Ի՞նչ անել, եթե տեսել եք վայրի կենդանու ձագ. FPWC
Օրերս Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել 2-3 ամսական արու արջի քոթոթ Վայոց ձորի մարզից։ Քոթոթը հայտնվել է կենտրոնի խնամքի տակ Բնապահպանական և Տարածքային Մոնիտորինգի Բաժնի (ԲԸՏՄ) միջնորդությամբ՝ ապահովելու նրա մասնագիտական խնամքը:
Ներկայումս կենտրոնի մասնագետները մշակում են հատուկ վերականգնողական ծրագիր, որի վերջնական նպատակը քոթոթին վայրի բնություն վերադարձնելն է։ Կենտրոնից նշում են, որ վայրի բնություն վերադարձնելը բարդ և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է բազմաթիվ հմտություններ, համբերություն և թիմային նվիրում։ Կենդանին կվերադառնա բնական միջավայր միայն այն դեպքում, երբ մասնագետները համոզված լինեն, որ նա լիովին պատրաստ է ինքնուրույն գոյատևել: «FPWC-ն արդեն ունի նմանատիպ գործողությունների մի շարք հաջող փորձ, ուստի հուսով ենք, որ այս փոքրիկի պատմությունը ևս կպսակվի հաջողությամբ։ Միասին հետևենք նրա ճանապարհին դեպի ազատություն», – նշում են կենտրոնից:
FPWC-ն նաև կարևոր շեշտադրում է անում վայրի կենդանիների ձագերի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի վերաբերյալ և հորդորում է. Չմոտենալ և չխանգարել ձագին, քանի որ մայրը կարող է գտնվել մոտակայքում և ժամանակավորապես հեռացած լինել սնունդ որոնելու նպատակով, Պահպանել ապահով հեռավորություն և հետևել կենդանու վարքին հեռվից, Միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ կենդանին վնասված է կամ ավելի քան 24 ժամ մնացել է առանց մոր, դիմել մասնագետների օգնությանը, Անհապաղ կապ հաստատել ԲԸՏՄ-ի կամ FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի հետ՝ թեժ գծով՝ 0800 0411:
The post Ի՞նչ անել, եթե տեսել եք վայրի կենդանու ձագ. FPWC first appeared on MediaLab Newsroom-Laboratory.