World News

Նոր օրինագիծը իրավական առումով շատ խնդրահարույց է Սահմանադրության ու մեր ընդունած միջազգային պարտավորությունների հետ. Զարուհի Մեժլումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան Զարուհի Մեժլումյանը

 – Տիկի՛ն Մեժլումյան, գործադիրը հավանության արժանացրեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 32 տարեկանը: Իրավական առումով ինչպե՞ս եք գնահատում նախագիծը:

– Անզեն աչքով էլ տեսանելի է, որ միլիոնավոր դրամներով զինծառայության ժամկետի կրճատման մասին նախագիծը առնվազն իրավական տեսանկյունից խնդրային է: Որպես իրավաբանի՝ ինձ հետաքրքիր էր իրավական փորձաքննության եզրակացությունը: 

ԱԺ փորձագիտական ու վերլուծական վարչության կատարած իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության եզրակացությունից մեջբերեմ միայն իրավական փորձաքննության եզրահանգումը. «Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 14-րդ, 28-րդ եւ 29-րդ հոդվածների տեսանկյունից»: 

Հիշյալ սահմանադրական դրույթները սահմանում են. «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը», «Բոլորը հավասար են օրենքի առջև» և «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Պարզապես տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպես է փորձագիտական նման բացասական եզրակացության պայմաններում Կառավարությունը հավանություն տվել նախագծերին: Շատ լավ վերլուծություն է կատարվել՝ ընդհուպ Եվրոպական դատարանի նախադեպեր, ՍԴ-ի որոշում, բոլոր խնդիրները կետ առ կետ վեր են հանվել, ես ավել բան չեմ կարող ասել, քան կա այդ եզրակացության մեջ: 

Այս նախագծի հիմնավորումների մեջ ես չտեսա նաև միջազգային լավագույն փորձը, բացի դա, անզեն աչքով էլ երևում է, որ խնդրահարույց է, ինչպես արդեն նշեցի, ու Սահմանադրության հետ էլ կարող է խնդիր առաջացնել, նույնիսկ կարող է հակասող ճանաչվել՝ ընդունվելու պարագայում: Ինձ համար զարմանալի է, որ փորձագիտական մարմնի եզրակացության մասին, որը դրականներից չէ, չկա որևէ խոսակցություն, հիշատակում, բայց այդ եզրահանգման մեջ նշվում է, որ մասնագետները լուրջ կոնֆլիկտ են տեսնում Սահմանադրության հետ: Սա է կազուսայինը, Կառավարության հարցուպատասխանի ժամանակ էլ չեղավ այս մասին հիշատակում:

– Այդ պարագայում, ըստ ձեզ, ինչո՞ւ Կառավարությունը դրական եզրահանգում տվեց այդ նախագծին:

– Չէի ուզենա քաղաքական ենթատեքստ տեսնել սրա տակ, չնայած կարելի է տարբեր շերտեր տեսնել սրա տակ, բայց ես մնում եմ իրավաբանական կոնտեքստում: Եթե մենք մեզ հռչակում ենք իրավական, սոցիալական պետություն, բնականաբար, ստորագրել ենք նաև բազմաթիվ միջազգային պարտավորություններ, իհարկե, շատ ցցուն է սոցիալական անարդարության բաղադրիչն այստեղ: 

Միանշանակ չեմ կարող ասել պատճառն ու հետապնդվող նպատակը, բայց որ իրավունքի դաշտում՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված, մեր միջազգայնորեն ընդունված պարտավորությունների հետ կապված լուրջ կոնֆլիկտ ու հակասություն տեսնում եմ, դա միանշանակ է:

– Տիկի՛ն Մեժլումյան, նախագծի հեղինակն ասում է, թե հիմնական նպատակն այն է, որ հնարավորինս քիչ խուսափողներ լինեն բանակից: Այս նախագիծը որքանո՞վ է նպաստելու դրան:

– Ես կարծում եմ, որ բացարձակապես չի նպաստելու: Գիտեք, որ 2022-ին նմանատիպ օրենքի նախագիծ կար, ու երբ նայում ենք ներկա վիճակի գնահատում եզրույթի տակ, այդ 5 միլիոնը տրամադրելու հետ կապված, որ անձը պետք է 3 տարի ծառայեր, հետո ստանար այդ 5 միլիոնը, նշվում է, որ անգամ դիմողներ չեն էլ եղել, ու այս պահի դրությամբ ընդամենը երկու անձ է, որ այդ պայմանով ծառայում է: Այսինքն՝ եթե միտումը դա էր, որ անձինք ավելի բարձր աշխատավարձ ստանան, այնուամենայնիվ, 2022-ի դրությամբ, երբ օրենքի փոփոխության նման նախագիծ էր շրջանառվում, դիմումներ անգամ չեն եղել, ու այդ խումբը չի կարողանում համալրվել:

– Կարծում եք, որ այս նախագծի պարագայո՞ւմ էլ, եթե այն օրենքի ուժ ստանա, դիմողներ չեն լինի:

– Այստեղ նաև շատ խնդրահարույց էր, որ կոնկրետ տեղեր են իջեցվելու, սա ինչպե՞ս պետք է կարգավորվի. ենթադրենք անձը կցանկանա դիմել, բայց արդեն տեղերը լրացված կլինեն, ինչպե՞ս է սա կարգավորվելու: Այսինքն՝ խնդրահարույց հարցեր կան, բայց մինչև օրենքի ուժ ստանալը դեռևս շատ խրթին, շատ նուրբ, շատ խոցելի տեղեր կան: Փորձագիտական այդ եզրակացությունից հետո, որը դեռ մայիսի 6-ին արդեն կար, սոցիալական անջրպետի առումով որևէ փոփոխություն չի եղել, ընդհակառակը՝ տարբերակված մոտեցումն ավելի արտահայտիչ է դարձրել: 

– Ճի՞շտ եմ ձեզ հասկանում, որ այս նախագիծը, մեղմ ասած, թերի է:

– Չէի ցանկանա ասել՝ թերի է կամ չէ, պարզապես իրավական առումով շատ խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության ու նաև մեր ընդունած միջազգային պարտավորությունների հետ: Չեմ ուզում իրավականությունից դուրս գալ ու այլ գնահատականներ հնչեցնել, բնականաբար, բոլորն էլ տեսնում են, որ սոցիալական անարդարության բաղադրիչ կա, բայց ես դա չեմ ուզում անել: Ես խոսում եմ որպես իրավաբան, որը երկար ժամանակ զբաղվել է զինվորական հանցագործություններով, վեր է հանել խնդիրները այդ սոցիալական անարդարությունների հետ կապված: 

Եթե այս նախագիծն օրենքի ուժ ստանա, ապա այդ սոցիալական անարդարության հետ կապված խնդիրները բանակում ավելի են խորանալու: Ես կրկնում եմ, որ փորձագիտական հանձնաժողովը հիանալի վերլուծություն է արել ու եզրակացություն ներկայացրել, չեմ կարող պատկերացնել, թե այդ եզրակացությունից հետո խորհրդարանն ինչպե՛ս կարող է կողմ քվեարկել այս նախագծին:

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am

The post Նոր օրինագիծը իրավական առումով շատ խնդրահարույց է Սահմանադրության ու մեր ընդունած միջազգային պարտավորությունների հետ. Զարուհի Մեժլումյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте