World News

Պաշտոնական Երևանը խոստովանել է, որ զսպման այլ մեխանիզմ չի տեսնում՝ բացի ադրբեջանական պահանջների հանդեպ լոյալությունից. Բադալյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը Washington Examiner-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և ուշագրավ միտք է արտահայտել, որ «ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ էլ արևմտյան դիվանագետները չեն կարող կանխել ադրբեջանական հետագա ագրեսիան»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իհարկե այդ գնահատականներն շատ հետաքրքիր են մասնագիտական դաշտում հնչած լինելու առումով, բնականաբար այն, որ Ադրբեջանին զսպելու համար չկա մի մեխանիզմ, որ անվերապահորեն կբացառի հետագա էսկալացիան, ցավոք, նորություն չէ, ու հոդվածում, մեծ հաշվով, իրողությունների արձանագրում է: 

Հայաստանում կա այն սպասումը կամ մտայնությունը, որ ցանկության դեպքում արևմտյան երկրները, ԱՄՆ-ն կարող են զսպել Ադրբեջանին: Ցավոք սրտի, մեր հասարակության համար դաս չեն լինում նաև օրինակները, հիշենք ամենախոսուններից մեկը, երբ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Լաչինի միջանցքի փակումից մեկ ամիս անց խոսել էր Ալիևի հետ ու օգտագործել տվյալ ձևակերպումը՝ «հորդորել է անհապաղ բացել ճանապարհը»: 

Հայաստանի հասարակությունը սպասում էր, որ Ալիևը հազիվ մի երկու օր կդիմանա ու կբացի միջանցքը, որովհետև այլևս շանս չունի, բայց մենք տեսանք, թե ինչ եղավ հետո: Այս ամենից հետո Հայաստանի հասարակությունը շարունակում է ապրել պատրանքներով, որ կա մոգական մի մեխանիզմ, որ ցանկության դեպքում կարող է զսպել Ադրբեջանին, բայց նման մեխանիզմ իրականում չկա, ու ամերիկացի մասնագետը փաստացի արձանագրում է այդ հանգամանքը: 

Մեխանիզմ չկա, քանի որ ոչ թե Ադրբեջանն ամենակարող է, Ադրբեջանի դեմ խաղ չկա, այլ որովհետև այս պահին իրավիճակն այնպիսին է, որ, ըստ էության, անվտանգության որևէ մեխանիզմ չի աշխատում, ու միևնույն ժամանակ շատ մեծացել է ապակայունացման միջոցով հարցեր լուծելու տրամաբանությունը, բանաձևը համաշխարհային հարաբերություններում, ու այս ամենը բերում է որոշակի անկանխատեսելիության: 

Մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունն ինքն էլ կամա թե ակամա խոստովանում է այն, ինչ ասում է Ռուբինը, որովհետև ՀՀ կառավարությունը ռիսկերի զսպման մեխանիզմ է ընտրել Ադրբեջանի պահանջների հանդեպ լոյալությունը: Ադրբեջանի պահանջներն ակնհայտորեն մտացածին են, ակնհայտորեն միջամտություն են Հայաստանի ներքին գործերին, ակնհայտորեն հավակնություն են Հայաստանի նկատմամբ, բայց այդ ամենի հանդեպ ՀՀ կառավարությունը որդեգրել է լոյալության բանաձևը, դա բացատրելով նրանով, որ եթե Հայաստանը գնա այդ մտացածին մեղադրանքների առարկության ճանապարհով, ապա դա կբերի էսկալացիայի: Պաշտոնական Երևանը, փաստորեն, կամա թե ակամա խոստովանել է, որ զսպման այլ մեխանիզմ չի տեսնում՝ բացի ադրբեջանական պահանջների հանդեպ լոյալությունից: 

Շատ է խոսվում եվրոպացի դիտորդների մասին, բայց դարձյալ առաջանում է հետևյալ հանգամանքը, որ եվրոպացի դիտորդներն անկարող եղան ապահովել, որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքում՝ Երասխի մոտ, կառուցի այդ մետալուրգիական գործարանը: Ադրբեջանն այնքան կրակեց, չնայած այնտեղ դիտորդներ կային, այնտեղ ԵՄ դեսպաններ գնացին, ԱՄՆ դրոշ բարձրացրին՝ որպես համատեղ ձեռնարկություն, Ադրբեջանը շարունակեց կրակել ու այնքան սպառնալ, որ ՀՀ կառավարությունը այդ գործարանը տեղափոխելու որոշում կայացրեց: Էլ չեմ ասում, որ դիտորդների ուղղությամբ եղան կրակոցներ: 

Այս պայմաններում միամիտ է մտածել, որ եվրոպացի դիտորդներն են Ադրբեջանին զսպում կամ անվտանգությունն ապահովում, այս ամենի ներկայությունը իհարկե լրացուցիչ հնարավորություն է, բայց, կրկնեմ, պատրանքներ են, թե դրանք են զսպում Ադրբեջանին: 

Այս դեպքում Հայաստանը պետք է ինտենսիվ աշխատի իր պաշտպանական կարողությունները բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի ուժային այդ հավասարակշռությունը գա այնպիսի կոնդիցիայի, որ Ադրբեջանը զսպվի հենց դրանով, այսինքն՝ Ադրբեջանին զսպողը կարող է լինել հենց Հայաստանի ուժային հավասարակշռությունը, ու միևնույն ժամանակ աշխատել արտաքին դերակատարների հետ, որպեսզի հնարավոր լինի ստանալ կայունության ինչ-որ միջավայր, դարձյալ՝ ոչ բացարձակ երաշխավորված, բայց հնարավորինս բարձր աստիճան:

«Անվերջ բանակցությունները խրախուսելու փոխարեն՝ Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար Կովկասում խաղաղությունն առաջ մղելու լավագույն միջոցը կլինի բարոյական համարժեքությունից հրաժարվելը, Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելը և Կասպից ծովում ժողովրդավարությանն առաջնահերթություն տալը, այլ ոչ թե՝ բռնապետությունը գովաբանելը», նշում է հոդվածագիրը: Կարո՞ղ ենք ասել, որ նա, ըստ էության, մեղադրում է հավաքական Արևմուտքին Ալիևին չխանգարելու գործում:

– Այս խոսքերը, իհարկե, մեր ականջներին բավական հաճելի են, ես չեմ էլ ուզում կասկածի տակ դնել նրա անկեղծությունը, բայց ամբողջ հարցը հետևյալն է. իսկ ի՞նչ արժեք ունեն այդ խոսքերը արևմտյան ու, տվյալ դեպքում՝ ամերիկյան քաղաքականության ձևավորման գործում, ու որքանո՞վ են դրանք իրատեսական քաղաքականության վերածվելու առումով: Ես կարծում եմ, մեղմ ասած, պատասխանները հազիվ թե նույնքան ականջահաճո լինեն, որքան Ռուբինի այդ խոսքերը: 

Բնականաբար, եթե կա իսկապես խաղաղություն հաստատելու ցանկություն, ապա դրա միջոցը Ադրբեջանի հանդեպ համարժեք քաղաքականությունն է, այն քաղաքականությունն է, որը համարժեք կլինի Ադրբեջանի ագրեսիվ, հավակնոտ, մարդկային ու միջազգային իրավունքների խախտումների հիման վրա հիմնված քաղաքականությանը: 

Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ բոլոր դերակատարներին անխտիր, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Եվրոպային, հայ-ադրբեջանական խաղաղությունը հետաքրքիր է այնքանով, որքանով այդ խաղաղությունը կլուծի իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները կամ կծառայի դրանց ու կնպաստի դրանց առաջմղմանը, իսկ այստեղ առաջանում են արդեն տարբեր շահեր, որոնցում Ադրբեջանը գործընկեր է այդ երկրների հետ, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև՝ Թուրքիան: 

Այս պայմաններում մտածել, թե իրենց գործընկերոջ նկատմամբ կկիրառեն պատժամիջոցային քաղաքականություն, բնականաբար իրատեսական չէ: Բայց սա նորմալ է, նրանք մեղավոր չեն, որ մենք ենք մանկական պատկերացումներով առաջնորդվում, աշխարհաքաղաքականությունը նման պատկերացումները չեն, այլ շահերն են, իսկ այդ շահերի համար շատ դաժան պայքար է:

– Պարո՛ն Բադալյան, այսինքն՝ միակ ճանապարհը ռազմական հավասարակշռության վերականգնո՞ւմն է:

– Մենք պետք է մեզանից ինչ-որ բան ներկայացնենք, որպեսզի նաև որպես գործընկեր դիտվենք, եթե մենք անընդհատ այս խնամակալության ռեժիմում ենք, սրանից-նրանից ենք ակնկալում, որ մեր խնդիրները լուծեն, մենք գործընկերներ չենք գտնելու: 

Պետք է սահմանենք մեր նշաձողերն ու ըստ այդմ գնահատենք այս կամ այն երկրի քաղաքականությունը մեր հանդեպ, որպեսզի մեզ լուրջ ընդունեն, այլ ոչ թե մեր հաշվին ինչ-որ հարցեր լուծեն: Աշխարհաքաղաքական շահերի համար կա շատ կոշտ ու դաժան պայքար, մենք պետք է հասունանանք այդ պայքարում, որպեսզի մեզ լուրջ ընդունեն: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Պաշտոնական Երևանը խոստովանել է, որ զսպման այլ մեխանիզմ չի տեսնում՝ բացի ադրբեջանական պահանջների հանդեպ լոյալությունից. Բադալյան  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте