ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին
ԱՄՆ-ը հունիսի 22-ի գիշերը առաջին անգամ ռազմական ուղիղ հարված է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին՝ ընդգրկվելով Թեհրանի և Իսրայելի միջև ավելի քան մեկ շաբաթ տևած հակամարտությանը։ Թիրախավորվել են Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային կայանները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է հարվածները՝ հայտարարելով․
«Իրանի՝ ուրանի հարստացման ամենամեծ գործարանները լիովին ոչնչացվեցին։ Լիքը ռումբեր են նետվել։ Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր հզոր ամերիկացի զինվորներին։ Աշխարհում ոչ մի այլ զինվորական դա չէր կարողանա անել»։
Թրամփը նաև հայտարարեց, որ դիվանագիտությամբ հնարավոր չի եղել վերադարձնել Թեհրանին բանակցությունների սեղան, իսկ ռազմական գործողությունների նպատակը Իրանի միջուկային կարողությունների վերացումն էր։
«Սա չի կարող շարունակվել։ Իրանի համար կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ ողբերգություն»,- ասաց նա՝ նախազգուշացնելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է հարվածել նոր թիրախների, եթե Իրանը պատասխան հարվածի գնա։
Ըստ ամերիկյան և իսրայելյան պաշտոնական աղբյուրների՝ հարվածներն իրականացրել են գերգաղտնի B-2 ռմբակոծիչները, որոնք զինված են բունկեր կոտրող 13.500 կգ ռումբերով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգություն է հայտնել հնարավոր էսկալացիայի և տարածաշրջանի խաղաղ բնակչության անվտանգության վերաբերյալ։
Իրանի կողմը հաստատել է, որ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի միջուկային օբյեկտները հարձակման են ենթարկվել, սակայն պնդում է՝ թիրախները լիովին չեն ոչնչացվել, և ուրանի հարստացումը կշարունակվի։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսության, սակայն չի դադարեցնի միջուկային ծրագիրը։ Արտգործնախարար Արաղչին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը «շատ վտանգավոր կլինի բոլոր կողմերի համար»։
The post ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.