ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ հարվածները Իրանի տարածքին՝ կոչ անելով ՄԱԳԱՏԷ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արձագանքել
Հունիսի 22-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումից հետո ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ խիստ դատապարտել է իրականացված հարվածները՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում։
«Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի՝ Իրանի մի շարք միջուկային օբյեկտների դեմ հունիսի 22-ի վաղ առավոտյան իրականացրած հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իրանի դեմ նախորդած գործողություններին»,-ասված է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ ընդգծում է, որ ցանկացած հարված ինքնիշխան պետության տարածքին, անկախ հիմնավորումների բնույթից, խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի նախկին բանաձևերը․
«Մասնավորապես մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ այս հարվածները իրականացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկիր», – նշվում է հայտարարության մեջ։
Ռուսական կողմը նաև նախազգուշացնում է՝ ստեղծված իրավիճակը կարող է բերել նոր էսկալացիայի, խորացնել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խոցելիությունը։
ՌԴ ԱԳՆ խիստ քննադատում է հարվածների հետևանքով միջուկային տարածքներին հասցված վնասը՝ ընդգծելով, որ սա լուրջ հարված է ամբողջ աշխարհում գործող միջուկային զենքի չտարածման ռեժիմին, որը հիմնված է ՉՏԱ համաձայնագրի (NPT) և ՄԱԳԱՏԷ-ի հսկողական մեխանիզմների վրա։
«Անհրաժեշտ է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պրոֆեսիոնալ, հստակ և չեզոք արձագանքը՝ առանց կիսաքաղաքականացված ձևակերպումների։ Պետք է հրավիրվի ՄԱԳԱՏԷ-ի հատուկ նիստ՝ հարցի քննարկման համար»,-նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը նաև ակնկալում է Անվտանգության խորհրդի արձագանքը՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է միասնական կերպով մերժի ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտիչ գործողությունները։
«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ագրեսիան և բոլոր ջանքերը ուղղել իրավիճակի վերադարձին՝ քաղաքական-դիվանագիտական դաշտ»:
The post ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ հարվածները Իրանի տարածքին՝ կոչ անելով ՄԱԳԱՏԷ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արձագանքել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.