World News

Ալիևն այս պահին ռազմական ուժով ինչ-որ բանի հասնելու նպատակ չունի, քանի որ փափուկ ուժի կիրառմամբ հասնում է իր նպատակին. Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Կարապետյանը 

– Պարո՛ն Կարապետյան, ինչո՞վ եք պայմանավորում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրառման խմբագրումը, որում «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը դարձել էր «1915-23 թվականների զոհեր»։

– Շատ բացասական եմ վերաբերվում, իսկ ձեր հարցի կոնկրետ պատասխանը հետևյալն է, որ գործում են երկակի ստանդարտներ, ըստ հարմարության, ըստ իրավիճակի։ Այստեղ չպետք է նեղանալ, պետք է հասկանալ, որ ըստ իրավիճակի շահերը առաջնահերթություն են դիտարկվում ու շարժվում են ըստ այդմ։ Զարմանալու ոչինչ չկա, սա սպասելի էր։

– Ո՞րն է ԵՄ շահը հիմա։

– ԵՄ առաքելությունը, այո՛, այստեղ է, կոնկրետ իր գործառույթներն է իրականացնում, որն է մոնիթորինգային աշխատանքը, ինչը սահմանափակ գործառույթ իրականացնող մարմին է, որի մեջ բացառված է ռազմական բաղադրիչը։ ԵՄ դիտորդական այս առաքելությունը տեսնում է Հայաստանի փափուկ դիրքորոշումը սահմանային միջադեպերի վերաբերյալ, հետևաբար նրանց դիրքորոշումն ու պաշտոնական հաղորդագրությունը ուղիղ համեմատական են Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը։ Եթե Հայաստանը չի տալիս կոնկրետ դիրքորոշում, ապա ինչո՞ւ պետք է ակնկալենք, որ ԵՄ-ն պետք է տա մեկ այլ պատասխան։ Պետք է հասկանանք, որ ինչպիսին Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, նմանատիպ լինելու է, սովորաբար լղոզված, ԵՄ առաքելությանը։ 

Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, Ալիևը ընդունում է ԵՄ դիվանագիտության ղեկավարին, հետո ընդունելու է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Ես կարծում եմ, որ հենց այդ հանդիպումների ժամանակ Ադրբեջանի պահանջն առ այն, որ սահմանին երրորդ երկրների ուժեր չպետք տեղակայվեն, Ալիևը ներկայացնելու է այդ պաշտոնյաներին, իսկ երկրորդ պահանջը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է լինելու։ Ավելի քան վստահ եմ, որ ժամեր անց Բաքվից լսելու ենք վերոնշյալի վերաբերյալ հայտարարություն։

– Եթե հաշվի առնենք, որ հայկական կողմը դեմ չէ այդ պահանջներին, կարո՞ղ ենք ասել, որ այդ կառույցների ներկայացուցիչները Ալիևի հետ համաձայնության են գալու այդ հարցի շուրջ։

– Չեմ բացառում, չնայած գիտենք, որ հայկական կողմը շեշտում է, որ դրանց կատարումը պետք է հաջորդի խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ 

– Պարո՛ն Կարապետյան, իսկ հնարավո՞ր է, որ հայկական կողմը ինչ-որ պահի հետ կանգնի այդ որոշումից ու նախքան պայմանագրի ստորագրումը գնա այդ քայլին։

– Մինչև հիմա մենք ականատես ենք միակողմանի զիջումների, ուստի չեմ բացառում, որ դա ևս հնարավոր կլինի, ինչը հայկական կողմը ինչ-որ բառամթերքով ներկայացնելու է իբրև ձեռքբերում։ Սա իհարկե ինքնախաբեություն է լինելու ու սեփական ժողովրդին մոլորեցնելու քայլ։

– Ձեր գնահատմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելությունը անկողմնակա՞լ է իրականացնում իր աշխատանքը։

– Ես մշտապես դրական եմ գնահատել նրանց ֆիզիկական ներկայությունը սահմանին, բայց դա պետք է ո՛չ գերագնահատել, ո՛չ էլ թերագնահատել։ Ես բացառում եմ, որ բացառապես ԵՄ դիտորդների շնորհիվ է, որ Ադրբեջանն իր ծավալապաշտական նկրտումները չի իրականացրել։ Որքան էլ հիմա Ալիևի առաջնային նպատակը Սյունիքի ու Վայոց ձորի գրավումն է, բայց այս պահին չի կարող մեկնարկել էքսպանսիոնիստական քաղաքականություն, որովհետև աշխարհաքաղաքական կենտրոննների կողմից դեռ կանաչ լույս չի ստացել, այլ ոչ թե որ ԵՄ դիտորդներն են սահմանին։ 

Ալիևն այս պահին չունի ռազմական ուժով ինչ-որ բանի հասնելու նպատակ, քանի որ փափուկ ուժի կիրառմամբ հասնում է իր նպատակին։ Ալիևյան ռեժիմը շարժվում է հետևյալ տրամաբանությամբ՝ 17 կետի տակ ստորագրողը 27-ի տակ էլ կստորագրի, ինչը, հիշեցնեմ, միակողմանի զիջում է, որովհետև մինչև այս պահը Ադրբեջանը գեթ մեկ զիջում չի արել, հետևաբար փոխզիջումների մասին խոսելը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ալիևն այս պահին ռազմական ուժով ինչ-որ բանի հասնելու նպատակ չունի, քանի որ փափուկ ուժի կիրառմամբ հասնում է իր նպատակին. Կարապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте