World News

Այս իրավիճակը ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի և երկար տարիներ իրականացվող սխալ գերկառուցապատման հետևանք է. Քրիստինա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, մայրաքաղաքը կրկին ջրի մեջ է, համացանցը ողողված է ջրով լցված փողոցների, անցումների, անգամ երթուղայինների լուսանկարներով: Պատճառների մասին բազմիցս ենք խոսել, լուծումների՝ ևս, բայց ինչո՞ւ է ամեն անձրևից հետո Երևանը հայտնվում այս վիճակում:

– Քիչ առաջ ես էլ էի Կենտրոնում, խայտառակություն էր: Պետք է սկսել ամենակարևորից՝ Երևանի քաղաքապետարանը պետք է ընդունի, որ խնդիր կա, բայց իրենք չեն ընդունում, թե որևէ խնդիր ունեն: Չկա գիտակցում, որ ֆունդամենտալ աշխատանքներ կատարելու կարիք կա, և ուղղվել է պետք: Ե՛վ այս շինարարությունը, որ 30 տարի իրականացվել է, հիմա՝ կայծակնային արագությամբ, այսինքն՝ երբ մենք ջրաթափանց մակերեսները փոխում ենք կարծր մակերեսների, բնականաբար, այդ ջուրը մնալու է, և՛ մենք չունենք ջրային այդ հոսքերը կառավարելու ինչ-որ համակարգ, դրանք փաստացի չեն աշխատում: 

Այն, ինչ մենք ունեինք Խորհրդային Միությունից շատ տեղերում, փակված է, բետոնապատ է, եղածն էլ խցանված է, ու չի կատարվում այդ խցանումների վերացման, մաքրման աշխատանք: Ինչ-որ գործողություններ անում են, գցում են Ֆեյսբուք, որ դա արեցին, բայց այդ ամենը մշտական աշխատանք պետք է լինի, այդ մաքրման գործողությունները անընդհատ պետք է կատարվեն, որովհետև փաստացի տեսնում ենք, որ ամեն անձրևից հետո Երևանում ունենում ենք այդ խնդիրը՝ ավելի շատ կամ քիչ արտահայտված, դա հարցի մի կողմն է, բայց որ կա խնդիր, ու այն լուծում է պահանջում՝ միանշանակ է: 

Լիազոր մարմինը պետք է ընդունի, որ քաղաքում բախվել է այդ խնդրի ու չի կարողանում այն լուծել ու փաստացի թողել է քաղաքացիների վրա, այդ մարդիկ էլ ինչպես կարողանում, այնպես էլ փորձում են լուծումներ գտնել, ինչպե՛ս կարելի է այսպես կառավարել, ի վերջո, պե՞տք է լինի ինչ-որ օբյեկտիվ գնահատական սխալների վերաբերյալ ու դրանք լուծելու ճանապարհային քարտեզ, ինչքա՞ն կարելի է ասել՝ դա մեզ չի վերաբերում, դա ընդդիմադիրներն են ասում: 

– Ստացվում է՝ քանի քաղաքային իշխանությունը չի ընդունել, որ կա խնդիր, այն չի՞ լուծվելու:

– Մեր իրավասությունների շրջանակներում, բացի այն, որ կարող ենք բարձրաձայնել խնդիրները, ուրիշ պատժամիջոց չենք կարող կիրառել, քանի որ իրենք են լիազոր մարմինը, իրենք դրա համար են եկել իշխանության, որ քաղաքում ծառացած խնդիրները լուծեն, եթե չեն անում՝ պետք է հրաժարական տան, գա հաջորդը, որը կլուծի խնդիրները: Նրանց կարգախոսն էր՝ «Ասեք, կանենք», ասում ենք, բայց դուք չեք անում, չեք էլ լսում, նույնիսկ չեք էլ գիտակցում, էլ չգիտենք, թե ոնց ասենք: Իրենք միայն բալետի ու համերգի համար չեն եկել իշխանության, քաղաքում տասնյակից ավելի շատ լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:

– Տիկի՛ն Վարդանյան, քաղաքապետարանում չե՞ն տեսնում, թե՞ չտեսնելու են տալիս առկա խնդիրները:

– Կարծում եմ, որ իրենք ուղղակի չնկատելու են տալիս, որովհետև այն միջոցները, որոնց տիրապետում են, իրենք գտնում են, որ կարող են ծախսել այլ նպատակների վրա: Նույն ծառերի փոխարինման այս միլիոններ ծախսող ծրագիրը, որի փոխարեն ոչինչ չենք ստանում, ստանում ենք միայն քաղաքացիների համար տասնյակ խնդիրներ: Միլիոններ ծախսելու ու ծառատեսակներ գնելու փոխարեն թող այդ գումարն ուղղեին ջրահեռացման համակարգի վերականգնմանը, ինչ-որ մի հատվածում աշխատանք տանեին: 

– Սովորական անձրևի ժամանակ է նման պատկեր, իսկ եթե տեղումները շատ ավելի մեծ ծավալով լինեն՝ ի՞նչ պատկեր ենք ունենալու:

– Հետևանքները շատ ավելի վատն են լինելու, ամբողջությամբ խցանված ենք լինելու, մարդիկ չեն կարողանա տեղաշարժվել, ոչ էլ օգնության մեքենաներն են կարողանալու հասնել: ԽՍՀՄ-ի ժամանակ, երբ կառուցապատումը որոշում էր, մենք ունեինք բնակչության խտություն հասկացություն, այսինքն՝ մեկ հեկտարի վրա քանի քառակուսի մետր կառուցելու իրավունք ունենք, որովհետև այդ քառակուսի մետրին դու պետք է հասանելիություն ունենաս և այլն, իսկ հիմա շենքերի երևան են կառուցում: 

Վերցրեցին հողային ծածկույթը, դա էլ դարձավ կարծր մակերես՝ անջրաթափանց, դրա համար էլ մենք ունենք այս վիճակը: Սա հետևանք է երկար տարիներ իրականացվող սխալ գերկառուցապատման ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, ինչի մասին անվերջ ասում են մասնագետները՝ սկսած Գետառի փակումից, ավարտած այն ամենով, ինչի ականատեսն ենք ամեն օր: Իսկ այս իշխանություններն ասում են՝ դե էս մի օրն է անձրև է, կգրեն, վաղը անձրևը կվերջանա: Եվրոպական որևէ երկրում, բացի Վենետիկից, ես չեմ տեսել անձրևից հետո նման իրավիճակ, ինչ լինում է Երևանում, ամեն տեղ աշխատում են ջրահեռացման համակարգեր:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այս իրավիճակը ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի և երկար տարիներ իրականացվող սխալ գերկառուցապատման հետևանք է. Քրիստինա Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте