Դատախազությունում դեռ գործում է «նակազատ անելու» մոտեցումը, Դավիթ Սանասարյանի գործը տեսանելի դարձավ, բայց նման գործերը հարյուրներով են. Կարապետյանց
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հանցակազմի բացակայության հիմքով արդարացրել է Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանին։ Նորմա՞լ երևույթ է մարդուն 5-6 տարի դատական գործընթացների մեջ պահել այն դեպքում, երբ մարդն անմեղ է:
– Նախ շնորհավորում եմ Դավիթ Սանասարյանին, որովհետև այս համակարգը, որ ունենք, բոլորովին չեմ բացառում, որ կարող էր որոշում կայացնել, որ նա մեղավոր է, այնպես որ, այս վճիռը առաջընթաց է: Սա այն վիճակն է, որ մենք ունենք ամբողջ համակարգում, ուղղակի Դավիթ Սանասարյանի գործով հետաքրքրվողները շատ էին, դրա համար սա տեսանելի եղավ, բայց նմանատիպ գործերը շատ-շատ են, ու եթե Սանասարյանն ազատության մեջ էր դատաքննության ողջ ընթացքում, կան նաև մարդիկ, որոնք անազատության կամ տնային կալանքի մեջ են անցկացնում նման գործընթացներով, այնպես որ, սա համատարած խնդիր է, որ դեռ տիրում է համակարգում հեղափոխությունից 7 տարի անց:
Անշուշտ սա մեծ խնդիր է, որովհետև մարդիկ չպետք է այսքան երկար սպասեն արդարադատությանը, այն էլ այն գործերով, որոնք ի սկզբանե չպետք է մտնեին դատարան, որովհետև ի սկզբանե հիմնավոր չեն: Սա մոտեցման, գաղափարախոսության, արդարադատության այլասերված պատկերացումների մասին է խոսում: Քանի դեռ ունենք իշխանություն, որի պատկերացումը սա է, ու դա իրենք բարեփոխում են համարում, մենք նման իրավիճակներ շատ ենք ունենալու:
– Նմանատիպ դեպքերն ինչի՞ մասին են խոսում:
– Խոսում են այն մասին, որ երբ օրվա իշխանության՝ անկախ անուն-ազգանուններից, որևէ պաշտոնյա, ծանր հրետանի հանդիսացող անձինք փորձում են տարատեսակ ելույթներով ու գրառումներով միջամտել, ազդեցություն ունենալ գործի վրա, նշանակում է, քննիչները, դատախազները խիստ կաշկանդված են լինում այդ գործը օբյեկտիվ ու բազմակողմանի քննելու, ու արդյունքում ստանում են այն, ինչ ակնկալում է օրվա իշխանությունը:
Տվյալ գործով ակնհայտ էր, որ Արսեն Թորոսյանը խիստ հետաքրքրված էր ու պարբերաբար այդ մասին ելույթներ ու գրառումներ էր անում, հետևաբար քննիչներն ու դատախազները կաշկանդված էին այս գործով: Այս գործը կարող էր հանգիստ փակվել քննության ընթացքում, որովհետև այդ ընթացքում քննիչն ամբողջությամբ կարող էր հասկանալ՝ այդ գործը ունի՞ բավարար հիմքեր, որ մինչև վերջ տարվի, վերահսկող դատախազը պետք է հասկանար՝ այդքանը բավարա՞ր է մարդուն մեղադրանք առաջադրելու համար, թե՞ ոչ:
Դատախազությունը համառորեն պայքարում է, որ իր առաջադրած մեղադրանքները մինչև վերջ գնան։ Չեմ բացառում, որ այս գործը կուղարկեն նաև վերաքննիչ դատարան, հետո էլ կասեն՝ դատարանները ծանրաբեռնված են։ Պետք է նշեմ, Դատախազությունում պարտադիր պատժելու, իսկ ավելի ճիշտ՝ քրեական ենթամշակույթին բնորոշ «նակազատ անելու» գաղափարախոսությունը դեռ ծավալվում է։
Սակայն պետք է նշեմ, որ դատական համակարգում միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես օրվա իշխանությունն է ուզում, որովհետև կան իրավիճակներ, երբ դատավորները հասկանում են, որ այդ փաթեթով հնարավոր չէ մեղադրական վճիռ կայացնել, ու չեն անում:
– Տիկի՛ն Կարապետյանց, ստացվում է, որ ժողովրդավարության բաստիոն հայտարարված երկրում շարքային քաղաքացու իրավունքներն այնքա՞ն էլ պաշտպանված չեն:
– Իհարկե պաշտպանված չեն. ինչպե՞ս կարելի է մարդու վրա թքել ու պատասխանատվության չենթարկվել, ինչ է թե թքողը պաշտոնյա է, իսկ տուժողը՝ շարքային քաղաքացի, ինչպե՞ս կարելի է մարդու վերաբերյալ ատելության խոսք տարածել ու պատասխանատվության չենթարկվել, որովհետև դու պաշտոնյա ես: Այս իշխանությունը շատ լավ տեղավորվել է այն հին համակարգի մեջ, որից դժգոհում էր, որի դեմ պայքարում էր, հիմա այդ համակարգի գլխավոր դերակատարն են, բայց ոչինչ հավերժ չէ:
Ինչպես հիմա այսօրվա խորհրդարանական ընդդիմություն է դժգոհում ոստիկանությունից, չհասկանալով, որ այդ համակարգն իրենք են ստեղծել, ինչպես բողոքում են անարդար դատական համակարգից, մոռանալով, որ իրենք են ստեղծել այդ այլանդակ ու այլասերված համակարգը, կգա մի օր էլ, երբ այս իշխանությունը կդժգոհի նույն այդ համակարգերից, որոնց ինքը ևս սնել է: Մեր խնդիրն է՝ որպես հասարակություն, հիմնավոր փոխել այն, ինչ այսօր ունենք մենք:
– Ձեր ասածի համատեքստում, որ շարքային քաղաքացու իրավունքները պաշտպանված չեն, իսկ պաշտոնյայինը՝ պաշտպանված են, ձեր գնահատականն եմ խնդրում ՄԻՊ Անահիտ Մանասյանի հայտարարության մասով, երբ նրանից գնահատական են հարցրել Աննա Հակոբյանի վերջին գրառումների վերաբերյալ, Մանասյանն ասել է, թե իր լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա, խորհուրդ է տվել գնահատական հարցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Իսկապե՞ս ՄԻՊ-ը չի կարող կարծիք հայտնել տվյալ դեպքում:
– Իհարկե կարող է: Հետաքրքիր է, որ երբ խոսքը պետական ծախսերի, ինչ-որ միջոցառումների մեկնելու, թիվ մեկ բորտով տեղ գնալուն է վերաբերում, տիկինը շատ լավ օգտվում է այդ ամենից, երբ խոսքը վարքագծի հետ կապված քննադատության ենթարկվելու կամ իր կարգավիճակին վայել նորմալ վարքագիծ դրսևորելու մասին, տարբերակում են արդեն, որ պաշտոնատար անձ չէ: Այո, ֆորմալ առումով նա պաշտոնատար անձ չէ, բայց հավասարեցված է պաշտոնատար անձանց, որովհետև օգտվում է այդ բոլոր արտոնություններից, հետևաբար պարտավոր է նվազագույն հարգանք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ:
Շատ ափոս, որ մեր երկրում՝ սկսած քաղհասարակությունից մինչև Մարդու իրավունքների պաշտպան, հաճախ թաքնվում են օրենքի տառի հետևում՝ բաց թողնելով ամենակարևոր հարցերը: Եթե կա խնդիր, ապա դրա մասին պետք է խոսել, եթե անգամ ֆորմալ առումով դա չի տեղավորվում ձեր մանդատի մեջ: Քաղաքական էլիտաների ու իրենց հարակից անձանց վարքագիծը պետք է օրինակելի լինի, իսկ տիկնոջ պահվածքը, բառապաշարը օրինակելի համարվել չեն կարող:
Երբ մարդիկ անցնում են հայհոյանքի ու վիրավորանքի, դա նշանակում է, որ բովանդակային ասելիք չունեն, ու սա վերաբերում է բոլորին: Երբ պաշտոնյան ասում է՝ պատասխանում եմ նույն ձևով, ինչ ձևով դիմացինը, դա նշանակում է, որ իրենք իրենց տեղում չեն, իրենք չեն հասկանում, թե ինչ գործունեություն պետք է իրականացնեն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Դատախազությունում դեռ գործում է «նակազատ անելու» մոտեցումը, Դավիթ Սանասարյանի գործը տեսանելի դարձավ, բայց նման գործերը հարյուրներով են. Կարապետյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.