World News

Բանակում թիվ ապահովելու նպատակով զորակոչում են հիվանդներին, անգամ՝ մտավոր խնդիրներով. Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը 

– Տիկի՛ն Ալեքսանյան, պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023-ին բանակում հիվանդության պատճառով եղել է մահվան 5 դեպք (ընդհանուր՝ 33 մահ), 2024-ին՝ 7 դեպք (ընդհանուր՝ 40 մահ): Օրեր առաջ խորհրդարանում այս ցուցանիշների վերաբերյալ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցեր ուղղեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, բայց վերջինս հստակ պատասխաններ չհնչեցրեց: Ինչի՞ մասին ես խոսում այս թվերը: 

– Գիտեք, որ այս տարի՝ զորակոչի վերջին, ընդլայնվեց այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում կարելի է բանակ տանել, այսինքն՝ հիվանդություն ունեցողներին բանակ զորակոչելը դարձրին օրինական: Նրանց չի հետաքրքրում զինվորի հիվանդ լինել-չլինելը, եթե անգամ հիվանդ չի զորակոչվել, կարող է նաև բանակում հիվանդություն ձեռք բերել, բայց այնտեղ չկա այդ վերաբերմունքը զինվորի նկատմամբ, որ ուշադրություն դարձնեն, հետևողական լինեն: 

Մենք ունենք դեպք, երբ տղան մոր հետ խոսել էր ու նույն գիշերը հիվանդությունից մահացել բանակում, բայց մոր հետ խոսելու պահին նա հիվանդանոցում չի եղել, այլ զորամասի բուժմասում: Երբ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը օրինագիծ բերեց, որ մարդիկ կարող են գումար վճարել ու չծառայել, ու այդ օրինագիծն ընդունվեց, այսինքն՝ բանակը բիզնեսի մի ինչ-որ բան դարձրեցին, այդ բացը լրացնելու համար որոշեցին հիվանդներին զորակոչել: Ես իհարկե տվյալներ չունեմ, թե որքան մարդ է ազատվել բանակից, բայց բնական է, որ հարուստները կարող են ազատվել, իսկ սոցիալապես անապահով խավը ոչինչ չի կարող անել: Ճշմարտությունը սա է, ինչի մասին ոչ մեկը չի ուզում խոսել: 

Մեկ օրինակ էլ բերեմ, որն օրերս է տեղի ունեցել. արդեն քանի դեպքով ահազանգում են, որ մտավոր հետամնացներին զորակոչում են բանակ: Գիտեք, որ 2019-ին այդ օրենքը Կառավարության որոշմամբ չեղարկվեց, բայց հիմա, փաստորեն, նորից վերականգնեցին: 

Մեզ էր դիմել մի ընտանիք, որի տղան մտավոր հետամնաց է, բայց զորակոչվել էր բանակ ու ծառայում էր, ահազանգից հետո ես կապվեցի ՄԻՊ-ի հետ, վերջինս՝ զորամասի հետ, և հրամանատարն ասել էր, որ տղան ադեկվատ չէ, չի արձագանքում տրվող հրամաններին: Ճիշտն ասած, ես կսեղմեի այդ հրամանատարի ձեռքը, որովհետև նման սրտոտ հրամանատարներ չեմ տեսել, ու երբ երիտասարդը նոր փորձաքննություն անցավ, նրան ազատեցին ծառայությունից: 

Այս մի դեպքը մեզ հայտնի դարձավ, իսկ մնացած դեպքերում, թե զորամասի հրամանատարը ինչպես կվերաբերվի՝ չեմ կարող ասել, որովհետև շատ դեպքեր գիտեմ, որ բռնության են ենթարկում, ծաղրում են բանակում ծառայող մտավոր հետամնաց տղաներին: Ամփոփելով՝ ասեմ, որ ՔՊ վերնախավի այդ անտարբերությունը նման իրավիճակ է ստեղծում: 

– Ստացվում է, որ ոչ թե բուժզննումն է թերի իրականացվում, այլ քանակ ապահովելու խնդի՞ր ունեն:

– Այո՛, թիվը լրացնելու համար, արդեն ասացի, որ օրենք ընդունեցին, որ հարուստները կարող են գումար վճարել ու ազատվել ծառայությունից, իսկ սոցիալապես անապահովները պետք է ծառայեն նման պայմաններում:

