World News

Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Փաշինյանը երեքով երկիրը վերցրել են աքցանի մեջ՝ չթողնելով, որ որևէ մեկը խոսք ասի. Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, ըստ էության, ձախողվեց, ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընդդիմության արձագանքը՝ գործընթացին չմիանալու վերաբերյալ:

– Բնական քաղաքական գործընթաց է, բայց միևնույն ժամանակ այն համարում եմ նաև անիմաստ, որովհետև նախ՝ մեկ տարի է մնացել հերթական ընտրություններին, ու իմփիչմենթի հնարավոր ձախողումը կարող էր ավելի ուժեղացնել իշխանությանը, ինչպես և մենք տեսնում ենք, և երկրորդ՝ այն ոչ մի տեղ տանող գործընթաց էր, քանի որ հնարավոր չէր ստանալ ձայների մեծամասնություն: 

Նորմալ եմ համարում, որ խորհրդարանի ընդդիմադիր երկու ուժն էլ կարող է մերժել որևէ թեկնածուի առաջադրումը, քանի որ ունեն իրենց թեկնածուին, բայց, բնականաբար, սկզբունքային ու նորմալ չեմ համարում այն, որ իրենք մշտապես հայտարարում են, թե իրենց համար կապ չունի՝ ո՛վ կլինի թեկնածուն, կարող են առանց նախապայմանների սկսել իմփիչմենթի գործընթաց, բայց հենց հայտնվում է այլ թեկնածու, իրենք սկսում են իրենց կեղտոտ խաղը: 

Սա ոչ սկզբունքային մոտեցում է, որի նպատակը, իմ կարծիքով՝ մեկն է՝ ուժեղացնել Նիկոլ Փաշինյանի դիրքերը ու փչացնել բոլոր այն մարդկանց, որոնք կարող են հայտ ներկայացնել Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու, եթե այդ մարդիկ իրենք չեն՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը:

– Այդ դեպքում ինչո՞ւ են հայտարարում, թե սատարելու են ցանկացած քաղաքական ուժի, որն այս իշխանությանը հեռացնելու հայտ կներկայացնի:

– Հենց սկզբից այդ գործընթացն էլ նպատակ ուներ փչացնել միմյանց՝ նկատի ունեմ խորհրդարանական ընդդիմությանը, այսինքն՝ ով ավելի ընդդիմադիր կգտնվի ու իմփիչմենթի գործընթաց կսկսի, հասկանալով, որ մեկը մյուսի թեկնածուին էլ հաստատ չի պաշտպանելու: Իրենք կարծես թե անակնկալի եկան, որ այդ գործընթացը սկսեցին այլ մարդիկ, ու կանգնեցին փաստի առաջ, իրենք չէին սպասում սա ու նաև չէին սպասում, որ թեկնածու կառաջադրեն մեկին, որն իրենցից չէ: 

– Իսկ թեկնածուի անձի վերաբերյալ կարծիքները, մասնավորապես, «Պատիվ ունեմ»-ի հնչեցրած կարծիքը, ինչպե՞ս եք գնահատում:

– Որևէ մեկին պատասխանատվության կանչելուց առաջ, կարծում եմ, լավ կլինի նաև նայեն, թե իրենք ինչ են արել: Այս երկրում կատարվող ամբողջ իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի հետ միասին նաև Սերժ Սարգսյանն է: Ամբողջ քաղաքական դաշտի փչացման պատասխանատուն երկուսով են ու նաև Ռոբերտ Քոչարյանը, երեքով երկիրն առել են աքցանի մեջ ու չեն թողնում, որ որևէ մեկը ինչ-որ խոսք ասի կամ հայտ ներկայացնի: 

Սա առաջիկա ընտրությունների վրա մեծ ազդեցություն է ունենալու այն մասով, որ ցանկացած նոր մարդու, որը վարչապետի թեկնածուի հայտ կներկայացնի, երեքով փչացնելու են այդ մարդուն ու փորձելու են ընդհանուր անվստահության ֆոն ստեղծել: Վիրավորանքի ու հայհոյանքի այս բառապաշարն էլ, որ կիրառում են միմյանց հետ շփվելիս, բնավ էլ ինքնանպատակ չէ, նպատակ ունի մարդկանց մեջ փչացնել քաղաքականության մասին ընկալումներ, որպեսզի մարդիկ վստահություն չունենան որևէ մեկի հանդեպ: 

Սա միտումնավոր իրականացվող գործընթաց է, որ նպատակ ունի փչացնել քաղաքական դաշտը մինչև վերջ, որպեսզի ընտրութուններին գնան միայն իրենց ընտրողները: Այս խաղը շատ հմուտ կերպով իրականացվում է Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի համաձայնությամբ:

– Արդյունքում ունենալու ենք նույն պատկերը, ինչը հիմա՞ ունենք, տիկի՛ն Սամսոնյան:

– Չեմ շտապի պատկերի մասին որևէ բան ասել, քանի դեռ հայտնի չէ, թե ովքեր են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց հիմա փորձ է արվում անել ամենը, որ պատկերը նույնը լինի՝ իրենք փորձում են դաշտից դուրս մղել բոլորին, որպեսզի դաշտում մնան միայն իրենք, ու այդ ֆոնին կան քաղաքական գործիչներ, որոնք մտնում են այդ խաղի մեջ ու անհեռատես գործընթացներով, ինչպիսին է իմփիչմենթը, ուժեղացնում են այդ երեքի խաղը, ես այդ մարդկանց չեմ հասկանում: 

Քաղաքական ուժերի այդ երեք լիդերը պայմանավորված խաղ է տանում՝ երկրում իշխանությունն ու կապիտալն իրենց ձեռքում պահելու համար, դա միակ ճանապարհն է նրանց համար: Սա մի փակ շրջան է, որի մեջ գցել են մեր հասարակությանը, պետությանը, որտեղ Հայաստանի ապագայի մասին որևէ խոսակցություն չկա:

– Իսկ այդ փակ շրջանից դուրս գալու ելքը տեսնո՞ւմ եք:

– Այն է, որ քաղաքական դաշտում հայտնվեն մարդիկ, որ կլինեն այս երեքից ուժեղ՝ քաղաքական կամքի առումով, կլինեն ավելի ագրեսիվ՝ էլի այդ առումով ու կհավատան, որ իրենք կարող են որևէ բան փոխել: Պետք են մարդիկ, որ կորցնելու ոչինչ չեն ունենա ու գիտեն՝ ինչի համար են մտել խաղի մեջ ու կպայքարեն մինչև վերջ:

– Իսկ այդ մարդուն կամ մարդկանց չե՞ն կարող քաղաքական այս երեք ուժերը փչացնել, ինչպես դուք եք ասում՝ կիրառելով իրենց ռեսուրսները:

– Իհարկե, հենց ցանկացած նոր մարդ հայտնվեց դաշտում, Սերժ Սարգսյանը տարածելու է լուրեր, թե սա իմ մարդն է, Նիկոլ Փաշինյանն էլ իր մեդիայով դրոշմելու է, որ նա Սերժ Սարգսյանի մարդն է, նույնը Քոչարյանի մասով: Բայց եթե դրան նայենք, ապա բոլորը պետք է ուղղակի դուրս գան քաղաքականությունից, դրա համար եմ ասում, որ պետք է ուժեղ մեկը, որ կարողանա այս երեքի տեռորը ճեղքել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Փաշինյանը երեքով երկիրը վերցրել են աքցանի մեջ՝ չթողնելով, որ որևէ մեկը խոսք ասի. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте