Սա չի կարող անպատժելիության մթնոլորտ առաջացնել. ՔՊ պատգամավորը՝ Անդրանիկ Քոչարյանի դեպքով էթիկայի հանձնաժողով չստեղծելու մասին
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
– Տիկի՛ն Հակոբյան, այն փաստը, որ ձեր խմբակցությունը մերժեց ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը, որպեսզի քննվեր ձեր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ կապված միջադեպի համատեքստում, բացասական արձագանքների է արժանացել, ու կարծիքներ են հնչում, թե այս քայլով ձեր քաղաքական թիմը իր լիարժեք համաձայնությունն է տալիս Քոչարյանին ու խրախուսում է լրագրողների հետ շփման նման ձևը։ Դուք ի՞նչ կարծիքի եք:
– Մեր խմբակցությունը մերժեց կոնկրետ այդ դեպքով էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, որովհետև մենք ցանկանում ենք ստեղծել էթիկայի մշտական հանձնաժողով, որտեղ հնարավոր կլինի քննել պատգամավորի կողմից նմանատիպ դեպքերը, այլ ոչ թե ամեն դեպքի հետ կապված առանձին հանձնաժողով ստեղծվի։
Ինչպես գիտեք, այս կարգավորումներով, օրենքով հնարավոր չէ այդ մշտական հանձնաժողովի ստեղծումը, դրա համար էլ մենք այս պահին նախագիծ ենք պատրաստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որպեսզի հնարավոր լինի այդ հանձնաժողովը ստեղծել։
– Եթե նման միջադեպի մասնակից լիներ ընդդիմադիր որևէ պատգամավոր՝ ձեր քաղաքական թիմը էլի՞ նույն որոշումը կկայացներ։
– Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նույն ընդդիմադիր պատգամավորները, գործիչներն են նման կամ շատ ավելի վատ վարքագիծ դրսևորել թե՛ լրագրողների, թե՛ քաղաքացիների նկատմամբ, բայց, ինչպես տեսնում եք, էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկ ոչ մենք են ներկայացրել, ո՛չ էլ առավելևս ընդդիմությունը։
Ես կարող եմ հիշեցնել, օրինակ՝ ընդդիմադիր պատգամավորի հայհոյախառն մեկնաբանությունը քաղաքացու նկատմամբ, քաղաքացուն անվանել «ժեխ» և այլն կամ, օրինակ՝ Սիվիկի լրագրողի բռնության դեպքը ԱԺ-ում։ Բազմաթիվ են եղել նման դեպքերը, երբ դրանց վերաբերյալ հանձնաժողովներ չեն ստեղծվել, մենք չենք էլ տեսել ընդդիմադիր կեցվածք ունեցող լրագրողի պաշտպանական խոսքը՝ իրենց գործընկերոջ նկատմամբ կիրառված դեպքի վերաբերյալ։
– Տիկի՛ն Հակոբյան, համակարծի՞ք եք հնչող այն մտահոգություններին, որ իշխանության նման արձագանքը երկրում ստեղծել ու ստեղծելու է անպատժելիության մթնոլորտ, որն էլ հիմք է դարձել, որ բարձրաստիճան պաշտոնյաները նման վարք դրսևորեն լրագրողների նկատմամբ։
– Եթե կոնկրետ պարոն Քոչարյանի դեպքը նկատի ունեք, ապա, ո՛չ, ձեզ հետ չեմ համաձայնի։ Պարոն Քոչարյանը մեջբերել է ու հիշեցրել նույն տիկին Ջեբեջյանին իրենց սիրելի հոգևորականի՝ Բագրատ Գալստանյանի խոսքը, դա ընդամենը մեջբերում է, ու ոչ մի վատ բան նկատի չի ունեցել նա, ինչի վերաբերյալ պարոն Քոչարյանը պարզաբանում արել է։
Ինքս ասել եմ, որ անընդունելի է նման վարքագիծը ու արտահայտել եմ այն։ Սա չի կարող անպատժելիության մթնոլորտ առաջացնել, բայց ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր գործիչները չպետք է թիրախավորեն ո՛չ լրագրողներին, ո՛չ քաղաքացիներին, ո՛չ որևէ մեկի։ Ցանկացած դեպքում նման խոսույթը պետք է մերժվի ու տեղ չունենա մեր քաղաքական համակարգում։
– Չէ՛, կոնկրետ դեպքը չէ, այլ ձեր հիշատակած դեպքերի մասով, երբ ժամանակին առաջարկեիք էթիկայի հանձնաժողով ստեղծել, քաղաքական գնահատական հնչեցնեիք որպես իշխանություն, չե՞ք կարծում, որ նման դեպքերը կկանխվեին։
– Մենք քաղաքական գնահատական տվել ենք, խոսել, քննադատել ենք ու վերջ, ամեն դեպքի հետ կապված էթիկայի հանձնաժողով չենք ստեղծում։
– Ե՞րբ է ստեղծվելու այդ հիմնական հանձնաժողովը, ու արդյոք քննության առարկա դառնալո՞ւ են նույն Անդրանիկ Քոչարյանի, ձեր նշած մյուս դեպքերը։
– Այդ հանձնաժողովը ստեղծվելու ժամկետ ունի, հիմա նախագծի պատրաստման փուլն է, երբ ընթերցումները անցնեն, կմտնի ուժի մեջ, ենթադրում եմ, որ արդեն աշնանը կունենանք այդ հանձնաժողովը։ Նախագիծը պատրաստվի, կհասկանանք, թե ինչ վաղեմության ժամկետներ ունեն դեպքերը, ու կհասկանանք արդեն՝ պարոն Քոչարյանի դեպքը կընդգրկվի՞ արդյոք այդ հանձնաժողովում, թե չէ։
– Անձամբ դուք ինչպե՞ս եք վերաբերվում ձեր գործընկերների այն մոտեցմանը, որ լրագրողներին տարանջատում են ընդդիմադիր և իշխանական ԶԼՄ-ների աշխատակցի ու դրանով պայմանավորված՝ և՛ վերաբերմունքն է այլ դառնում, և՛ հարցազրույց տալ -չտալու որոշումը։ Սա նորմա՞լ գործելաոճ եք համարում։
– Առհասարակ անընդունելի եմ համարում լրագրողներին առանձնացնել ըստ աշխատանքի վայրի, բայց ուզում եմ նկատել, որ շատ լրագրողներ իրենք են դիրքավորվում որպես ընդդիմադիր ու ավելի ընդդիմադիր կեցվածք են որդեգրում, քան ընդդիմադիր գործիչները։ Իսկ նման բանից հետո չի կարող չլինել տրամադրվածություն, բայց ինքս չեմ տարանջատում լրագրողներին ու բոլորին եմ հարցազրույց տալիս։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Սա չի կարող անպատժելիության մթնոլորտ առաջացնել. ՔՊ պատգամավորը՝ Անդրանիկ Քոչարյանի դեպքով էթիկայի հանձնաժողով չստեղծելու մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.