World News

Ի՞նչ նպատակով է փոխվում Արցախի Սահմանադրությունը, Արցախի խորհրդարանը ո՞ւմ է նախագահ ընտրելու. Գալստյանը մանրամասնում է

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը 

– Պարո՛ն Գալստյան, Արցախի ԱԺ-ն նախատեսում է փոխել Արցախի Սահմանադրությունը, ստեղծել նախագահի ու ԱԺ-ի գործունեության շարունակականությունն ապահովող մեխանիզմներ։ Կխնդրեմ մանրամասնեք, թե ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։

– Խորհրդարանի գործունեության շարունակականության խնդիրը այս պահին էլ լուծված է: Քանի որ այս տարվա մայիսի 21-ին լրանում է նախագահի լիազորությունների ժամկետը, ու պետք է նոր նախագահ ընտրվի, Սահմանադրության մեջ այդ փոփոխությունն առաջին ընթերցմամբ արդեն իսկ կատարվել է, ու ես համոզված եմ, որ երկրորդ ընթերցմամբ ևս այդ փոփոխությունը հանգիստ կատարվելու է, ու որևէ խնդիր չի լինելու: Ես չեմ կարծում, թե որևէ արցախցի կարող է դեմ լինել Արցախի պետական ինստիտուտների շարունակականությանը:

– Ստացվում է, որ Արցախի պետական կառույցները բռնի տեղահանումից հետո մինչև հիմա աշխատո՞ւմ են: 

– Իհարկե, ու դրա վկայությունը Արցախի Հանրապետության խորհրդարանի կողմից ստեղծված արտաքին հարցերի հանձնախումբն է, որը գլխավորում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Միջազգային հարթակներում Արցախի հարցը չի փակվել, ընդունվում են տարբեր բանաձևեր, ընդ որում՝ Արցախի մասնակցությամբ, մեր վերադարձի իրավունքների մասով պետք է համաժողովներ անցկացվեն: 

Ցավալին միայն այն է, որ ներկա իշխանություններն ամեն ինչ անում են, որ փակեն այդ բոլոր խողովակները, որոնցով մենք մեր վերադարձի իրավունքն ենք բարձրաձայնում: Ադրբեջանի թելադրանքով կամ Ադրբեջանին հաճոյանալու համար նրանք ընտրել են այդ քաղաքականությունը: 

– Պարո՛ն Գալստյան, այսինքն՝ Սահմանադրության փոփոխությունները միտված են երկարաձգելո՞ւ նախագահի պաշտոնավարման ժամկետը:

– Փոփոխությունը թույլ է տալու անուղղակի ընտրություն անցկացնել, այսինքն՝ քանի որ այսօր հնարավոր չէ ընտրություն անել, ԱԺ-ն պետք է կարողանա մայիսի 21-ից հետո նախագահ ընտրել:

– Այսինքն՝ խորհրդարա՞նն է ընտրելու նոր նախագահին:

– Այո՛, մինչև ընտրության հնարավորություն կլինի:

– Նախագահի թեկնածու կա՞, թե՞ Սամվել Շահրամանյանն է մնալու այդ պաշտոնում:

– Խնդիրը պետք է հասունանա, որ նոր լուծենք, դեռ նման խնդիր չունենք: 

– Հայաստանի իշխանությունը բազմիցս ասել է, որ չի ընդունում Արցախի վտարանդի իշխանություն ստեղծելու գաղափարը, այս պայմաններում կխնդրեմ ասեք՝ ո՞րն է լինելու ձեր աշխատանքի արդյունավետությունը կամ մինչև հիմա արվածի արդյունավետությունը ո՞րն է:

– Շատ ու շատ արցախցիների խնդիրներ լուծվել են Արցախի ներկայացուցչությունում, միջազգային տարբեր խողովակներով լինում են հանդիպումներ, երբ Ֆրանսիայից պատգամավորներ էին ժամանել, մեզ հետ հանդիպում է եղել, խոսվել է մեր վերադարձի իրավունքի, մեր սոցիալական խնդիրների մասին, ու հենց այդ ժամանակ ֆրանսիացի պատգամավորներն ասել են, որ 23 միլիոն եվրո է հատկացվել Հայաստանին՝ Արցախից տեղահանվածների սոցիալական հարցերը լուծելու նպատակով: 

Բայց տեսնում ենք, որ շատ ու շատ պետական պաշտոնյաներ խոսում են, որ միջազգային հանրությունը քիչ գումարներ է տրամադրել: Ես կոչ եմ անում այս իշխանությանը՝ թող հրապարակեն այն բոլոր միջոցները, որ ստացել են միջազգային հանրությունից: Այսօր իրենք փորձում են մեր հայրենակիցների միջև եղած ջրբաժանը էլ ավելի խորացնել, թե իբր Հայաստանի մեր հայրենակիցների հարկերի հաշվին են արցախցիներին աջակցող սոցիալական ծրագրեր իրականացնում: Նրանք իրականում զբաղված են մանիպուլյացիայով, երբ նման հայտարարություններ են անում: 

– Պարո՛ն Գալստյան, այսինքն, դուք նշում եք, որ միջազգային խողովակներով բավարար օգնություն է տրվել, բայց դա ամբողջովին չի՞ հատկացվել արցախահայությանը:

– Ոչ թե չի տրամադրվել, այլ այս իշխանությունը չի խոսում այդ գումարների մասին ու փորձում է հանրությանը տրամադրել արցախցիների դեմ, փորձում է հիմա էլ ներկայացնել, թե արցախցին բեռ է Հայաստանի համար, որովհետև մեր հայրենակիցների հաշվին են մեզ համար ինչ-որ աջակցության ծրագրեր անում: Բայց դա այդպես չէ, ու նորից եմ ասում, թող հրապարակեն արցախահայության կարիքները հոգալուն ուղղված միջազգային տարբեր կառույցներից ու երկրներից ստացված ֆինանսների չափը:

– Ստացվում է, որ միջազգային հանրությունը, ի տարբերություն Հայաստանի գործող իշխանության, ընդունո՞ւմ է Արցախի վտարանդի կառավարության գոյությունը:

– Դե ես մեկ փաստ բերեցի, որ Ֆրանսիայի պատգամավորների հետ հանդիպում է եղել, Շվեյցարիայի կառավարությունն ընդունել է բանաձև, որով պետք է միջազգային համաժողով կազմակերպվի, որին մասնակցեն Արցախի ներկայացուցիչները: Շատ ու շատ երկրներ այսօր կոչ են անում, որ մեր վերադարձի իրավունքը բերվի միջազգային օրակարգ, բայց օրվա իշխանություններն անում են հակառակը: 

Ես նաև տեղեկություններ ունեմ, որ խոչընդոտում են, այդ երկրներին կոչ են անում, որ չխոսեն Արցախի մասին, որովհետև, ըստ իրենց, այդ ամենը խանգարում է խաղաղության գործընթացին: Բայց իրենց բերած այս բոլոր թեզերը կեղծ են ու բխում են միայն թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից: 

– Մարդկանց մեջ կարծիք կա, թե այն, ինչ անում եք, ինքնանպատակ է ու անիմաստ, որովհետև չկա Արցախի պետություն։ Ի՞նչ կասեք այս մասին:

– Արցախի Հանրապետությունը ձևավորվել է հանրաքվեի միջոցով ու այսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից, ու մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախը հայկական դարձնելուն, ու այդ ճանապարհին շատ կարևոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանումը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ի՞նչ նպատակով է փոխվում Արցախի Սահմանադրությունը, Արցախի խորհրդարանը ո՞ւմ է նախագահ ընտրելու. Գալստյանը մանրամասնում է first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте