World News

Եթե Իրան-Իսրայել ռազմական բախումը խորանա, հետևանքները վտանգավոր կլինեն տարածաշրջանի ու Հայաստանի համար. Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 

– Պարո՛ն Սաֆրաստյան, սպասելի՞ էր Իսրայելի հարձակումը Իրանի վրա, ի՞նչ զարգացումներ են կանխատեսվում:

– Իհարկե կային նախանշաններ, բայց վերջնական այդ մասին ոչ ոք չէր կարող ասել՝ բացի Իսրայելից ու նաև մեկ-երկու պետությունից: Հետագա զարգացումները կախված են Իրանի ռազմական ղեկավարությունից, ելնելով իրավիճակից՝ նրանք կարող են ընդունել ամեն տեսակի որոշում: Այս ժամերին Իրանի ռազմական ղեկավարության կողմից որոշվում է, թե ինչպես արձագանքել Իսրայելի այս հարվածին, որն աննախադեպ ուժեղ էր: 

Եթե Իրանը որոշի արձագանքել, օգտագործելով իր բոլոր հնարավորությունները, ապա դա կնշանակի, որ ռազմական գործողություններն էլ ավելի կսրվեն, էսկալացիա տեղի կունենա, ու պատահական չէ, որ Իսրայելը հայտարարել է, որ եթե Իրանի արձագանքը ուժեղ լինի, ապա իրենք էլ ավելի ուժեղ հարված կհասցնեն Իրանին: Հետևանքների մասին դեռևս չենք կարող գնահատականներ հնչեցնել, որովհետև ամեն ինչ ընթացքի մեջ է, հետևաբար դեռ վաղ է դրա մասին խոսել:

– Ձեր գնահատմամբ՝ ԱՄՆ աջակցություն, համաձայնություն եղե՞լ են այս հարձակման համար: Հետագա լայնածավալ պատերազմի համար ԱՄՆ-ն կտա՞ իր թույլտվությունը:

– ԱՄՆ-ն հայտարարել է, թե տեղյակ չի եղել, բայց ես կարծում եմ, որ դա այդպես չէ, ես չեմ կարծում, թե Իսրայելը կկարողանար սա անել առանց ԱՄՆ հնարավորությունների: Գուցե դա ամենաբարձր մակարդակի չի հասել՝ Սպիտակ տունը որոշում չի ընդունել, բայց ռազմական հրամանատարությունը որոշակի աջակցություն ցուցաբերել է: Իմ կարծիքով՝ ԱՄՆ ստրատեգիական հնարավորություններն օգտագործվել են: 

– Իսկ ձեր կարծիքով ինչպիսի՞ն կլինի Իրանի պատասխանը:

– Դե, պատասխան արդեն տվեց, ուղարկեց բավական մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր, բայց դա իրական պատասխան չէր, այսպես ասած նախերգանքն էր, թե ինչպիսին կլինի հիմնական պատասխանը՝ դեռ պարզ չէ: Իրանն էլ շատ լավ հասկանում է, որ դա իրական հարված չէր Իսրայելին:

– Պարո՛ն Սաֆրաստյան, Հայաստանի ու տարածաշրջանի համար որո՞նք են լինելու հնարավոր հետևանքները, եթե ռազմական բախումը խորանա:

– Դա արդեն վտանգավոր կլինի, որովհետև այդ պարագայում կողմերը կօգտագործեն այն բոլոր հնարավորությունները, որ ունեն: Դա իսկապես վտանգավոր կլինի տարածաշրջանի ու Հայաստանի համար, հետևանքներն անկանխատեսելի կլինեն: 

Կրկնում եմ, որ առաջիկա մի քանի ժամերի ընթացքում Իրանի ռազմական ղեկավարությունը որոշում կընդունի հետագա գործողությունների ծավալների մասին: Այդ որոշումով մեծապես պայմանավորված կլինի նոր աշխարհաքաղաքական իրադրությունը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև հարակից Հարավային Կովկասում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Եթե Իրան-Իսրայել ռազմական բախումը խորանա, հետևանքները վտանգավոր կլինեն տարածաշրջանի ու Հայաստանի համար. Սաֆրաստյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте