World News

Վարչապետն իրավասություն չունի Ամենայն հայոց կաթողիկոս փոխելու կամ այդ նպատակով համակարգող խորհուրդ ստեղծելու. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, Նիկոլ Փաշինյանն առաջարկում է կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար համակարգող խումբ ստեղծել: Իրավական առումով ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, Փաշինյանն ունի՞ նման լիազորություն:

– Դա իր լիազորություններից դուրս գործողություն է, Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀՀ վարչապետ, իրավունք չունի Ամենայն հայոց կաթողիկոս փոխելու կամ այդ նպատակով համակարգող խորհուրդ ստեղծելու: Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը հասկանա, որ ՀՀ վարչապետը չունի նման սահմանադրական իրավասություն, կարող է վաղն էլ այդ մարդը որոշի, որ արևը պետք է մայր մտնի ժամը յոթին, որովհետև իր աչքերը ցավեցնում է: Նման իրավունք նա բացարձակապես չունի: 

– Մարդկանց ո՞վ պետք է ցույց տա, որ Նիկոլ Փաշինյանը չունի նման լիազորություններ:

– Ժողովուրդը պետք է պահանջի, ցույց տա Նիկոլ Փաշինյանին, որ նա նման իրավունք չունի. Սահմանադրության 6-րդ հոդվածում հստակ գրված է՝ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, ինչպես նաև այդ մարմինները իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով: 

ՀՀ Սահմանադրությամբ ու որևէ օրենքով, որևէ դրույթով սահմանված չէ, որ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը կարող է ձևավորել համակարգող խորհուրդ՝ Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելու ու նոր կաթողիկոս ընտրելու նպատակով: Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, որի կազմավորման, ձևավորման, կաթողիկոսին ընտրելու կարգը վերապահված է Գերագույն հոգևոր խորհրդին: Ի սեր Աստծո, պետությունը անջատ է եկեղեցուց: 

– Դե Փաշինյանն ասում է, թե պետությունը վերադարձրել է ժողովրդին, հիմա Եկեղեցին էլ պետք է վերադարձնել:

– Ես չգիտեմ, թե ինքն ում ինչ է վերադարձրել կամ հանձնել, բայց ես կրկնում եմ, որ նա նման լիազորություններ չունի, ես իրավաբան եմ ու պարտավոր եմ իրավաբանական տեքստը, փաստաթուղթը մեջբերել, իսկ ՀՀ Սահմանադրությունը քիչ թե շատ կարդացող կամ ընկալող գիտակից մարդ ծանոթ է Սահմանադրության 6-րդ, 17-րդ,18-րդ հոդվածներին, գործադիր իշխանության, վարչապետի լիազորություններին: 

Ժողովո՛ւրդ ջան, այս մարդը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները: Նույնիսկ եթե կաթողիկոսին պաշտոնանկ անելու ու նոր կաթողիկոս ընտրելու հարյուր տոկոսանոց կոնսենսուս լինի հանրության մեջ, վարչապետը չէ, որ դա պետք է իրագործի, նման իրավասություն նա չունի, էլ ո՛նց բացատրենք, վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի, հետո՞:

– Պարո՛ն Նորիկյան, ստացվում է, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կա՞րգ է տապալում:

– Միանշանակ, նա ՀՀ քրեական օրենսգրքով արգելված, ՀՀ Սահմանադրությամբ՝ վարչապետի լիազորությունները գերազանցող գործունեություն է իրականացնում:

– Արդարադատության նախարարությունից, մյուս պատկան մարմիններից արձագանք ակնկալո՞ւմ եք:

– ՀՀ արդարադատության նախարարությունից ու մնացյալ բոլոր կառույցներից էլ լսվում է մեկ մարդու ձայն, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

– Ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը դիմում, ձեր բնորոշմամբ՝ հակաօրինական քայլերի:

– Չեմ բացառում, որ Հայաստանյայց Եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանափոխության ծրագիր է մոդելավորվել կամ մոդելավորվում: Ենթադրաբար Նիկոլ Փաշինյանը Հայ Եկեղեցուց և Ամենայն հայոց կաթողիկոսից իր իշխանության համար իրական վտանգ է զգացել, հակառակ դեպքում նման համառությամբ չէր պնդի, որ Գարեգին Բ-ն պետք է ազատի վեհարանը։ 

Եթե Փաշինյանը պնդում է, թե Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ու ինքը դա կարող է ապացուցել, որ Գարեգին Բ-ն չէր կարող եպիսկոպոս, արքեպիսկոպոս լինել, չէր կարող ընտրվել և կաթողիկոս լինել, սա նշանակում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մինչև եպիսկոպոս դառնալն է ունեցել երեխա, որի մասին Նիկոլ Փաշինյանը չէր կարող չիմանալ 2018 թ․ մայիսի 8-ից, երբ զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը։

Հետևաբար հարց է առաջանում․ ինչո՞ւ է միայն այսօր Փաշինյանին անհանգստացնում ու մտահոգում Գարեգին Բ-ի զավակ ունենալու հանգամանքը։ Այսինքն՝ յոթ տարի կաթողիկոսը կարող էր կուսակրոնության ուխտը խախտել ու մնալ Ամենայն հայոց կաթողիկոս, յոթ տարի հետո՝ ո՞չ: Այստեղից կարելի է հետևություններ անել, որ նա կա՛մ իշխանության կորստի իրական վտանգ է զգացել, կա՛մ այլ խնդիր կա, որ փորձում է մինչև վերջ համառորեն գնալ:

– Կկարողանա՞ հասնել նրան, որ նոր վեհափառ ընտրվի:

– Ոչինչ չեմ բացառում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Վարչապետն իրավասություն չունի Ամենայն հայոց կաթողիկոս փոխելու կամ այդ նպատակով համակարգող խորհուրդ ստեղծելու. Նորայր Նորիկյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте