World News

ՔՊ-ի որոշումը կանաչ լույս էր մյուսների համար, որ կարող եք լրագրողներին ծեծել, ինչ ուզեք անել. Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

– Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը փակ նիստում քննել է իրենց թիմակից Անդրանիկ Քոչարյանի վարքը ու եկել եզրահանգման, որ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտություն չկա, հիշեցնեմ, որ խոսքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին է: Նման որոշումը սպասելի՞ էր, տիկի՛ն Զոհրաբյան:

– Իհարկե սպասելի էր, որովհետև հատկապես հիմա, երբ իշխանության վարկանիշը այլևս մոտեցել է հաստատուն զրոյի, սեփական ոհմակից որևէ մեկին, ինչպես ասում են՝ ժերտվա տալն ուղղակիորեն ներսից տրաքացնելու էր առանց այն էլ խարխլված ՔՊ-ն: Եթե իրենք ժերտվա տային Անդրանիկ Քոչարյանին՝ հարց էր առաջանալու, թե ինչու նույնատիպ հանձնաժողով չստեղծվեց իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ժամանակ, երբ Էդգար Ղազարյանին սպառնում էր լեզուն ու ականջները կտրել, ինչո՞ւ չստեղծվեց հանձնաժողով մեկ այլ իշխանական պատգամավորի պարագայում, որը շիշ էր նետում գեներալ Սեյրան Օհանյանի ուղղությամբ, ու այս ցանկը շատ երկար կարելի է շարունակել: 

ՔՊ-ականների բեսպրեդելի յուրաքանչյուր միջադեպ խորհրդարանում արժանի էր լրջագույն քննության ու ոչ միայն քննության, այլև մանդատազրկման, բայց քանի որ ՔՊ-ի համար հիմա ցանած սեփական ատելությունը հնձելու ժամանակն է, որովհետև այն դժոխային ատելությունը, որ կա Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի առաջին դեմքերի հանդեպ, վախենալու է, դա հաշվեհարդարի հոտ պարունակող ատելություն է, ու ամեն ինչ պետք է անել, որ մեր երկրում հաշվեհարդարներ չլինեն, որովհետև Նիկոլ ընտրած հասարակությունն է Ֆրանկենշտեյնի նման, պայմանական ասած, խժռելու այս իշխանությանը: 

Քանի որ այս իշխանությունը բոլորից լավ գիտի իր տապալված վարկանիշի մասին, բնական է, որ իրենք պետք է փորձեն թեկուզ այսպես ֆեյք միասնականության իմիտացիան պահպանել: Սա է խնդիրը, որ մենք նաև տեսնում ենք նրանց հիստերոիդալ պահվածքը խորհրդարանում, ինչու միայն Անդրանիկ Քոչարյան՝ Հռիփսիմե Ջեբեջյան, մի քանի օր առաջ մենք տեսանք զարհուրելի տղամարդու հիստերիա՝ Խաչատուր Սուքիասյանի գրոհը լրագրող Նարեկ Կիրակոսյանի վրա, այնպես որ, նմանատիպ դեպքերը բազմաթիվ են եղել: 

Հասկանալի է, որ իշխանությունն ադեկվատ վիճակում չէ, հասկանում է, որ իր դեդլայնն ավարտվում է, ու նաև շատ լավ հասկանում է, որ իրենք հայկական Նյուրնբերգի գլխավոր հերոսներն են լինելու, ու դրա համար էլ մենք տեսնում ենք նման պահվածք, որի հիմքում վախն է հաշվեհարդարից, այն մարդկանց հաշվեհարդարից, որոնք ընտրել են իրենց:

 – Այս որոշումն ինչի՞ մասին է խոսում, արդյոք փաստո՞ւմ է, որ իշխանության ներկայացուցիչները համակարծիք են Անդրանիկ Քոչարյանի հետ:

– Իրենք ոչինչ չեն որոշում, Նիկոլ Փաշինյանն ընդհանուր չատում իրենց ինչ sms կգրի, իրենք այդ վարքագիծն էլ կդրսևորեն: Եթե Նիկոլ Փաշինյանը օբշակում, կներեք այդ բառի համար, բայց իրենց մոտ օբշակ է, գրեր, որ բոլորդ միասին դատապարտում եք Անդրանիկ Քոչարյանին, ապա մենք այսօր այդ տեսարանին ներկա կլինեինք: Այսինքն՝ իրենք ոչինչ չեն որոշում, չեմ էլ ուզում կոպիտ բաներ ասել, բայց ցիտեմ Հովիկ Աղազարյանին՝ ՔՊ-ում բոլորը թրաֆիքինգի զոհ են, մեկ մարդու զոհ են, որոնք վերարտադրում են այն, ինչ ուղղակիորեն հանձնարարվում է իրենց:

– Տիկի՛ն Զոհրաբյան, իսկ այս որոշումը կարո՞ղ է նպաստել լրագրողների նկատմամբ նմանատիպ վարքի դրսևորումների:

– Բնականաբար այո՛, սա կանաչ լույս էր մյուսների համար, որ կարող եք լրագրողներին ծեծել, ինչ ուզեք անել: Հիշո՞ւմ եք՝ ՀՀԿ-ի ժամանակ, երբ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, իրեն թույլ էր տվել լրագրող Մհեր Արշակյանին ասել՝ ծնոտդ կջարդեմ, մենք տեսանք, թե դա ինչ հանրային պարսավանքի արժանացավ, Արմեն Աշոտյանը ներողություն խնդրեց, իսկ հիմա այս մարդիկ ասում են, թե ամեն ինչ օքեյ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն այսօր չի կարող թեկուզ ամենաանպիտան զինվորի իր խաղատախտակից հեռացնել, որովհետև արդեն ասացի, թե ինչ վիճակում է իշխանությունն այսօր:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post ՔՊ-ի որոշումը կանաչ լույս էր մյուսների համար, որ կարող եք լրագրողներին ծեծել, ինչ ուզեք անել. Նաիրա Զոհրաբյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте