Կրակում են տների վրա, մարդկանց են տանում, բա ո՞ւր են սահմանապահները, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը. Հայկ Սահակյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը
– Պարո՛ն Սահակյան, ՀՀ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզի երկու անչափահասներ մոլորվել և հատել են Հայաստանի սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ինչպե՞ս կգնահատեք այս միջադեպը անվտանգության տեսանկյունից։
– Այն, որ տեղացին կարող է մոլորվել, մի քիչ աբսուրդ է, այնպես որ, ամենայն հավանականությամբ, նրանց առևանգել են: Սա հետևանք է այն զիջողական քաղաքականության, որ վարում է մեր իշխանությունը: Երբ հիմա նրանք պատրաստակամություն են հայտնում միջազգային հայցերից հրաժարվել, Ադրբեջանն սկսում է իրեն ավելի լկտի պահել: Սա ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների յուրահատկություն է, այլ բոլոր պարագաներում, երբ հանցագործն անպատիժ է մնում իր կատարած հանցագործությունների համար, սկսում է ավելի ազատ նորանոր հանցագործություններ անել:
– Երբ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները մեկնարկեցին, իշխանության ներկայացուցիչները նշում էին, որ անվտանգային խնդիրներ չեն առաջանա, որ սահմանապահներն այնտեղ կվերահսկեն, հիմա հարց է առաջանում՝ սահմանապահների ներկայությամբ ինչպե՞ս է նման բան տեղի ունեցել:
– Իշխանություններն ամենօրյա ռեժիմով ստում են մեզ բոլոր ոլորտներում: Նրանց բնորոշ է հայտարարել մի բան ու ծավալել բոլորովին հակառակ գործունեություն: Այս իշխանությունը չի կարողանում ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովել, դա նորություն չէ, սա նրանց հետևողական քաղաքականությունն է, թե նրանք ի՛նչ շահ են հետապնդում այս քաղաքականության մեջ, չեմ կարող ասել: Կրակում են տների վրա, մարդկանց են տանում, բա ո՞ւր են սահմանապահները, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը: Սա վատ հետևանք է ունենալու սահմանամերձ տարածքներում ապրող բնակիչների վրա, հուսալքություն է առաջացնելու, լքելու են իրենց բնակավայրերը, և այդ տարածքների նվաճումը թշնամու կողմից ավելի հեշտանալու է:
– Պարո՛ն Սահակյան, իսկ հնարավոր չէ՞ սահմանն այնպես կահավորել, որ նման դեպքեր չլինեն:
– Իհարկե հնարավոր է, ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է, եթե այդ ցանկությունը լիներ, կարելի էր այնպես անել, որ Ադրբեջանն այս աստիճանի չհասներ, բայց այդ ցանկությունը չկա: Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, ամեն ինչ այնքան ակնհայտ ու պարզ է, Ալիևն ախր ամեն օր խոսում է այդ մասին, ոչինչ չի թաքցնում, էլ ո՞նց ասի: Մարդը գործողություններով ապացուցում է իր խոսքը, իսկ մեր իշխանության խոսքն ու գործը հակոտնյա են:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Կրակում են տների վրա, մարդկանց են տանում, բա ո՞ւր են սահմանապահները, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը. Հայկ Սահակյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.