– Իսկ այդ կարգի ահազանգեր շա՞տ եք ստանում, տիկի՛ն Ալեքսանյան:

– Մտավոր հետամնացների երեք դեպքով ստացել ենք, հասկանում եք, որ սա նաև շատ նուրբ հարց է, որպեսզի չվնասենք զինվորին, ընտանիքին, շատ դեպքերում էլ չեն ուզում, որ այդ մասին խոսվի, հրապարակվի: Այդ մի դեպքով ամեն դեպքում հաջողվեց հաջողության հասնել:

– Առողջական ուրիշ էլ ի՞նչ խնդիրներով եք ահազանգեր ստանում, բանակում արդեն պատշաճ օգնություն ցուցաբերվո՞ւմ է հիվանդ զինվորին:

– Տարբեր են, ունեցել ենք թոքաբորբով հիվանդ զինվորի դեպք, գիտեք ինչ՝ այդ մարդիկ պատշաճ բուժզննում, բուժօգնություն չեն անցնում, դա հստակ կարող եմ ասել, իսկապես բավարար միջոցներ չեն տրամադրվում, որ մարդիկ բուժվեն: 

Մի դեպք էլ ունենք, երբ որ զինվորն անընդհատ փախուստի էր դիմում, որ գնար հոսպիտալ բուժվելու, ի վերջո նրա դեմ քրեական գործ հարուցեցին, ընդ որում՝ ասեմ, որ շատ ծանր սոցիալական պայմաններում ապրող տղա էր: Մենք վերցրինք այդ գործը, նրա դեմ քրգործը հարուցել էին փախուստի հիմքով, ու մինչև յոթ տարի ազատազրկում էր սպառնում: Մենք փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացրինք, հանձնաժողովով պարզվեց, որ երևանյան հիվանդություն ունի, բայց արդեն մեկ տարուց ավելի այդ վիճակով ծառայում էր, այսինքն՝ ոչ պիտանի էր ծառայության համար: Սա օրինակ է, որ ոչ միայն զորակոչելիս պատշաճ բուժզննում չեն անում, այլ նաև ծառայության ժամանակ էլ նորմալ օգնություն չեն ցուցաբերում:

– Ստացվում է, որ պատկան մարմինը, որն առաջնահերթ պատասխանատու է այդ մարդկանց առողջության համար, քայլեր չի՞ ձեռնարկում:

– Այո՛: Ասեմ, որ բանակը հիմա շատ փակ համակարգ է, կոնտակտ չկա հանրության հետ, նախկինում համեմատաբար շատ ավելի բաց էր, ու մենք կարողանում էինք քննարկումներ կազմակերպել ՊՆ ներկայացուցիչների հետ, հիմա նման բան բացարձակապես չկա: Եթե Փաշինյանը հայտարարում է, որ ամեն ինչի մեղավորը զինվորն է, էլ ինչի՛ մասին է խոսքը: Բանակում չի գործում այն կարգուկանոնը, որը պետք է լիներ, ու պլյուս այս անտարբերության մթնոլորտը զինվորների նկատմամբ: Շատ վատ է վիճակը: Իհարկե, ինձ զանգահարում են, բայց, էլի եմ ասում, շատ ծնողներ վախենում են խոսել այդ ամենի մասին, որպեսզի իրենց տղաներին չվնասեն: 

– Այս ամեն ինչի լուծումը ո՞րը կարող է լինել, տիկի՛ն Ալեքսանյան:

– Երբ ՊՆ-ն հետևի այդ ամեն ինչին, երբ հիվանդներին չզորակոչեն՝ քանակ ապահովելու համար: Պետք է հետևեն կանոնադրությանը, զինվորներին պետք է դիտեն ու վերաբերվեն որպես մարդու, ես նման բան ասում եմ բանտարկյալների մասին, հիմա նույնը ասում եմ զինվորների մասին, որովհետև երկուսն էլ փակ համակարգ են, ու շատ դժվար է իմանալ, թե ներսում ինչ է կատարվում իրականում: 

Բայց այս իշխանությունը ոչինչ չի ուզում անել, որովհետև ամեն առիթով ասում են՝ հասարակությունն է մեղավոր, ես էլ ասում եմ՝ այո՛, հասարակությունն է մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկը ղեկավարում է մեր երկիրը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Բանակում թիվ ապահովելու նպատակով զորակոչում են հիվանդներին, անգամ՝ մտավոր խնդիրներով. Ժաննա Ալեքսանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте