World News

Կրթվելը նորաձև է, թափանցիկությունը՝ ոչ. փորձագետները կոռուպցիոն ռիսկեր են տեսնում պետական ֆինանսավորմամբ քարոզարշավում

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» ընկերության հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի համար անտրամաբանական է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից «Կրթվելը նորաձև է» շարժմանը պետբյուջեից տրամադրվող գումարի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը: 

Հոկտանյանի համար անհասկանալի է, թե ինչու «կրթարշավ-քարոզարշավը պետք է ֆինանսավորվի պետբյուջեի միջոցներից»՝ այն պարագայում, երբ բոլորին հայտնի է, որ դա նախաձեռնել է Աննա Հակոբյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակներում:

«Ի՞նչ է, այդ հիմնադրամը այլ միջոցներ չունե՞ր, որ դա պետք է պետական գումարներով արվի, մի քիչ տարօրինակ է մեղմ ասած, ու էթիկայի խնդիր եմ տեսնում: Այդ քարոզարշավն իր բնույթով նախ չպետք է պետական լիներ, եթե պետք է պետական լիներ՝ ի՞նչ գործ ուներ «Իմ քայլը» հիմնադրամը դրանում»,- հարց է ուղղում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության հակակոռուպցիոն փորձագետը:

Հիշեցնենք, որ «Կրթվելը նորաձև է» կարգախոսով մեկնարկած նախաձեռնության՝ պետական միջոցներից սնվելու մասին տեղեկությունները հրապարակայնացվեցին օրեր առաջ, երբ լրագրողների հարցերին ի պատասխան վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ծրագիրը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին․ «Այո՛, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով»:

Նախաձեռնությունը, որի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում անցկացվում են հանդիպումներ, դասընթացներ և բանախոսություններ, ներկայացվում է սոցիալական ցանցերում կարճ հոլովակների տեսքով, որոնք ուղեկցվում են էպիկական երաժշտությամբ, հիմնականում մակերեսային են և գրեթե ոչինչ չեն ասում բովանդակության մասին։

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության իրական բյուջեի չափը՝ մարզային այցելությունների, միջոցառումների և այլ ծախսերի մասով, մնում է անհայտ։ Վարչապետի աշխատակազմի այս տարվա բյուջեն կազմում է ավելի քան 24 միլիարդ դրամ՝ շուրջ 60 միլիոն դոլար, և ներառում է մի շարք ծրագրեր՝ հասարակական կազմակերպությունների աջակցությունից մինչև վարչապետի լիազորությունների իրականացում և հանրային իրազեկում։

Իսկ ֆինանսավորման թափանցիկության բացակայությունը հատկապես տեսանելի դարձավ այն պահից, երբ պարզ դարձավ, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման ֆինանսավորման մանրամասները դասվում են պետական գաղտնիքների շարքին։

Տարբեր լրատվամիջոցներին ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից պարզաբանել են, որ նախաձեռնության համար իրականացվող ծախսերը կատարվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի շրջանակում, և այդ ծառայությունները ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ինչը դրանք դարձնում է ոչ հրապարակելի։

«Իրենք հարցին մոտեցել են շատ ֆորմալ ձևով, եթե վարչապետը մասնակցում է, ուրեմն արարողակարգային ծախս է, այսինքն՝ հղում են արել «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածին, որ պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում են նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերը։ Զուտ ֆորմալ առումով նորմալ է, բայց բովանդակային խնդիր կա՝ ինչի՞ն է մասնակցում վարչապետը, մասնակցում է մի բանի, որն իր գործառույթների մե՞ջ է մտնում»,- «Մեդիալաբիին» ասում է Վարուժան Հոկտանյանը:

Հոկտանյանի խոսքով՝ տարակուսելի է նման պատասխանը, քանի որ անգամ այս պարագայում պետք ներկայացվեր այդ ծրագրի ծախսերի նպատակը, հիմնավորում պետք է լիներ, որ հասկանայինք՝ ինչի վրա են ծախսում այդ գումարները:

«Սա այն արատավոր պրակտիկան է, որ կար նաև մինչև հեղափոխությունը, այսինքն՝ ոչինչ չփոխվեց, գաղտնիքի անվան տակ ինչ ուզում անում են, բնականաբար այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր»,- նշում է Վարուժան Հոկտանյանը:

Երևանի բնակիչ, 53-ամյա Նունե Մխիթարյանի համար ևս անհասկանալի են իշխանության նման վերաբերմունքը և գաղտնիությունը: 

«Փաշինյանը երբ եկավ իշխանության, խոսում էր թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի և հարյուր հազարավոր մարդկանց ականջին հաճելի բաների մասին, բայց, փաստորեն, կարելի է մարդկանց դժվարությամբ աշխատած և պետբյուջե վճարած հարկերը հանգիստ ծախսել ու ոչ մեկին էլ ցույց չտալ, թե ինչ են արել: Ինչո՞ւ, կարելի՞ է մարդկանց այդքան զրոյացնել ու հետո խոսել ժողովրդի մասին»: 

