Ո՞վ է ինքը, որ Եկեղեցու ունեցած դարավոր դերն արժեզրկի, ոչ մի տեղ այդքան մարդ չի այցելում, որքան եկեղեցիներ. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը
– «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված, ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի՝ դրված է այնտեղ: Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է ինչ-որ հոգևոր հաղորդակցություն ունենալու, չէ՞, մեկ էլ տեսնում ես՝ այստեղ աղբ է լցրած, այնտեղ աղբ է լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, այնտեղ մեկը իր հին կռավատն է բերել դրել, բայց ո՞նց կարելի է այսպես էլի: Ինչքան կարելի է այսքան կեղծ լինել, ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել»: Սրբազա՛ն, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի մեջ նման կարծիք ձևավորվել:
– Երևի իրեն հարազատ միջավայրի հետ է շփոթել, ի՛նչ իմանամ, իրեն հարցրեք:
– Ի՞նչ մեսիջներ է փորձում հասցնել Փաշինյանը նման հայտարարություն անելով:
– Ոչ մի, ուղղակի փորձում է ցույց տալ, թե ինքը մտահոգ է, իսկ մենք, իբր, մտահոգ չենք, սա է փորձում ցույց տալ: Իր նպատակն իրեն ցուցադրելն է՝ իբր ինքը մտահոգ է մի հարցով, որով որ ով պետք է մտահոգ լինի, մտահոգ չէ:
Եթե եկեղեցին կից խորդանոց չունի, ապա թող տրամադրի, դրա մասին պետությունը պետք է մտածի, միայն մեր մտածելով չէ: «Չուլան»-ը խորդանոցն է հայերեն, երևի ինքը չգիտի, սովորեցրու, թող իմանա:
– «Ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել». ձեզ՝ հոգևորականների՞դ նկատի ունի, Սրբազա՛ն:
– Էդ ի՞նչ է նշանակում, այդ «արտասուրբ» բառը հետաքրքիր է, նոր բառ է, Հայկազեան բառարանում պետք է նայել՝ կա՞ այդպիսի բառ: Ինձ բացարձակ չի մտահոգում, թե ինքն ում նկատի ունի:
– Լուրջ չե՞ք ընդունում նրա հայտարարությունները:
– Բացարձակ, բացարձակ:
– Մտահոգությո՞ւն էլ չունեք, որ մարդկանց վրա կարող է ազդեցություն ունենալ, երբ երկրի ղեկավարը նման կարծիք է հայտնում Եկեղեցու մասին, Եկեղեցու դերը գուցե արժեզրկվի, հավատան, որ հոգևորականներն «արտասուրբ» են:
– Հա, բա, հեսա արժեզրկվեց: Շատ ծանր կտանեմ, չեմ դիմանա: Ես բացարձակ մտահոգություն չունեմ, ո՞վ է ինքը, որ Եկեղեցու ունեցած դարավոր դերն արժեզրկի, ձեզ վրա եմ զարմանում, որ կարևորություն եք տալիս այդ բարբաջանքներին: Հայաստանի եկեղեցիները ամենահաճախակի այցելվող վայրերն են, ոչ մի տեղ այդքան մարդ չի այցելում, որքան եկեղեցիներ, ընդ որում՝ ցանկացած եկեղեցի՝ հեռու կամ մոտ, էդ ո՞վ է տեսել, որ խորդանոցի վերածված լինի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ո՞վ է ինքը, որ Եկեղեցու ունեցած դարավոր դերն արժեզրկի, ոչ մի տեղ այդքան մարդ չի այցելում, որքան եկեղեցիներ. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.