World News

Ճամպրուկում պահված մանկություն. տան բակում զոհված Վիկտորյա Գևորգյանի պատմությունը 

Անահիտը հյուրասենյակի կենտրոն է բերում կապույտ ճամպրուկը, բացում ու հանում է աղջկան՝ 8-ամյա Վիկտորյային պատկանող իրերը՝ դպրոցական պայուսակ, մի քանի աղջկական իրեր, վարդագույն և փայլուն հագուստներ, պատվոգրեր, ամենավերջում՝ ընտանեկան լուսանկարներ, որոնցում Գևորգյանների ընտանիքը ամբողջական կազմով է։ 

Այս ճամպրուկը հաճախ է բացում Անահիտը։ Հանում է աղջկա հագուստները, լվանում, արդուկում ու կրկին տեղավորում։ Սա միակ բանն է, որ մնացել է աղջկանից ի հիշատակ։ 

Վիկտորյա Գևորգյանը մահացել է Մարտունի քաղաքում 2020-ի 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ հրետակոծվել է տան բակը։ Հարվածից տուժել են մայրը՝ Անահիտը, եղբայրը՝ Արծվիկը, հարազատները և երկու հարևանուհիները։ 

Հայրը՝ Իգոր Գևորգյանն է պատմում օրվա մանրամասները։ Անահիտը չի կարողանում, միայն երբեմն միջամտում է ամուսնու խոսքին ու հետևում, թե ինչպես է ավագ դուստրը՝ Գոհարը, եղբոր հետ խաղում հյուրասենյակում։ 

Երբ սկսվում է քաղաքի հրետակոծությունը, Իգորն ուզում է ընտանիքին նկուղ իջեցնել։ Տնից դուրս գալու պահին էլ անօդաչու թռչող սարքից ուժգին հրետակոծվում է բակը. «Առավոտյան 7-ից կրակում էին։ Մինչև կռիվը տան վրա չէին խփել, դրա համար էլ դուրս էկանք բակ, որ նկուղ գնայինք։ Չէինք մտածում, որ տան վրա կկրակեն»,- ասում է Անահիտը։ 

Ընտանիքն արթնացել է հրետակոծության ձայներից ու հասկացել՝ պատերազմ է։ Անահիտը հագցրել է երեխաներին, գրկել որդուն՝ Արծվիկին, որն ընդամենը 2 տարեկան էր, իսկ Վիկտորյան շատ կիպ էր նրան։ Մյուս դուստրերը մնացել են տանը։ 

«Ծխի մեծ ալիք բարձրացավ, խլացրեց մեր ականջները։ Մի քանի րոպե ես չհասկացա՝ ուր են էրեխեքն ու ամուսինս։ Հարվածը բոլորին մի կողմ էր շպրտել։ Ես ինձ կարգի բերեցի, փնտրեցի էրեխեքին։ Վիկտորյան ուշագնաց էր, Արծվիկը՝ արյան մեջ կորած։ Ես արյան մեջ էի, բայց էրեխեքին օգնության հասա։ Ձեռքերս արյունոտ էին։ Գրկել էի Վիկտորյային։ Օգնություն էինք կանչում, որ փրկվեն։ Վիրավորները շատ էին»,- հիշում է մայրը։ 

Ամուսինը կարողանում է բակից մի կերպ հանել ընտանիքի անդամներին, տեղավորել մեքենայում ու տանել հիվանդանոց. «Բակում ավտոբուս կար, երբեմն ես էի վարում, աշխատանքի գնում։ Չէի մտածի, որ մի օր ստիպված կլինեմ ընտանիքիս հիվանդանոց տանել դրանով»։ 

Անահիտը ցավ չէր զգում։ Միմյանց օգնելով՝ երեխաներին, հարազատներին ու հարևաններին տեղավորում են մեքենայում ում որտեղ կարող էին՝ հատակին, նստարաններին։ Ամբողջ ճանապարհին մեքենայի ուղղությամբ կրակում էին։ 

Մարտունու հիվանդանոցում քաոս էր տիրում։ Վիրավորների թիվը գնալով աճում էր։ Ընտանիքը ստիպված բաժանվում է։ Անահիտը Վիկտորյայի հետ մնում է Մարտունու հիվանդանոցում, իսկ Արծվիկին ծանր վիրավորումներով տեղափոխում են Ստեփանակերտ՝ Իգորի հետ, իսկ հոկտեմբերի 2-ին՝ Հայաստան. «Արծվիկը շատ վիրավորումներ ուներ՝ գլխից, ոտներից, ձեռներից։ Շատ վիրահատություններ տարավ։ Երևի 18-ը՝ Արցախում, 8-ն էլ՝ Հայաստանում։ Ամբողջ մարմնում բեկորներ կային՝ վախենում էին ձեռ տալ։ Մի կերպ կարողացանք փրկել»,- ասում է մայրը։ 

Բուժումից հետո առաջին այցելած վայրը՝ գերեզմանատուն 

Անահիտը հիշում է, թե ինչպես է արյունաքամ վիճակում Վիկտորյային գրկից հանձնել բժիշկներին։ Ասում է՝ հետո ոտքերը թուլացել են ու ընկել է հատակին։ Հենց հիվանդանոցում էլ արձանագրվել է դստեր մահը։ Բեկորները դիպել էին սրտին ու կոկորդին։ 

Վիկտորյայի մահվան լուրը ստանալուց հետո Անահիտի վիճակը վատանում է։ Նրան տեղափոխում են Ստեփանակերտ, Վիկտորյայի մարմինը նույնպես՝ դատաբժշկական փորձաքննության համար։ 