61-ամյա Հակոբ Գալստյանը համոզված է՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության ֆինանսավորման գաղտնիությունը լրջորեն հակասում է հանրային հաշվետվողականությանը։ Նրա խոսքով՝ փակ դահլիճներում անցկացվող միջոցառումների համար պետական միջոցների օգտագործումը անընդունելի է։

«Սա հանրային միջոցների վատնում է, երբ հարցերի դեպքում իշխանությունները պարզապես պատսպարվում են՝ «մեզ ժողովուրդն է ընտրել» վահանով։ Ժողովուրդն ընտրել է, բայց եթե այսպես շարունակեն՝ վաղն էլ չի ընտրի: Ո՞ւր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը, սա՞ էր պայքարը»,- ասում է նա։

Իսկ հունիսի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այս քննադատություններին՝ պատճառաբանելով, որ արշավը իր գործունեության մի մասն է։

«Դա ՀՀ քաղաքացիների հետ, մեր ժողովրդի հետ խոսակցություն է հանգիստ, դահլիճային պայմաններում։ Դա ՀՀ վարչապետի գործունեության մի մաս է, և ՀՀ վարչապետի գործունեությունը չի կարող ֆինանսավորվել այլ աղբյուրից, բացի Հայաստանի պետական բյուջեից։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ այն հանդիպումներին, որտեղ ես՝ ՀՀ վարչապետս, չեմ մասնակցում, դրանք պետական բյուջեից չեն ֆինանսավորվում»։

Սակայն այս պարզաբանումը չի փարատում օդում մնացած հարցերը։ Մինչ օրս անհայտ է, թե կոնկրետ որքան բյուջե է հատկացվել նախաձեռնությանը, ինչ սկզբունքներով են բաշխվում գումարները, և ինչպես է վերահսկվում ծախսերի թափանցիկությունը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ նման մոտեցումն անընդունելի է ոչ միայն կոռուպցիոն ռիսկերի, այլև փաստացի՝ օրինականացված կոռուպցիայի տեսանկյունից։ «Իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի կոռուպցիան օրենքի տեսքով ընդունելի դարձնեն»,- ընդգծում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահը։

«Կատարվողը պետք է հուշի Նիկոլ Փաշինյանի ընտրողներին ու սատարողներին, թե ինչպես են այս մարդիկ օգտագործում բազմազան հնարքներ՝ կոռուպցիան օրինականացնելու համար: Սա չի կարող պետական գաղտնիք լինել, մենք պետք է իմանանք, թե այս արշավը, որի ընթացքում բազմաթիվ դրվագներով ոչ ճշգրիտ ու մարդկանց մոլորեցնող տեղեկություն է մատուցվում, ինչքա՛ն է արժենում հարկատուներիս վրա»,- «Մեդիալաբին» ասում է Նինա Կարապետյանցը:

Նրա գնահատմամբ՝ վարչապետի աշխատակազմի պատասխանում չկա հիմնավորում, այն, Կարապետյանցի խոսքով՝ անլուրջ է և անհեթեթ: Իրավապաշտպանը տարակուսում է, թե ինչպես է ստացվում, որ մյուս բոլոր ՀԿ-ները պետք է հաշվետու լինեն պետության ու հասարակության առաջ՝ ցույց տալով իրենց ֆինանսավորման աղբյուրները, ծրագրերի նպատակները, իսկ Աննա Հակոբյանի մասնավոր հիմնադրամը՝ ոչ:

«Զրո հաշվետվողականություն, արհամարհանք սեփական ժողովրդի, պետական օրենքների ու Սահմանադրության նկատմամբ: Սա կոռուպցիայի դասական դրսևորում է, այս ամենին հասել ենք քաղհասարակության «շնորհիվ»: Մեր քաղհասարակությունը, ցավոք սրտի, դարձավ այս իշխանության պրոպագանդիստն ու սազանդարը, չկա վերահսկողություն: Այս իշխանությունն ունի սեփական «քաղհասարակությունը» ու անհրաժեշտության դեպքում նրանց է ներկայացնում միջազգային գործընկերներին, վերջիններս էլ հալած յուղի տեղ են ընդունում սրանց ասածները»,- նշում է Նինա Կարապետյանցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ գործող իշխանությունը փաստացի ինչ ուզում անում է, ինչպես նախկին իշխանությունը՝ «ինչքան ուզում այնքան խփում էր»:

«Այս իշխանությունը դարձավ այն հրեշը, որի դեմ մարդիկ դուրս էին եկել 18 թվականին, շատ դեպքերում ավելի վատը, քան նախկիններն էին: Կասկածից դուրս է, որ այլևս ավտորիտար երկիր ենք, բայց ակնհայտորեն գնում ենք դեպի դիկտատուրա, ու Նիկոլ Փաշինյանն ու իր «քաղհասարակությունը» ամեն ինչ անում են, որ մեր երկիրը դասվի դիկտատորական երկրների շարքին»,- նշում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Կրթվելը նորաձև է, թափանցիկությունը՝ ոչ. փորձագետները կոռուպցիոն ռիսկեր են տեսնում պետական ֆինանսավորմամբ քարոզարշավում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте