղ ո՛չ իշխանությունը կարող է մեղքը բարդել ամբողջությամբ ընդդիմության վրա, ո՛չ էլ հակառակը, որովհետև այս առումով երկու կողմն էլ այդ ուղղությամբ շատ ակտիվ գործում է ու թյուր կարծիք ունի, որ հակառակ ճամբարի նկատմամբ ատելության խոսք գեներացնելով՝ կարող է շատ մարդկանց համախմբել իր շուրջ:
Այս առումով ես ասում եմ, որ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց արժեն, այսինքն՝ այդ երկու հակամարտող ճամբարը իրենց ամբողջ քարոզչական ներուժն օգտագործում են ատելությունը գեներացնելու համար: Բայց այստեղ նախևառաջ, իհարկե, պատասխանատվությունը իշխանության վրա է, ու հենց նա պետք է ջանքեր գործադրի մթնոլորտը մեղմելու, ատելության քարոզը հաղթահարելու:
Ցավոք, նա այդպիսի քաղաքական կամք չի ցուցաբերում, ինչպես և ընդդիմությունը չի ցուցաբերում այդ կամքը, ու, ի վերջո, այդ քաղաքականության զոհն է դառնում հասարակությունը, որովհետև տեսնելով պայքարի այս մեթոդը, հիասթափվում է քաղաքական դաշտից: Ես չեմ բացառում, որ եթե հաջորդ խորհրդարանական ընտրությունը անցնի այս մթնոլորտում, ապա ընտրողների մեծ մասն ուղղակի ընտրատեղամաս չի գնա:
Միմյանց դեմ ցանկացած միջոցով պայքարելու, ատելության խոսք գեներացնելու այս մեթոդը նաև վատ օրինակ է հասարակության համար դառնում, որովհետև երբ մարդիկ տեսնում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները նման խոսույթ ու վարք են կիրառում, իրենք է՛լ ավելի սանձարձակ վարք են դրսևորում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Երբեք մեր լրատվական դաշտը այսքան խոր բևեռացվածություն չի ունեցել. Աշոտ Մելիքյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.