«Առողջական վիճակիս մասին չէի անհանգստանում, չնայած ոտից և ձեռներից լուրջ վիրավորումներ ունեի։ Մի քանի օր ինձ պառկեցրին Ստեփանակերտի ծննդատան հիվանդասենյակում, վերքերս խնամեցին։ Հետո համոզեցի բժիշկներին, որ լավ եմ։ Պետք է որդուս կողքին լինեի՝ մանկական հիվանդանոցում։ Եթե մնայի ծննդատանը, ինձ չէին թողի որդուս մոտ լինել»,- հիշում է նա։ 

Հոկտեմբերի 1-ին հայրը և համագյուղացիները Մարտունի քաղաքում հողին են հանձնում փոքրիկ Վիկտորյայի մարմինը։ Անահիտը որդու՝ Արծվիկի մոտ էր։ Նրան օգնում էին երկու դուստրերը, որոնք չէին վիրավորվել:

«Չգիտեմ՝ ինչ էի զգում։ Քարացել էի։ Գիտեի, որ պիտի որդուս խնամեի, ես իրեն պետք էի։ Դրա համար էլ ինձ ուժեղ էի պահում, որ չվատանամ։ Ինձ օգնում էին աղջիկներս»,- ասում է Անահիտը։ 

Դստերը հուղարկավորելուց երկու օր անց Իգորը ընտանիքը տեղափոխում է Հայաստան՝ բուժումը շարունակելու։ Անահիտն ու որդին տարբեր հիվանդանոցներում անցնում են վերականգնողական կուրսեր և մի քանի անգամ վիրահատվում։ 

Երկու ամիս անց ընտանիքը վերամիավորվում է Մարտունիում։ Անահիտն առաջին անգամ նոյեմբերի 19-ին այցելում է դստեր գերեզմանին. «Ինձ փրկեց Արծվիկը։ Ես իրեն էի խնամում, մտածում էի, որ գոնե ինքը փրկվի։ Անգամ վերադառնալուց հետո միշտ մտածել եմ որդուս առողջության մասին։ Նա 5 տարեկան էր, երբ սկսեց կրկին ինտեգրվել շրջապատին՝ խաղալ, խոսել, չվախենալ բարձր ձայներից։ Մենք իր վրա էինք կենտրոնացել»,- ասում է նա։ 

Մարտունի վերադառնալուց հետո ընտանիքը հաստատվում է մեկ այլ տանը. փորձում են կրկին կառուցել կյանքը և վերականգնվել։ 

Արծվիկը մոր գրկում է, հաշվում է երկուսի սպիները։ Հայրն ասում է՝ գիտի, թե որտեղից այս վերքերը, բայց հաճախ չեն խոսում այդ մասին։ Նոր էր սկսել վերականգնվել, երբ սկսվեց 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմը:

«Արծվիկը հոր հետ էր, հասցրել են նկուղ վազել։ Ես աղջիկների հետ տանն էի։ Մահու չափ վախեցել էի, մտածեցի՝ էլի մի բան էղած չլինի: Ամուսինս զանգեց ասեց, որ լավ են. հանգստացա»։

Պատերազմը սկսվելուց օրեր առաջ Անահիտը այցելել էր դստեր գերեզման, իսկ վերջին անգամ սեպտեմբերի 27-ին՝ իրենց տունը լքելուց առաջ։ Հայաստանում հաստատվելուց հետո չեն կարողանում հաշտվել իրականության հետ. դստեր գերեզմանին այցելել չեն կարող։ Ամուսինները Վիկտորյայի մարմինն արտաշիրիմում անելու համար որևէ տեղ չեն դիմել, ասում են՝ վստահ են, որ վերադառնալու են։

Այստեղ ընտանիքը հացի փոքր արտադրամաս ունի։ Անահիտը ժամեր է անցկացնում խմորի հետ. միակ միջոցն է, որ ցավը մոռանալ է տալիս։ Ամուսինն էլ օգնում է հաց թխելու գործում։ Որդու փոքր ժամանակվա լուսանկարը, որտեղ զինվորական համազգեստով է, փակցրել են ապակիներից: «Իր համար ենք շարունակում ապրել»,- ասում է հայրը։ 

Փոքրիկ ու սիրունիկ Վիկտորյան. հիշողությունը՝ դպրոցական պայուսակում 

2023-ին, երբ Գևորգյանների ընտանիքը պատրաստվում էր լքել տունը, Անահիտը երկար ժամանակ չէր կողմնորոշվում՝ ինչ վերցնել ի հիշատակ աղջկա։ 

Վիկտորյայի հիշատակի անկյունում սիրած տիկնիկն է, դպրոցական լուսանկարներն ու ծաղիկներ, որոնք Անահիտն ամեն անգամ թարմացնում է։ Աղջկա կարոտն առնում է ձեռագիր տետրերից։ Ասում է՝ դպրոցում բացարձակ գերազանցիկ էր, օրինակելի։ Դպրոցական առաջադրանքները կատարելիս հիմնականում ինքն էր օգնում։ 

Այժմ դստեր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 27-ին, ընտանիքն այցելում է իրենց քաղաքապետի՝ Ազնավուր Սաղյանի գերեզման: «Գոնե մի տեղ կա, որ գնում ենք»,- ասում է հայրը։ 

Շուշան Փափազյան

Անի Գևորգյան

The post Ճամպրուկում պահված մանկություն. տան բակում զոհված Վիկտորյա Գևորգյանի պատմությունը  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте